10.10.2019 15:57

ՄԻԵԴ-ը հրապարակել է Դավիթ Մաթեւոսյանի գործով վճիռը

ՄԻԵԴ-ը  հրապարակել է Դավիթ Մաթեւոսյանի գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի գործով վճիռը: ՄԻԵԴ-ն իր վճռով պարտավորեցրել է Հայաստանին Մաթեւոսյանին որպես փոխհատուցում վճարել 13,200 եվրո:

ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Մաթեւոսյանի իրավունքները խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական Կոնվեցիայի  6-րդ հոդվածի 1-ին կետով.

Արդար դատաքննության իրավունք

1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների եւ հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի  կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:

 

Կոնվենցիայի 11-րդ հոդվածով.

Հավաքների եւ միավորման ազատություն

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության եւ այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունքը։

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որեւէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության եւ պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:

 

ՄԻԵԴ-ը նաեւ համարել է, որ ներպետական դատարանները սույն գործով չեն կարողացել օբյեկտիվորեն եւ մանրազնին վեր հանել այն փաստերը, որոնք ընկած էին դիմումատուի դեմ առաջադրված մեղադրանքի հիմքում, եւ չեն ցուցաբերել խստություն ու բծախնդրություն, ինչը կոնկրետ գործի հանգամանքներում եւ ընդհանուր համատեքստում նրանցից պահանջում էր ապահովել Կոնվենցիայի Հոդված 11-ով երաշխավորված խաղաղ հավաքների իրավունքի արդյունավետ իրացումը:

«Այդ հանգամանքների բերմամբ չի կարելի ասել, որ միջամտությունն արդարացնելու համար ներպետական դատարանների կողից բերված պատճառները եղել են իրապես «ռելեվանտ (էական) եւ բավարար» եւ կամ որ դատարանները իրենց որոշումները հիմնավորել են համապատասխան փաստերի թույլատրելի գնահատմամբ»:

Ըստ դատարանի, դիմումատուի հետապնդմամբ եւ հետագա դատապարտմամբ տեղ է գտել միջամտություն վերջինիս՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին:

Դատարանը նաեւ նշել է, որ դիմումատուի դեմ՝ Ազատության հրապարակում ենթադրյալ գործողությունների համար մեղադրանք է առաջադրվել բացառապես ոստիկանության երկու աշխատակիցների ցուցմունքների հիման վրա, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել վիճարկվող իրադարձություններին, եւ որոնց ցուցմունքները նաեւ անհամապատասխանություններ են պարունակել: Ուստի, դատարանը համարել է, որ մեղադրանքը կազմվել է իրարամերժ ապացույցներից, իսկ ներպետական դատարանները չեն օգտագործել որեւէ հնարավորություն ոստիկանների հայտարարությունները ստուգելու համար, հատկապես, որ վիճարկվող իրադարձությունների ժամանակ ակտիվ դերակատարում ունեցած այդ անձանց պնդումներն են հենց ընկած եղել մեղադրանքի հիմքում: Այդպիսով, ըստ ՄԻԵԴ-ի՝ դատարանները անվերապահ հաստատել են ոստիկանական վարկածը եւ ունակ չեն եղել ըստ արժանվույն քննել դիմումատուի փաստարկները եւ, մասնավորապես, որպես վկա ներգրավել ձերբակալության պահին նրա հետ եղած անձանց:

 

Հիշեցնենք, որ 2008 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։

Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու շինծու մեղադրանքով։ Դատարանները նրա մեղավորությունը ապացուցված էին համարել 2 ոստիկանների կեղծ եւ հակասական ցուցմունքներով՝ հրաժարվելով լսել անձանց, որոնք ԴՄաթեւոսյանին ձերբակալելու պահին նրա հետ էին եղել եւ կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի կեղծ պնդումը։

Առաջին ատյանի դատարանում գործը քննել էր դատավոր Երեմ Եսոյանը, իսկ վերաքննիչ դատարանում՝ Արթուր Պողոսյանը:

Դավիթ Մաթեւոսյանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացրել են փաստաբաններ Վահե Գրիգորյանը եւ Մուշեղ Շուշանյանը:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում կառավարության անունից կարծիքը ներկայացրել էր Գեւորգ Կոստանյանը, որի տեղակալն էր Ռուբեն Մելիքյանը: Այս գործով ՄԻԵԴ-ի հետ գրագրության փուլում, երբ Հայաստանի կառավարությունը պնդում էր, որ Ազատության հրապարակում զենք ու զինամթերք է եղել, իսկ Դավիթ Մաթեւոսյանի գործով Հայաստանում դատարանները օբյեկտիվ քննություն են կատարել, եւ Դավիթ Մաթեւոսյանի մեղքն ապացուցված է եղել, Հայաստանի արդարադատության նախարար է եղել Հրայր Թովմասյանը: