07.10.2019 16:12

Լիզա Ճաղարյան. Ինչ ցանել է, դա էլ հնձում է

Լիզա Ճաղարյան. Ինչ ցանել է, դա էլ հնձում է

Կարդացի, թե ովքեր են ստորագրել ի պաշտպանություն Ռ. Քոչարյանի հայտարարության տակ, ու քիչ էր մնում խղճայի մեղադրյալին։

Հայաստանի քաղաքացիները վաղուց գիտեն, որ մեղադրյալն այնպիսի հետք է թողել մեր պետության կյանքում եւ հասարակության հոգում, որ նրա պաշտպանների շարքում հանրության հարգանքը վայելող մարդ գտնելը գրեթե անհնար է (ճարահատյալ ստորագրող խնամիական առնչություն ունեցողներին «ըմբռնումով մոտենանք», իսկ մինչ օրս քիչ թե շատ հարգանք վայելողներին խորապես ցավակցենք)։

Այս ցուցակն անգթորեն ի ցույց դրեց Քոչարյանի աննախանձելի վիճակը։

Ի՞նչ է շահում ռոբասերժական տարիներին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների «դրոշակակիր», ոչ անհայտ Բազազ-Ռոբերտ Մելքոնյանի, Հոկտեմբերի 27-ի կրկնությամբ «վախեցնող» բանսարկու եւ հասարակության արգահատանքը բերնեբերան «վայելող» Գառնիկ Իսագուլյանի, Հայաստանից Արցախ փոխադրված քաղաքացուն «գյալմա» որակող Ժաննա Գալստյանի, իր չսիրած հայաստանցիների առջեւ Արցախի «սահմանը փակող» եւ պատեհ-անպատեհ Հայաստանի ներքին գործերի մեջ անթույլատրելի ու ամբարտավան բառապաշարով քիթը խոթող եւ ինքն իրեն օրենքից վեր հայտարարող Վիտալի Բալասանյանի ստորագրություններով։

Ի՞նչ հաջողություն է ակնկալում 2008-ին այս նույն Քոչարյանի գործը Հաագայի դատարանում քննելու համար ստորագրություններ հավաքող, իսկ այսօր նույն մեղադրյալի «աննկուն» պաշտպանների շարքը համալրած Դավիթ Շահնազարյանի անվամբ «զարդարելով»։

Ի՞նչ հույսեր են փայփայում մեղադրյալի համար՝ Արամ Հարությունյան կոչեցյալի անունն այդ ցուցակում դաջելով. ո՞վ չգիտի, որ այս արարածն իր «քաղաքական» գործունեության ողջ ընթացքում փետրաթափ կկվի նման բնից բույն է թռել՝ ճղճիմ շահերով առաջնորդվելով, եւ եթե սրա անունը պատմության մեջ նույնիսկ մնա, ապա միայն այն նողկալի միջադեպով, թե ինչպես մարմնական վնասվածք հասցրեց 80-ն անց տատիկին։ Եվ ի դեպ՝ մինչ օրս անպատիժ է մնացել։

Ամենակարկառուն Զորի Գայկովիչին չմոռանանք։ Էս մարդը հրճվանքով պարծենում էր, որ Հայաստանը գրավել են արդեն, ու հեչ զարմանալի չէ, որ հիմա տեսնում է՝ Հայաստանն իր նմանների ձեռներից գնում է, ու «գրավողի» թիկունքին է կանգնում։

Թե՞ հանրությունն ակնածանքից կուչ է գալու քսան տարի շարունակ ռոբասերժական հանցագործ «արդարադատության քերթողահայր» Դավիթ Հարությունյանի, Հայաստանի անկախությունից ի վեր քամելեոնի պես ծիածանի բոլոր գույներով հանդես եկած «քաղաքական» չարչիների անունները կարդալով։

Ծախու գրչակների անուններն է՞լ հիշատակեմ, հատկապես այն արարածների, որ օրուգիշեր Հայաստան պետության դեմ «դրսից տղա բերելու» գործին են լծված ու չեն խորշում ամենաստոր վիրավորանքներ հասցնել Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց «խերոսին» մերժելու եւ ազատ կամքով ընտրություն կատարելու համար։

Թե՞ լրագրող ծեծելու ու լրագրողի գլխին բաժակով խփելու սպառնալիքով պատմության աղբանոցում իր արժանի տեղը գրաված Ռուբիկ Հակոբյանի անունը կարդալուց հետո ենք ամոթից գլուխներս կախելու, որ Քոչարյանի արդար պատիժն ենք երազում։

Դե, մնացած դաշնակների մասին չխոսենք. նմանը նմանին է գտնում, եւ Քոչարյանն ու «ընկերներն» իրար վաղուց են գտել, եւ ոճրագործությունների մեծ մասն էլ մեղադրյալի հետ ուս ուսի են ի կատար ածել։

Միով բանիվ։

Ինչ ցանել է, դա էլ հնձում է մեղադրյալ Քոչարյանը, եւ ես չեմ խղճում նրան։

Այս հայտարարության տակ ստորագրողների նկարագիրն ընդամենն ավելի ամրապնդեց Հայաստանի քաղաքացիների հաստատակամությունը՝ մեղադրյալ Քոչարյանը պետք է բանտախցում սպասի իր դատավճռին։