04.10.2019 14:11

Ուկրաինայի ԿԳ նախարար․ Բոլոր ռուսալեզու դպրոցները կանցնեն ուկրաիներենի

Ուկրաինայի ԿԳ նախարար․ Բոլոր ռուսալեզու դպրոցները կանցնեն ուկրաիներենի

Մեկ տարի անց՝ 2020 թ․ սեպտեմբերից, Ուկրաինայում բոլոր ռուսալեզու դպրոցները կանցնեն պետական լեզվով՝ ուկրաիներեն կրթության։ Այդ մասին հեռուստատեսությամբ հայտարարել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Աննա Նովոսադը։

«Ուկրաինայում դեռ կան ռուսալեզու դպրոցներ, սակայն 2020 թ․ սեպտեմբերից նրանք անցնում են ուկրաիներենով կրթության։ Եվրամիության լեզուներին պատկանող փոքրամասնությունների լեզվով դասավանդող դպրոցները ուկրաիներենի կանցնեն 2023 թ․ սեպտեմբերից։ Երկու դեպքում էլ մենք պետք է նախապատրաստվենք այդ անցմանը»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ Նովոսադն առաջարկել էր դպրոցական դասագրքերից հանել ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների վերաբերյալ բոլոր հիշատակումները։

«2013-2014 թթ․ հեղափոխությունը և դրանից հետո սկսված պատերազմը փոխել են հասարակության գիտակցությունը, և դա պետք է արտացոլվի մեր դպրոցական ծրագրերում, դասագրքերում, ուսուցչի դասավանդման մեթոդներում,- հայտարարել է նախարարը։- Արդեն հինգ տարի է անցել, մինչդեռ շատ դասագրքերում դեռ գրվում է, թե Ռուսաստանը Ուկրաինայի բարեկամն է։ Այստեղ շատ բան պետք է փոխվի»։

Փոխանցում է tass.ru-ն։