07.10.2019 16:25

ԱՄՆ-ում կարտաշիրմեն գանգստեր Ջոն Դիլինջերի մարմինը

ԱՄՆ-ում կարտաշիրմեն գանգստեր Ջոն Դիլինջերի մարմինը

Ինդիանա նահանգի իշխանությունները թույլ են տվել արտաշիրմել 30-ական թթ. ամերիկյան նշանավոր գանգստեր Ջոն Դիլինջերի մարմինը: Դա պահանջել են նրա ազգականները, որոնք համոզված են, որ Ինդիանապոլիսի Քրաուն-Հիլ գերեզմանատանը ուրիշ մարդ է թաղված:

Ընդունված վարկածի համաձայն՝ Դիլինջերին Չիկագոյում, թատրոնում գնդակահարել են ՀԴԲ աշխատակիցները, որից հետո նրա դին հուղարկավորվել է նահանգի մայրաքաղաքում:

Գերեզմանատան ղեկավարությունը դատարանում բողոքարկել է Ինդիանայի առողջապահության վարչության թույլտվությունը, ուստի արտաշիրմումը կարող է հետաձգվել կամ առհասարակ արգելվել, սակայն այս պահի դրությամբ՝ այն նշանակված է 2019 թ. դեկտեմբերի 31-ին:

Դիլինջերի զարմիկն ու զարմուհին համոզված են, որ 1934 թ. Չիկագոյի Biograph թատրոնում սպանվել է բոլորովին ուրիշ մարդ: Նրաց ասելով՝ իրենք ապացույցներ ունեն, որ այդ գերեզմանում հուղարկավորված մարդը այլ գույնի աչքեր և ուրիշ մատնահետքեր ունի:

Մեծ դեպրեսիայի ժամանակ ԱՄՆ-ում ապրող Ջոն Դիլինջերը գլխավորում էր բանկեր թալանող բանդան: Իր հանցավոր կարիերայի ընթացքում նա երկու անգամ փախել էր բանտից և արժանացել «Հասարակության թիվ մեկ թշնամի» պիտակին: Իշխանությունները ժամանակին 10 հազար դոլար պարգևավճար էին խոստացել ցանկացած մարդու, ով կօգներ բռնել գանգստերին:

2009 թ.  Ջոն Դիլինջերը հանրությանը ներկայացավ ռեժիսոր Մայքլ Մաննի «Հասարակության թշնամին» ֆիլմում՝ Ջոնի Դեպի դերակատարմամբ:

Փոխանցում է BBC-ն: