07.10.2019 16:40

Ձեռքերը շփելով՝ պատերազմի գալստյանը սպասողները

Ձեռքերը շփելով՝ պատերազմի գալստյանը սպասողները

Եթե չալարեք ու թերթեք Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ «զբաղվող» լրատվամիջոցների էջերում հայտնված վերջին մեկ-մեկուկես տարվա նյութերը, ապա մի զարմանալի «զուգադիպություն» կտեսնեք. բոլոր նյութերում կարմիր թելի պես անցնում է «սպասվող պատերազմի» մասին «ահազանգը»:

Բայց այն ահազանգ չէ սոսկ, կամ, առավելեւս, հայրենիքի անվտանգության համար, Արցախի համար մտահոգ անշահախնդիր քաղաքացու ազդակոչ: Եւ ոչ էլ անգամ անկողմնակալ վերլուծություն է՝ աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ու իրադարձությունների: Որովհետեւ եթե այդպես լիներ, այդ քարոզչական նյութերն այլ ենթատեքստ ու մեսիջ կպարունակեին:

Բոլոր այդ նյութերը իրենց խորքում, իսկ երբեմն նաեւ բացահայտ շանտաժի տարրեր են պարունակում. այն է՝ պատերազմն անխուսափելի է, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է բանտում, միայն նա կարող է կանխել պատերազմը:

Բայց այս պարագայում տրամաբանությունը հուշում է, որ եթե այդ տարածվող մեսիջն իսկապես իրողություն է, ապա պետության համար մտահոգ եւ պետությունն ամեն բանից վեր դասող անձի մեսիջը այն պետք է լինի, թե քանի որ մեր պետության, Արցախի ապագան ու անվտանգությունն այդ մարդու համար վեր է, ապա նա կկանխի պատերազմը՝ անկախ ամեն ինչից, անկախ այն հանգամանքից,  որտեղ էլ որ նա լինի:

Այնինչ, այդ մարդիկ բացահայտ շանտաժ են անում, թե՝ վտանգ կա, այն կանխել կարող ենք, բայց չենք կանխի՝ ներքին քաղաքական հարցերով պայմանավորված:

Թվում է, թե սա պարզ քարոզչական հնարք է՝ փորձել պատերազմի վտանգով մարդկանց վախեցնելով՝ ներքաղաքական դիվիդենտներ շահել, հանրության շրջանում խուճապ տարածել, այդպիսով ներքին անվստահության մթնոլորտ ստեղծելու ֆոնին՝ հասնել քաղաքական ինչ-ինչ խնդիրների լուծման:

Բայց փորձը արդեն ցույց է տվել, որ այս ամենը միայն խոսքեր չեն, այդ ամենն արդեն եղել է՝ երկու անգամ, երբ Հայաստանն ու Արցախը պատերազմի մեջ էին:

Հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչ ուժեր եւ անձինք են այս քարոզչության ծիրին մեջ աջակցում ու ձայնակցում Քոչարյանին:

Այդ նույն ուժերն են, որ 90-ականների պատերազմի ամենաթեժ պահերին Երեւանում ցույցեր էին անում՝ փորձելով խաղալ առանց այդ էլ պատերազմի պատճառով բազմաթիվ «նեղությունների» մեջ հայտնված քաղաքացիների կենցաղային խնդիրները՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

Կարճ մեջբերում Վազգեն Սարգսյանի խոսքից (15.08.1992թ).

«Ավելի ամբարտավան, ավելի դավաճանական մամուլ, քան Հայաստանի կուսակցական մամուլն է, ես չեմ պատկերացնում: Եվ ես չեմ հասկանում, թող ինձ ներվի, այն հանդուրժողականությունը, որ գոյություն ունի մամուլի նկատմամբ: Պատերազմող երկրում թերթերում, ես դա չեմ կարողանում հասկանալ։ Եվ երբ Գերագույն խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, հաջորդ նստաշրջանի ժամանակ պաշտպանության նախարարությունը հարց բարձրացրեց` մամուլում գոնե ռազմական թեմաների նկատմամբ գրաքննություն մտցնելու մասին, այդ հարցը դարձյալ չքննարկվեց, եւ դարձյալ որոշում չստացավ: Իսկ մեր մամուլը բավական է, որպեսզի թշնամին մեր մասին հրաշալի պատկերացում ունենա: Արծվաշենի դեպքերից ընդամենը մեկ ամիս առաջ (արդեն մեկ ամիս առաջ) կուսակցական մամուլը գրում էր` «Հաջորդը Արծվաշենն է, որքա՞ն կդիմանա Արծվաշենը»: Ես Արծվաշենում ժողովրդին չեմ մեղադրում։ Եթե թերթերը մեծատառերով, խոշոր տպագիր տառերով գրում են, թե հաջորդն Արծվաշենն է, եւ որքան է Արծվաշենը դիմանալու, եւ էդ մասին կարդում է թշնամին, «էստի համեցեք»-ի պատմությունն է։ Եվ այս հանգամանքներում թերթերին թույլ տալ նման պրոպագանդա տանել, ես դա ուղղակի դավաճանություն եմ համարում եւ չեմ հասկանում էս ամենաթողությունը»։

Չզարմանաք, բայց նույն բանն այդ ուժերը փորձեցին անել նաեւ 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի օրերին:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի անվտանգության հարցը թափահարող անձը, որ հիմա հանկարծակի սկսել է անդադար շեշտել ու իբր հպարտանալ, որ ինքը ԼՂՀ առաջին նախագահն է եղել, ապրիլյան պատերազմի օրերին Արցախ չգնաց, նա Ստեփանակերտ այցելեց միայն 20116 թվականի մայիսի 11-ին, իսկ մինչ այդ՝ ապրիլի 11-ին էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե մտադրություն չունի հանդիպել Սերժ Սարգսյանին. Սարգսյանին, որի մասին ասում է, որ իր ընկերն է, որի հետ փաստացի սկսել են իրենց քաղաքական գործունեությունը, եւ որը, անկախ ամեն ինչից, պատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարն էր այդ պահին:

Իսկ ինչ էր գրում քոչարյանամերձ մամուլը բուն պատերազմի օրերին եւ հատկապես, հրադադարից անմիջապես հետո: Մի ալարեք, կարդացեք այդ օրերի նրանց քարոզչությունը, եւ կտեսնեք, որ այդ ժամանակ այդ անձանց քարոզչությունը միայն մեկ կարմիր թել ուներ. օգտվել իրավիճակից եւ Հայաստանը թուլացնելու գնով՝ պատերազմն օգտագործելով որպես հարմար առիթ՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնել:

Հիշեցնենք, որ խոսքը պատերազմական ակտիվ գործողությունների եւ դրանց անմիջական ավարտից հետո ժամանակահատվածի մասին է, երբ հենց այդ օրերին պատերազմը շահարկելով ներքաղաքական նպատակների համար՝ Արցախի եւ Հայաստանի անվտանգությունն էր վտանգվում: Բայց դրա նպատակն էլ պարզ էր, ստեղծել պարտության իրավիճակ, հետո այդ իրավիճակը «բարդել» բացառապես Սարգսյանի վրա, եւ գալ իշխանության:

Ընդամենը մի քանի մեջբերումներ անենք, թե ինչեր էր գրում քոչարյանամերձ մամուլը ապրիլյանի օրերին եւ դրանից ԱՆՄԻՋԱՊԵՍ հետո, երբ «կակռազ լավ առիթ էր ստեղծվել»:

«Ռազմական տեխնիկայի որակով և կառավարման առումով մենք հետ ենք Ադրբեջանից: Տնտեսության վիճակը ահավոր է, և կոլապսը մոտ է…»:

«Վերջին տարիներին Հայաստանը թուլացել է, ինչն էլ պատճառ է դարձել Ադրբեջանի լկտի պահվածքի»։ 

«Ուշադիր լինենք, որ էս «միասնականության» շուխուրի, «ուռա» բացականչությունների տակ, «ազգային համաձայնության» սուոսով Արցախի հարցն ի վնաս մեզ բոլորիս ու մեր անվտանգության հաշվին հանցագործները չլուծեն, էլի»։  

«Մեր զինվորների մահն ենք սգում, իսկ ոմանք շտապում են կոչ անել համախմբվել իշխանությունների շուրջ»:

«Հարց է առաջանում՝ Սարգսյանն իրեն ուժեղ զգա, որ ի՞նչ անի…»: 

«Ինչ մնում է հանրությանը, ապա անկախ այն հանգամանքից, թե ինչ կասեն այս կամ այն կազմակերպությունները կամ մասնավոր անձինք, և ինչ կանեն նրանք, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների»:

«Վերջին դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ քաղաքական վերնախավի լուրջ փոփոխության կարիք կա: Փաթեթային տարբերակով փոփոխություն»:

«Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, ու որքան շուտ դա անի, այնքան լավ: Նրա՝ իշխանության ղեկին մնալը վտանգում է մեր երկրի պետականությունը, մեր ազգի իրապես ապահով ապագան»: 

«Հիմա բոլորն էլ հասկանում են, որ այսպես հնարավոր չէ շարունակել, և մեր երկրի անվտանգությունը ղարաբաղաադրբեջանական շփման գծում պաշտպանելու և թշնամուն խաղաղություն պարտադրելու համար պետք է ներսում համախմբվել ու փոխել Հայաստանը»:

«Պարզ է, որ փոփոխության հասնելու համար համախմբում է պետք։ Այն միասնությունը, որը բոլորիս մոտ կար թեժ մարտերի օրերին, պետք է կապիտալիզացնել հարաբերական զինադադարի փուլում, որպեսզի նույն բանը կամ ավելի վատը չկրկնվի»։

«Ո՞ւմ շուրջը համախմբենք ջանքերը: Տեսեք, թե պանամական սկանդալում ինչ տեղերում են հայտնվել մեր պաշտոնյաները»:

«Հայաստանին այսպիսի անողնաշար իշխանություններ պետք չեն»:

«Տասնյակ զոհերն ու վիրավորները մեզ համախմբման այլ «մեսիջ» են ուղարկել: Մենք պետք է համախմբվենք երկրում փոփոխություններ կատարելու համար»:

«Մենք պետք է համախմբվենք ներկայիս խայտառակ վիճակի փոփոխության համար, այլ ոչ թե այն մարդու շուրջը, ում գործունեության կամ անգործության հետևանքով մեր տղաները «մերկ ձեռքերով» դուրս եկան մինչև ատամները զինված թշնամու դեմ»:

«Նախկինում ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է սխալների ու բացթողումների համար իշխանություններից հաշիվ պահանջենք։ Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը: ….

…Այստեղ գլխավորն, իհարկե, այն է, թե արդյոք հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը և խուսափել բազմաթիվ զոհերից»:

Այսպիսի մեջբերումներ կարելի է հարյուրներով բերել, բայց դրանից էությունը չի փոխվի, սրանք միայն ապացույցն են այն բանի, թե ինչպես էին Քոչարյանի աջակիցները 2016 թվականին փորձում պատերազմն օգտագործել որպես առիթ՝ իշխանափոխության համար, թեեւ հասկանում էին, որ այդ պահին նման պահանջ դնելը ուղղակի կարող էր վտանգել Հայաստանը, ուստի նույն բանը կարող էին անել, ասենք, ամիսներ անց: Բայց հարցն այն է, որ ամիսներ անց մարդկանց մոտ այդ լարվածությունն անցած կլիներ, իսկ իրենց պետք էր օգտագործել պատերազմական լարվածությունը:

Ի դեպ, ուշագրավ է, որ այսօր ներկայիս իշխանությունների դեմ նույն քարոզչությունը անում են գրեթե բոլոր այն նույն անձինք, ովքեր լծված էին 2016-ի քարոզչությանը:

Հ.Գ Միակ տարբերությունն այս ամենում այն է, որ այն ժամանակ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովն ու այլ հանրապետականներ իրենց մաշկի վրա էին զգացել, թե ինչ է լինում, երբ փորձ է արվում պատերազմը դարձնել ներքին քաղաքական շանտաժի գործիք, հիմա իրենք են միացել այդ գործին, եւ ձայնակցում են 2016-ին իրենց եւ իրենց ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ այդ գործիքն օգտագործող անձանց: Տպավորություն է, թե հանրապետականները 2016-ի իրադարձություններից դասեր չեն քաղել:

Պարգեւ Ապրեսյան