11.10.2019 11:36

Իսրայելցի սպաներն ուզում են օգնել քրդերին

Իսրայելցի սպաներն ուզում են օգնել քրդերին

Իսրայել պաշտպանության բանակի տասնյակ պահեստային սպաներ Facebook-ում հանրագիր են ստորագրել՝ երկրի իշխանություններին կոչ անելով օգնություն ցուցաբերել Սիրիայի քրդերին, որոնք ներխուժման են  ենթարկվել թուրքական զորքերի կողմից:

«Մենք, որպես իսրայելցիներ և որպես հրեաներ, չենք կարող մի կողմ քաշվել, երբ մեր աչքի առաջ մի ամբողջ ժողովուրդ լքվել է իր դաշնակիցների կողմից և հայտնվել անպաշտպան վիճակում,- ասվում է հանրագրում, որը կազմակերպել է մայոր Յաիր Ֆինկը:- Մենք լավ ենք հիշում և՛ մեր ժողովրդի հեղված արյունը, և՛ այն, թե ինչ է լինում, երբ աշխարհի բոլոր երկրները որևէ ժողովրդի թողնում են բախտի քմահաճույքին»:

Հանրագիրը հասցեագրված է վարչապետ և պաշտպանության նախարար Բինիամին Նեթանյահուին, ինչպես նաև գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Ավիվ Կոհավիին:

Հանրագրի հեղինակներն ուզում են, որ Իսրայելը սիրիացի քրդերին տրամադրի սննդամթերք, հագուստ, դեղորայք, հետախուզական տվյալներ և որևէ ռազմական օգնություն:

Հանրագրի հրապարակումից քիչ անց Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է ինչ-որ կերպ օգնել քրդերին:

Փոխանցում է BBC-ն: