04.10.2019 11:23

Թրամփը Չինաստանին կոչ է արել հետաքննել Բայդենների գործունեությունը

Թրամփը Չինաստանին կոչ է արել հետաքննել Բայդենների գործունեությունը

ԱՄՆ կոնգրեսում դեմոկրատները հայտարարել են, որ կարող են պաշտոնապես իմպիչմենտ հայտարարել նախագահին արդեն առաջիկա ամիսներին։ Սակայն ի հեճուկս աղմկալի քաղաքական սկանդալի՝ Դոնալդ Թրամփը կարող է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին և, հանրապետականների կարծիքով՝ հեշտությամբ հաղթել։

Հինգշաբթի օրը Թրամփը նոր հայտարարությամբ է հանդես եկել, որը ոչ պակաս զարմանք է հարուցել Վաշինգտոնում։ Սպիտակ տան հարավային բացատում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ոչ միայն հաստատել է, որ իսկապես դիմել է Ուկրաինայի իշխանություններին՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի  և նրա որդու՝ Հանթերի դեմ հետաքննություն սկսելու խնդրանքով, այլև Պեկինին է կոչ արել սկսել նույնպիսի մի հետաքննություն։

«Արժե, որ Չինաստանը հետաքննություն սկսի Բայդենների վերաբերյալ, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ Չինաստանում, մոտավորապես նույնքան վատ է, որքան այն, ինչ եղավ Ուկրաինայում»,- հայտարարել է Թրամփը։

Թրամփի կարծիքով՝ Բայդենները Ուկրաինայում և Չինաստանում կոռուպցիոն գործունեություն են վարել։

Լրագրողները նրան խնդրել են մանրամասնել՝ արդյո՞ք նա ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին դիմել է համապատասխան խնդրանքով։

«Ոչ, բայց ակնհայտ է, որ դա հենց այն է, ինչի մասին մենք պիտի մտածենք», -պատասխանել է Թրամփը։

Փոխանցում է BBC-ն։