10.10.2019 11:00

Պետր Չեխը պաշտոնապես դարձել է հոկեյի թիմի խաղացող

Պետր Չեխը պաշտոնապես դարձել է հոկեյի թիմի խաղացող
«Չելսիի» ու «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը դարձել է հոկեյի անգլիական NIHL լիգայի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Գիլֆորդ Ֆենիքս» ակումբի խաղացող:

«Ես երջանիկ եմ «Ֆենիքսում» խաղալու հնարավորությամբ: Հուսով եմ՝ կկարողանամ օգնել այս երիտասարդ թիմին (ակումբը հիմնադրվել է 2017 թվականին՝ խմբ․) հասնելու մրցաշրջանում իր նպատակներին:

Պատրաստվում եմ նրա հետ հաղթել առավելագույն քանակի հանդիպումներում, երբ ստանամ խաղալու հնարավորություն:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում անցկացրած 20 տարիներից հետո ինձ համար հիանալի փորձ կլինի զբաղվելու մի մարզաձևով, որին սիրում էի հետևել մանկության տարիներին, իսկ հետագայում նաև խաղացել եմ հոկեյ»,- ասել է Չեխը:

Չեխ դարպասապահը 11 տարի է անցկացրել «Չելսիում», ևս 4 տարի՝ «Արսենալում»: Նա ռեկորդակիր է Պրեմիեր լիգայում դարպասն անառիկ պահած հանդիպումների քանակով (202):