10.10.2019 11:36

Խաբի Ալոնսոյին 5 տարվա ազատազրկում է սպառնում

Խաբի Ալոնսոյին 5 տարվա ազատազրկում է սպառնում
Մադրիդի դատախազությունը 5 տարվա ազատազրկում է պահանջում «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի համար, որը մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու մեջ:

Դատախազությունն իսպանացուց պահանջում է նաև վերականգնել 4 մլն եվրո՝ 2010-2012թթ․ ընկած ժամանակահատվածում հարկերի վճարումից խուսափելու 3 դեպքերի համար, երբ կիսապաշտպանը հանդես է եկել «Ռեալում»: Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մեղադրվում է «ֆիկտիվ» ընկերություն ստեղծելու մեջ, որի միջոցով թաքցրել է պատկերային իրավունքներից ստացած եկամուտները: Ալոնսոն արդեն դատարանին է փոխանցել պահանջվող գումարի կեսը՝ 2 մլն եվրոն:

Միևնույն ժամանակ, Ալոնսոն հրաժարվել է ներկայանալ կոնֆլիկտի նախաքննական կարգավորումներին, ինչի պատճառով սկսվել են երկօրյա լսումներ:

«Ես չեմ պատրաստվում ընդունել մեղադրանքները: Ինձ համար ամենասկզբից էլ ակնհայտ է եղել, որ այդ մեղադրանքները չպետք է ընդունել: Անմեղությունն ինձ համար բացահայտ է»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է AS պարբերականը։

Հիշեցնենք, որ իսպանացին այս տարվա հուլիսին հաստատվել էր «Ռեալ Սոսյեդադ Բ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Նա Իսպանիայի հավաքականի կազմում 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2008 և 2012 թվականներին՝ Եվրոպայի չեմպիոն: