09.10.2019 17:14

Լեգիտիմության գաղափարի արժեզրկում. Ինչ են քարոզում ՀՀԿ-ականները

Լեգիտիմության գաղափարի արժեզրկում. Ինչ են քարոզում ՀՀԿ-ականները

Հետհեղաափոխական Հայաստանում  ՀՀԿ-ական եւ Քոչարյանին հարող ուժերի քարոզչությունը տարվում է բավականին սինխրոնիզացված ու համակարգված, ինչպես նաեւ փոխլրացման տարբերակով: Զուգահեռաբար՝ հանրապետականների եւ դրանց մերձավոր շրջանակների քարոզչության մեջ մի հետեւողական ուղեգիծ է նկատվում, այն է` լեգիտիմության գաղափարի արժեզրկումը:

Տարիներ շարունակ իշխանությունների ձեւավորման եւ գործելու լեգիտիմության դեֆիցիտը ընդդիմադիրների հիմնական կռվանն է եղել: Նրանք բազմիցս էին նշում, որ իշխանությունները ներքին լեգիտիմության բացակայության պատճառով հաճախ են արտաքին ճակատում ստիպված լինում այս կամ այն հարցում գնալ «զիջումների»: Եւ որ լեգիտիմ իշխանությունն ուժեղ է արդեն այդ լեգիտիմության ուժով:

Անցած տարվա դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները ոչ մի քաղաքական ուժ չբողոքարկեց, չվիճարկեց, կասկածի տակ չդրեց դրա լեգիտիմությունը: Անգամ ՀՀԿ-ականները:

Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները իրենց քվեով իշխանությանը տվել են իրենց անունից գործելու եւ որոշումներ կայացնելու իրավունք:

Հանրապետականները եւ հատկապես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին հարող թեւը, ահա, իրենց քարոզչության մեջ ուշագրավ մարտավարություն են ընտրել:

Նրանցից ոչ մեկը կասկածի տակ չի դնում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի եւ այդ խորհրդարանի կողմից կազմավորված կառավարության լեգիտիմությունը: Նրանք այդ մասին չեն էլ  խոսում պարզապես: Նրանք այլ բան են անում. նրանց նպատակն է հանրության շրջանում կառավարության ոչ կոմպետենտության մասին տեսակետ ձեւավորել: Այսինքն՝ որպեսզի հանրությունը գա այն եզրահանգմանը, որ այս իշխանությունները անունակ են գործելու, թույլ են, հատկապես գոյություն չունեն արտաքին քաղաքականության, տնտեսության եւ անվտանգության հարցերում:

Նրանք ցանկացած առիթ, հայտարարություն, այց մեկնաբանում են հենց այդ համատեքստում, հարյուրամյակներով կուտակված փորձը շալակածի տպավորությամբ` պարտադիր կերպով իրենց պարտքն են համարում վերեւից «հուշել», թե այս բանը չէր կարելի անել, սա չէր կարելի ասել: Եւ ամենեւին էլ էական չէ՝ նման հայտարարությունների համար առիթ կա՞, թե՞ ոչ, եւ էական չէ անգամ, որ դիվանագիտական բացթողումներից ու պարտություններից այսօր օրը 24 ժամ արագությամբ եւ պարբերականությամբ բարձրաձայնողները նախկինում լծված էին բացառապես բացթողումներ կոծկելուն:

Իրենց խնդիրը դա չէ, իրենց փայլուն դիվանագիտությունը հիշելը չէ, իրենց խնդիրը փորձառուի ու կարող/ունակի դիրքերից «դասեր տալն» է «անփորձ ու անընդունակ երիտասարդներին»: Սա էլ, բնական է, որ հենց այնպես, հաճույքի համար չեն անում, նպատակն այն է, որ հանրության մեջ տեսակետ ձեւավորվի, թե լեգիտիմությունը իշխանության  համար առաջնային պայման չէ, որ այն չի տալիս իշխանությանը ոչ մի կռվան, եթե անգործունյա է։ Որ եթե ընտրության հարց լինի, ապա անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց նման փորձառուներն ավելի նախընտրելի են` անգամ եթե լեգիտիմ չեն եկել/գալիս/գալու իշխանության, քան լեգիտիմ անփորձները: Այսինքն՝ որ մեր նման երկրում լեգիտիմությունն իրականում զրո արժեք ու նշանակություն ունի: Որ հանրությունը հիասթափվի ու այլեւս հավատ չունենա ոչ միայն իր քվեի ուժի, այլեւ ընտրության ինստիտուտի հանդեպ՝ որպես այդպիսին, որ հանրությունը սկսի մտածել, թե մենք, փաստորեն, լավ ընտրություն չենք անում, մենք չգիտենք, թե ինչպես է պետք, ավելի լավ է` գան նրանք, ովքեր գիտեն, ոնց էլ որ գան, իսկ ընտրություն-բան՝ էդ ամենը, փաստորեն, հեքիաթ է:

Իհարկե, այս ամենը զարդարվում է նաեւ կոնսպիրոլոգիական եւ սուտ տեղեկությունների սոուսով` դավադիր ուժերի, ավանդական արժեքների, պետության եւ եկեղեցու, բանակի դեմ դավադիր գրոհի մասին: Բայց այս ամենը միայն տեղեկատվական կծու սոուս է` տեղեկատվական սնունդը ուտողների ախորժակը բացելու համար:

Իրական նպատակը, ինչպես նշեցինք, հանրությանը համոզելու փորձ անելն է, թե ընտրությունը Հայաստանի պես երկրում կեղծ արժեք է, Հայաստանին «ուժեղ» իշխանություն է պետք, որովհետեւ միայն նա է ունակ ու կարող, իսկ թե այդ ուժեղ իշխանությունը ինչպես է գալիս իշխանության` էական չէ ամենեւին:

Քրիստինե Խանումյան