10.10.2019 16:38

Արսեն Գրիգորյան. Անհեղափոխական լրատվության դեմքը

Արսեն Գրիգորյան. Անհեղափոխական լրատվության դեմքը

Քոչարյանական քարոզչամեքենան, ինչպես հասկանում եմ, իշխանություն է լրատվական դաշտում։ Այսինքն, Հայաստանում կոնկրետ մի իշխանություն դեռ Քոչարյանի ազդեցության դաշտում է։ Ինչու՞ է այդպես, դժվար է ասել։ Վարչապետը մտադիր չէ միջամտել այդ իշխանության չեզոքացմանը։ Այսինքն, այդտեղ հեղափոխությունը դեռ չի կարող բղավել՝ եւ այդ մեկ մարդը դու ես։

Պատճառը չափազանց պարզ է։ Հայաստանում մրցակցային լրատվություն չկա, կա տուն պահող լրատվություն։ Որովհետեւ լրատվական միջոց պահելու ձեռագրերը չեն փոխվել։ Երեկ հեղափոխության հետ հաշտ համերաշխ լրագրողը հանգիստ տեղափոխվում է հակահեղափոխական լրատվամիջոց, ինչպես նաեւ՝ հակառակը։ Եվ այստեղ խնդիրը լրագրողի անսկզբունքայնությունը չէ։ Շատերը հաստատ չէին ցանկանա աշխատել հակահեղափոխական լրատվամիջոցում, գոնե իմիջի խնդիր կա։ Սակայն այլընրանք չկա։ Մեզ մոտ մրցակցությունն ընդամենը լրագրող աշխատելու պայմանների մեջ է՝ որտե՞ղ են ավելի քիչ ծանրաբեռնում, որտե՞ղ է պակաս նվաստացուցիչ լրագրող աշխատելը։ Դեմքը կորցնելու մասին միշտ չէ, որ կարող է խոսք լինել։ Հատկապես, որ րագրողների մեծ մասը 20-25 տարեկան երիտասարդներ են։ Նույնիսկ սեփական անուն ստեղծելը հաճախ խնդիր չէ։ Որովհետեւ դեռ պետք է կարողանալ ապրել։ Կարճ ասած, մրցակցային լրատվություն ստեղծելը Հայաստանում անհրաժեշտություն է։ Մրցակցային պետք է լինեն ոչ միայն սկզբունքները, այլեւ պայմանները։

Իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ լրագրողին մեղադրելն է մի տեսակ անիմաստ։ Նախ ի՞նչ մի փորձ ունի այդ լրագրողը, որ նրան մեղադրես։ Երկրորդ, ինչո՞վ նա կարող է վստահ լինել, որ սկզբունքայնությունը կերակրում է։ Մեր լրատվական դաշտը գրեթե մեկ մարդու նման անում է նույն գործը, այսինքն, սա մի աշխատանք է, որը ինքնակրթության տեղ չի թողնում, ոչ էլ նույնիսկ ժամանակ։ Մի մասն ուսանողներ են, որոնք նույնիսկ ուսանող լինելու ժամանակ չունեն։ Գլխավորը՝ կարողանալ գործ գտնել։ Ինքնակրթության անհնարինությունը լրագրողական աշխարհի մի հսկա հատվածին դարձնում է ռոբոտ՝ միայն թե օրվա գործն անենք, միայն թե էդ գործը խմբագրի չափած-ձեւած լրատվությունից դուրս չգա։

Քոչարյանական քարոզչության պատասխանատուները տեղյակ են այս «վայրի կապիտալիզմից»։ Նրանք գիտեն, որ հնարավորինս շատերին լրատվամիջոցներ ներգրավելով համ բարեգործ են երեւում, համ էլ կարող են մշակել թակարդն ընկածին։ Այլ հարց, որ մշակել հազիվ թե ստացվի, այդ «լրագրողը» դեռ պետք է հաճույք ստանա իր աշխատանքից, մինչդեռ այդ տարբերակը բացառվում է։ Եվ ի՞նչ։ Այս իմաստով գրեթե ցանկացած լրագրող է խոցելի։ Հատկապես այդ աշխարհ նոր ոտք դնողը։ Իհարկե, չես ասի, որ լրատվական դաշտը միագույն է, երկու բոլորովին տարբեր հարցեր լուծող լրատվամիջոցին իրար հետ չես շփոթի։ Սակայն փաստը, որ երկուսում էլ լրագրողը մեխանիկական կատարող է եւ ոչ մեկը նրան չի ստիպում ավելի ստեղծագործաբար մոտենալ նյութին եւ որ լավագույն կատարումը կենթադրի հրաշալի վարձատրություն, չկա։

Մեր լրատվական դաշտում հնարավոր չէ աշխատել թեւեր առնելով։ Ոչ մեկը սոցիալական երաշխիքներ չի առաջարկում, ոչ մեկը չի մատնանշում այն բարձունքը, որտեղ կհայտնվի լրագրողը, եթե տարբերվի ուրիշներից։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը չհաշված։

Հեղափոխությունը հաստատ լրատվամիջոցներ չի մտել։ Ու սա լրագրողների խնդիրը չէ, այլ՝ իշխանության։ Ոչ ոք չի ասում, թե հեղափոխական իշխանությունը պետք է ավելացնի իր լրատվանմիջոցները, բայց այդ իշխանությունը պետք է հասկանա, թե ինչպես է ապօրինի կուտակած փողը լրատվամիջոցների բերանով փորձում ստեղծել խուճապ։ Այստեղ իշխանությունը ոչինչ չի անում։ բացարձակապես ոչինչ։ Գուցե աղմուկից է վախենում։ Վախենալու կարիք չկա իրականում։ Հեղափոխությունը պատասխանատվություն է։ Հետեւաբար պատասխանատվություն պետք է լինի նաեւ լրատվամիջոցներում։ Ոչ մեկին հետապնդել պետք չէ։ Կեղտոտ փողերը ստեղծում են անպատասխանատվություն։ Իսկ սա հեղափոխության խնդիրն է։ Լրագրող Նիկոլ Փաշինյանը դա պիտի որ հասկանա։