09.10.2019 11:00

Մակրոն. «Պետությունն անկարող է միայնակ հաղթել իսլամիզմի հիդրային»

Մակրոն. «Պետությունն անկարող է միայնակ հաղթել իսլամիզմի հիդրային»

Փարիզում տեղի է ունեցել չորս ոստիկանների հրաժեշտի արարողությունը, որոնք զոհվել էին հոկտեմբերի 3-ին, զինված հարձակման ժամանակ:

Սգո արարողությանը մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Երկրի ղեկավարությունը և պետական ծառայությունները միայնակ չեն կարող վերջ տալ իսլամիզմի հիդրային: Դրա համար անհրաժեշտ է, որ ամբողջ ազգը միավորվի, մոբիլիզացվի և սկսի գործել: Մենք կհաղթենք միայն այն դեպքում, երբ ամբողջ երկիրը, որ բազում փորձություններ է անցել իր պատմության ընթացքում, ոտքի կանգնի պայքարելու ընդհատակյա իսլամիզմի դեմ: Մենք պետք է զգոն հասարակություն ստեղծենք»,- ասել է Մակրոնը:

Արարողության ընթացքում զոհված ոստիկանները հետմահու արժանացել են Պատվավոր լեգեոնի ասպետի շքանշանի:

Փարիզի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին: Գերատեսչության աշխատակիցը, դանակով զինված, հարձակվել էր իր գործընկերների վրա՝ իսլամական կարգախոսներ հնչեցնելով:

Փոխանցում է euronews-ը: