08.10.2019 14:57

Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու՝ Թրամփի որոշումը շփոթություն է առաջացրել

Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու՝ Թրամփի որոշումը շփոթություն է առաջացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ ամերիկյան հատուկ նշանակության զորքերը դուրս բերել Սիրիայի՝ քրդերով բնակեցված հյուսիս-արևելքից, որտեղ Թուրքիան նախատեսում է ռազմական գործողություններ անցկացնել, շփոթմունք է առաջացրել:

Նույնիսկ սովորաբար Թրամփին հավատարիմ հանրապետականները՝ սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելի գլխավորությամբ, քննադատել են այդ որոշումը և սպառնացել են օրենք ընդունել, որը նախագահին կարգելի զորքերը դուրս բերել Սիրիայից: Այդ օրենքը կարող է այնպիսի մեծամասնություն ստանալ, որը կհաղթահարի նախագահի վետոն, եթե նա որոշի օգտվել իր այդ իրավունքից:

Պենտագոնում հայտարարել են, որ իրենք որևէ կերպ չեն պաշտպանում թուրքական ռազմական գործողությունը: Երեկ երեկոյան Սպիտակ տանը հայտարարել են, որ իրականում զորքերի դուրսբերում չի լինի. մոտավորապես 50 հատուկջոկատայիններ թուրքական առաջիկա գործողության շրջանից պարզապես կտեղափոխվեն Սիրիայի այլ շրջաններ:

Թուրքիայի ՊՆ-ն երկուշաբթի երեկոյան տեղեկացրել է, որ գործողության նախապատրաստությունն ավարտվել է: Նրա մեկնարկի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Փոխանցում է BBC-ն: