10.10.2019 17:54

Հակահրեական հարձակում գերմանական Հալլեում

Հակահրեական հարձակում գերմանական Հալլեում

Գերմանիան ցնցված է Հալլեում անտիսեմիտական հարձակումից. նախօրեին զինված չարագործը փորձել է ներխուժել տեղի սինագոգան, որտեղ առնվազն 80 մարդ է հավաքված եղել՝ տոնելու հրեական Յոմ-Կիպուր տոնը:

Սաղավարտ կրող տղամարդուն չի հաջողվել կոտրել սինագոգայի կողպված դուռը, և նա գնդակահարել է մի անցորդ կնոջ և մոտերքում գտնվող սրճարանի մի հաճախորդի: Եվս երկու հոգի վիրավորվել են:

Հարձակման ընթացքում չարագործը հայհոյանքներ է տեղացել հրեաների և թուրքերի հասցեին: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում՝ գլխավոր սինագոգայում ներկա է եղել զոհերի հիշատակի արարողությանը:

«Սա մղձավանջ է հրեական համայնքի համար, ամբողջ Գերմանիայի համար: Ոստիկանության տվյալներով՝ հարձակում գործած անձը 27-ամյա գերմանացի է, որը աջ-ծայրահեղական գաղափարներ է դավանում, և հարձակումը հրեատյաց բնույթ է կրել: Այլ կասկածյալների որոնումները դադարեցվել են: Սակայն Հալլեի փողոցներում դեռ հսկում են զինված իրավապահներ»,- Գերմանիայից փոխանցել է Euronews-ի թղթակիցը: