Վատիկանը գուցե չեղարկի հոգևորականների ամուսնանալու արգելքը

Վատիկանը պատրաստ է քննարկելու ամուսնացած կաթոլիկների ձեռնադրության գաղափարը, բայց միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Հարավային Ամերիկայի հնդկացիներին:
Կաթոլիկ եկեղեցու ապագան Բրազիլիայի առանձին շրջաններում, որտեղ ջունգլիների բնակիչները հոգևորական են տեսնում հաճախ տարին մեկ, առիթ է դարձել սինոդի հատուկ համաժողով հրավիրելու՝ նվիրված Ամազոնիային:
Ամազոնյան սինոդը կշարունակվի երեք շաբաթ: Ֆրանցիսկոս պապը և Հարավային Ամերիկայի 184 եպիսկոպոսներ, ինչպես սպասվում է՝ թեժ քննարկումներ կանցկացնեն ընդհանրապես Ամազոնիայի խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ անտառների հատման հարցով, որը, գիտնականների պնդմամբ՝ էապես ազդում է գլոբալ տաքացման վրա:
Սինոդի աշխատանքային փաստաթուղթը նման է ՄԱԿ-ի բանաձևի նախագծի՝ օրակարգում են և՛ միգրացիան, և՛ ուրբանիզացիան, և՛ էկոլոգիան, և՛ տարածաշրջանի բնիկների շրջանում կաթոլիկ եկեղեցու միսիոներական դերակատարումը:
Կուսակրոնությունը չեղարկելու վերաբերյալ կետը փաստաթղթում մեծ ուշադրության է արժանացել: Սակայն առաջարկը վերաբերում է բացառիկ դեպքերի. բնիկ համայնքներում առաջարկվում է ծառայության վերցնել առավել տարեց, հեղինակավոր տղամարդկանց, գերադասելի է՝ տեղացիների, եթե անգամ նրանք ամուսնացած լինեն:
Տարբեր երկրներից ժամանած եպիսկոպոսները պաշտպանում են կադրային ճգնաժամից դուրս գալու այդ տարբերակը: Ամազոնիայում հոգևորականների խիստ պակաս է զգացվում, մինչդեռ միայն հոգևորականը իրավունք ունի հաղորդության ծես անցկացնել, որը յուրաքանչյուր պատարագի առանցքային բաղադրիչներից է:
Փոխանցում է BBC-ն: