08.10.2019 13:15

Արսեն Գրիգորյան. Ձեր առողջությունը մեզ պետք է

Արսեն Գրիգորյան. Ձեր առողջությունը մեզ պետք է

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանը դատարանից թույլտվություն է խնդրել արտերկիր մեկնելու: Մարդը սրտի հետ կապված խնդիրներ ունի: Դատարանում հանճարեղ է ձևակերպում՝ ամեն տարի, սրտանոթային խնդիրների հետ կապված, հետազոտություն եմ անցնում Վիեննայում գտնվող ավստրիական կլինիկայում: Մարտի 1-ի ամբաստանյալները զարմանալի անառողջություն ունեն: Գլխավոր ամբաստանյալը նույնիսկ վիրահատվելու է մոտ օրերս: Իսկ երբ պետություն էին ղեկավարում, առողջ էին բողկի պես:

Ո՞ւմ տեղն են մեզ դրել այս մարդիկ: Բոլորն անխտիր ուզում են արտերկիր մեկնել բուժվելու: Բա մինչեւ նախորդ տարվա մարտը ինչո՞վ էիք զբաղված, ընկերներ: Ինչո՞ւ 20   տարվա ընթացքում Հայաստանը չդարձրիք այնպիսի երկիր, որի կլինիկաների հետ կարող եք «կիսվել» ձեր սեփական առողջական խնդիրներով: Ինչո՞ւ եք շարքային, շատ շարքային ու ոչնչում չմեղադրվող մարդկանց աչքը մտցնում մեղադրյալի ձեր հնարավորությունները:  Կառուցեիք, սարքեիք, ունենայիք էդ առողջապահական նվաճումները, մենք էլ հասկանայինք ձեր խնդիրների լրջությունը: Իսկ հիմա դուք՝ 20 տարի երկիր կառավարողներդ, մեզ, փաստորեն, բաց տեքստով խոստովանում եք, որ մեղադրյալի աթոռին միայն մարտի 1-ով ձեզ նստեցնելը շատ քիչ է:

Ինչո՞ւ եք անպայման ուզում մեկնել արտերկիր: Գրեթե ձեր անձնական կլինիկան էր երբեմն առաջին խնամու հիվանդանոցը: Ձերը չէ՞ր: Սարքեիք այնպիսին, որ առաջին իսկ  խնդրի դեպքում վազեիք այնտեղ: Ինչ որ չենք լսել, որ ձեզանից որեւէ մեկը երբևէ այնտեղ բուժվել է: Հեղափոխությունից հետո ի՞նչ պարզվեց, պարզվեց՝ պետության գումարները պետպատվերով բուժելու անվան տակ կերած հիվանդանոցների մեջ «առաջին խնամու» հիվանդանոցը գրավում է առաջին տեղը: Չգիտեի՞ք: Գիտեիք:

Հունգարիայում էլ չեք ծնվել, որ ընկալեինք ձեր Ավստրիա մեկնելը սրտանոթային խնդիրները հետազոտելու համար: Լորդ էլ չեք, որ հասկանանք, որ հեղինակության հարց է ավստրիական կլինիկայից պակաս հեղինակավոր կլինիկաներ վազելը:

Տղերք, դեմ չեմ, ձեր առողջությունը մեզ պետք է, թեպետ ձեր առողջապահական համակարգը քչերին չի սպանել: Մարտի 1-ի մասին էլ չեմ ասում: Չեմ խոսում բանակում հաշմված այն զինվորների մասին, որոնց նույնիսկ այստեղ բուժելու փող չունեիք: Իսկ դուք մեղադրյալ եք ու խոսում եք արտերկրում բուժվելուց: Ցինիզմը պոզով-պոչով չի լինում, ընկերներ: Բայց մենք այլընտրանք չունենք: Դուք պիտի ապրեք: Դուք պիտի «երկար կյանք» ունենաք, որովհետև իր առողջությունը կորցրած Սարգիս Քլոյանը չպետք է պատասխան տա վերջին 20 տարիների բոլոր հանցագործությունների համար:

Հիմնական հարցը երաշխիքն է, որ կվերադառնաք: Հասկանում եմ, որ հնչեղ մեղադրյալ լինելը ձեր սրտով չէ: Բայց մեր սրտով չէր անանուն իրավազուրկ լինելը: Ես կգերադասեի, որ դուք այստեղի կլինիկաներում ուտեք ձեր եփած բորշը: Բայց ձեր առողջությունը մեզ պետք է: Ընտրությունը դատարանինն է: