04.10.2019 15:32

Սերժ Սարգսյան. Վազգեն Մանուկյանը ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան

Սերժ Սարգսյան. Վազգեն Մանուկյանը ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան

Հանրային խորհրդի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանը լծված նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որտեղ պնդում է, թե «իշխանության վարած քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչը մեծացրել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը. բազմապատկվել են արտաքին քաղաքական մարտահրավերները»:

Նա նաեւ այլ «մտահոգություններ» է հայտնել` «ատելության մթնոլորտի», դատարանների դեմ «ոտնձգությունների», «Մարտի 1-ի դատավարությունը քաղաքական հարթություն տեղափոխելու», «մենիշխանության հաստատման» մասին:

Վերջում էլ հայտարարել է, թե քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ անհատները, պետք է ջանքեր գործադրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, իսկ իր ղեկավարած «Վերնատուն» ակումբն էլ (որի անդամների մեծ մասը էլի քոչարյանամերձ անհատներ են) խնդիր է դրել դառնալ հասարակական–քաղաքական հարթակ, որը «կարող է նպաստել վերը նշված խնդիրների հաղթահարման շուրջ առողջ միջավայրի ձևավորմանը և հանրային կոնսոլիդացիային»։

Ընդհանրապես, եթե այս հայտարարության հեղինակը Մանուկյանը չլիներ, այն կարելի էր այլ դիտանկյունից կարդալ` հասկանալու համար բարձրաձայնող անձի մտահոգությունները: Բայց այս պարագայում ամեն ինչ այնքան պարզ է ու բացահայտ, որ հստակ երեւում է՝ մարդը բարձրաձայնում է, որ որոշել է միավորվել քոչարյանասատար անձանց եւ ուժերի հետ` իշխանափոխության հույսով: Սա է Մանուկյանի տեքստի միակ ու իրական մեսիջը, եւ բովանդակային քննարկման որեւէ այլ իմաստ չկա, որովհետեւ պատմությունը ցույց է տվել, որ սովորաբար Մանուկյանը ունենում է այլ քաղաքական նպատակներ, բայց դրանք քողարկում է այլ բովանդակությամբ, եւ հետո, երբ իր նպատակներին հասնում է` մոռանում է իր իսկ հնչեցրած տեքստերի մասին:

Այսօր պատերազմ գուժող Մանուկյանը, ի դեպ, առաջին անգամ չէ, որ նման բան է անում: Նույնատիպ գրոհ նա ժամանակին Սերժ Սարգսյանի դեմ էր սկսել, մինչեւ որ, ի վերջո, վերջինիս կողմից նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ, ու հենց այդ ժամանակ էլ պարզվեց` ի՞նչ, պարզվեց, որ Սերժ Սարգսյանը մի հիանալի անձնավորություն է:

Մեկնաբանություններ չենք անի, միայն հիշեցնենք մի քանի ուշագրավ դրվագներ:

2007 թվականի ԱԺ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Ամեն ջանք գործադրելու եմ, որ այս ընտրությունները լինեն ազնիվ, ազատ, արդար, թափանցիկ: Եվ ոչ միայն ես՝ իշխանությունները շատ լուրջ մտադրված են այդպես վարվելու»:

Ի պատասխան` Մանուկյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է. «Եթե իշխանության մեջ գտնվող մարդն ասում է, թե առաջիկա ընտրությունները պետք է լինեն ավելի ազնիվ՝ ինքը կա՛մ իդիոտ է, կա՛մ տականք»:

Կարճ չանցած՝ Սերժ Սարգսյանը հակադարձում է. «Իդիոտը ի՛նքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել եւ ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»:

Չեք հավատա, բայց Սարգսյանի այս հայտարարության առիթով Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարում է, թե չի լսել Սարգսյանի ելույթը: «Կլսեմ՝ նոր կպատասխանեմ: Բայց ամեն դեպքում, ուզում եմ հասկանալ. 2003-ի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը մի պնդում արեց, որի հետ բացարձակ համաձայն չեմ: Բայց նա պատճառաբանեց, թե կեղծիքները համապատասխանում են մեր ժողովրդի մենթալիտետին: Հիմա ուզում եմ հարց տալ՝ անցած 4 տարում այդ ի՞նչ կտրուկ փոփոխություններ են եղել «մենթալիտետի» մեջ»:

 

Մանուկյանը Սարգսյանին «կոշտ» արձագանքում է արդեն ԱԺ ընտրություններից հետո` մայիսի վերջին, երբ քաղաքական դաշտը փաստացի նախապատրաստվում էր 2008-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին.  հիշեցնենք, որ ընտրությունները մայիսի սկզբին էին կայացել:

 

Նախ՝ 2007-ի մայիսի 16-ին Մանուկյանը հայտարարում է. «Այս ընտրություններից հետո ես տեսնում եմ մի գագաթ, և դա 2008-ին նախագահական ընտրություններում հաղթելն է: Ես արդեն հայտարարել եմ, որ իմ թեկնածությունը դնելու եմ և գնալու եմ հաղթանակի»:

Արդեն պարզ էր, որ իշխանությունների թեկնածուն էլ Սերժ Սարգսյանն է լինելու, եւ որ իշխանությունները բոլոր ջանքերը պիտի գործադրեն նրա հաղթանակի համար:

Եւ ահա, մայիսի 30-ին Մանուկյանը հրապարակ է հանում իր «գաղտնի զենքը»` գուժում է վերահաս պատերազմի վտանգի մասին, այն, ինչ հայտարարում է այսօր:

Մեջբերենք.

«Ովքեր նախագահական ընտրություններին քվեարկելու են Սերժ Սարգսյանի համար, նրանք քվեարկելու են պատերազմի համար: Եթե 2008թ. Սերժ Սարգսյանը դառնա նախագահ, ապա Հայաստանում կլինի այնպիսի մոնոպոլ իշխանություն, որ դեռ չի եղել: Կլինի այս նույն վիճակի շարունակությունը. նույն ձեւի կեղծիքներ, նույն կոռուպցիան: Հայաստանը տանուլ կտա Անդրկովկասում: Ադրբեջանում կա Ալիեւ, որը ծնվել է թագավորի ընտանիքում եւ ավարտել է ՄԳԻՄՕ, բազմաթիվ կապեր ունի, Վրաստանում Սահակաշվիլին է, որը միջազգային կապեր ունի, միջազգային կրթություն է ստացել, իսկ Հայաստանում` երեկոյան բանասիրական ավարտած Սերժ Սարգսյան: Իրենք իրար հետ բանակցություններ են վարելո՞ւ: Իրար հավասար են զգալո՞ւ: Անհեթեթություն է, ինչն էլ կբերի պատերազմի: ...

Սերժ Սարգսյանի հաղթանակը երաշխավորված կլինի այն դեպքում, եթե նրա «խորամանկությունը» աշխատի: ՀՀԿ-ն, որը մեծամասնություն է ձեւավորել ԱԺ-ում, դասական քաղաքականության տեսակետից կարող է ձեւավորել միանձնյա կառավարություն, սակայն այսօր պորտֆելներ է առաջարկում այլ կուսակցությունների: Իսկ նպատակը մեկն է` ամեն ինչ անելու են, որ նախագահականի ժամանակ մեկ փուլից հաղթեն: Դրա համար հարկավոր են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, դրսից` ՄԱԿ-ի ձայները: Եթե ինքն իր հանրապետականների 32 տոկոսին ավելացնի «Բարգավաճ»-ի տոկոսը, Դաշնակցության տոկոսը, ՄԱԿ-ի եւ մի քանի այլ կուսակցությունների տոկոսները, ֆորմալ տեսակետից եթե այս կեղծված ընտրությունների տոկոսները գումարես, կստացվի մոտ 60 տոկոս ձայն: Ինքը նույն ձեւով կանցկացնի 2008 թվականի ընտրությունները ու կասի՝ ինչ կեղծիք, այդ կուսակցությունները 2007-֊ին հենց այդքան էլ հավաքել էին: Հասկանալի է նրա խորամանկությունը եւ կուսակցությունների «նաիվությունը», որ մտնում են այս խաղի մեջ»:

Ահա այսպիսի հռետորաբանությամբ էր Մանուկյանը պատրաստվում 2008 թվականի նախագահական ընտրություններին` հայտարարելով, որ ընդդիմության ամենահարմար թեկնածուն ինքն է, հույսով, որ ընտրությունների շեմին այլ թեկնածուները կհասկանան, որ ընտրվելու շանս չունեն, եւ կհանեն իրենց թեկնածությունը` հօգուտ ընդդիմադիր առանցքային թեկնածուի, կամ դա կանեն երկրորդ փուլի ժամանակ:

Բայց պատերազմագուժ Մանուկյանի հռետորաբանությունը փոխվում է արդեն աշնանը, երբ առաջադրվելու մասին հայտարարում է Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ի դեպ, ամիսներ առաջ Մանուկյանը հայտարարում էր, որ դիտարկում է նաեւ այնպիսի տարբերակ, որ հանուն պետության ինքը կհանի իր թեկնածությունը` ավելի ուժեղ ընդդիմադիր թեկնածուի համար, թեեւ այդպիսի թեկնածու չի տեսնում:

Եւ ահա, Սերժ Սարգսյանից վտանգ տեսնող Մանուկյանը ամբողջ քարոզարշավի ընթացքում փաստացի «աշխատում է» ոչ թե Սարգսյանի, այլ նրա հիմնական մրցակից Տեր-Պետրոսյանի դեմ՝ ըստ պաշտոնական տվյալների ստանալով 1,3 տոկոս կամ` 21075 ձայն:

Նախագահական ընտրություններից շատ չանցած` 2008 թվականի հուլիսին, Սերժ Սարգսյանը ստեղծում է մի կառույց, որի քաղաքական անհրաժեշտությունն ու իմաստավորվածությունն առայսօր էլ հասկանալի չէ: Բայց այդ խորհրդի նախագահ է դառնում Վազգեն Մանուկյանը, եւ վերջինս առհավետ մոռանում է, որ Սերժ Սարգսյանը «երեկոյան բանասիրականն» է ավարտել եւ չի կարող բանակցել ՄԳԻՄՕ ավարտած եւ այտեղ դասավանդած Իլհամ Ալիեւի հետ, պարզվում է, որ Սարգսյանը մի հիանալի դիվանագետ է, եւ այսօր, երբ նա հրաժարական է տվել, երկիրը, փաստորեն, էլի կանգնած է պատերազմի շեմին` էլի իշխանության մեղքով:

Իսկ ընդհանրապես, ապշել կարելի է, թե ինչպիսի ոգեւորությամբ են Քոչարյանին մոտ կանգնած քաղգործիչները, վերլուծաբանները եւ լրագրողները գուժում հնարավոր պատերազմը, ասես` սպասում են անհամբեր, որպեսզի այդ նեղ պահին կարողանան պայքարել իշխանության համար, չէ՞ որ դա անել չեն կարող խաղաղ պայմաններում, որովհետեւ չունեն դրա համար անհրաժեշտ ամենակարեւոր ռեսուրսը` հանրային աջակցությունը: