10.10.2019 21:20

Հանդիպել են Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները եւ ԱՄՆ դեսպանը

Հանդիպել են Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները եւ ԱՄՆ դեսպանը

Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է կուսակցության դիրքորոշումները Հայաստանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ` մասնավորապես անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ օրինականության հաստատման հարցերին: Ժողովրդավարության ամրապնդման կոնտեքստում կարեւորվել է Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումը: Օրինականության հաստատման առումով առանձնահատուկ ընդգծվել են Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման, արդար դատավարության եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու, կոռուպցիայի դեմ պայքարի եւ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի վերաբերյալ հարցերը:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերներին: Հանգամանորեն ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության վերաբերյալ Կոնգրեսի գնահատականները: 

Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի փոխղեկավար տիկին Մերի Ալեքսանդրը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը եւ Տարածքային կառույցների հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը:

Երեւան, 10 հոկտեմբերի, 2019 թ.