Երեւանում մեկնարկել է WCIT 2019 համաժողովը
Երեւանում այսօր իր աշխատանքներն է սկսել «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը. այն կանցկացվի մինչեւ հոկտեմբերի 9-ը։
Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից: Համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Համաժողովի փաստացի մեկնարկը տրվել է երեկ երեկոյան՝ Հանրապետության հրապարակում կայացած տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախմբի համերգով: Նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Ուշագրավ է, որ հենց այդ համերգի ընթացքում աշխարհում առաջին անգամ նվագախումբը կատարեց արհեստական բանականության կողմից հենց տեղում ստեղծած երաժշտություն: Երաժշտությունը ստեղծվել էր հայկական շարականների հիման վրա:
Համերգին ելույթ է ունեցել նաեւ աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:
Համաժողովին մասնակցելու համար Հայաստանում են ոչ միայն ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների կարեւոր ներկայացուցիչներ, այլեւ՝ հայտնի հայեր. Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Յուրի Ջորկաեւֆը: