11.10.2019 14:09

«Ազատամարտիկների դաշինք». Մենք ամենայն ուշադրությամբ հետևելու ենք Արցախում ընթացող զարգացումներին

«Ազատամարտիկների դաշինք». Մենք ամենայն ուշադրությամբ հետևելու ենք Արցախում ընթացող զարգացումներին

Որքան էլ հակված չենք ամեն անգամ արձագանքել նախկին իշխանությունների ու նրանց մանկլավիկների կեղծ-քաղաքական ու կեղծ-ազգային բարբաջանքներին ու անհացե հոխորտանքներինՎիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը հատեց թույլատրելիի սահմանը, և մենքորպես արցախյան ազատամարտն իր ուսերին կրած և հստակ քաղաքացիական կեցվածք ունեցող կազմակերպությունուղղակի պարտավոր ենք սանձել օրեցօր ավելի վտանգավոր դարձող լկտիությունը:

Որքա՞ն պետք է իրականության զգացողությունը կորցրած լինի Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որ Հայաստանի կառավարությանը, ասել է թե՝ Հայաստանի Հանրապետությանն ուղղակիորեն մեղադրի ահաբեկչության մեջ: Հասկանու՞մ է արդյոք այս գավառամիտը, որ Հայաստանը փաստորեն ահաբեկչական պետություն հռչակելով և աշխարհի ուժային կենտրոնների կողմից այդպիսիք հռչակված երկրների շարքին դասելով, ուղղակիորեն  լրջագույն սպառնալիք է ստեղծում մեր ազգային ու պետական անվտանգության համար: Պատկերացնու՞մ է արդյոք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող այս գործիչը, թե իր ըստ էության դավաճանական բնորոշումները, ինչպես կարող են օգտագործվել մեր ոխերիմ հարևանների կողմից:

Ընդամենը ամիսներ առաջ Հայաստանի իշխանություններին ու առհասարակ հայաստանցիներին Արցախի ու Հայաստանի միջև սեպ խրելու մեջ մեղադրող Բալասանյանը հայտարարում է, որ Հայաստանն ահաբեկչական պետություն է, և Արցախը հակազդելու է դրան: Սա ի՞նչ է, պաթոլոգիկ մանկամտությո՞ւն, թե՞ ուղղակի մտածված պետական դավաճանություն:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ եթե Արցախի իշխանությունները, ի դեմս Բակո Սահակյանի, անհապաղ և կտրուկ չարձագանքեն այս դավաճանական հայտարարությանը, ապա մենք մեզ իրավունք կվերապահենք դավաճանության մեջ նաև նրանց մեղադրելու:

Ազատամարտիկների Դաշինքը հենց սրա ու սրա նմանների գործունեությունից էր մտահոգված, երբ հայտարարում էր, որ Արցախին հավասարակշռված, փորձառու, իրողությունները ճիշտ գնահատող, անվտանգության խնդիրները խորապես պատկերացնող ռազմաքաղաքական ղեկավար է անհրաժեշտ:

Մենք ամենայն ուշադրությամբ հետևելու ենք Արցախում ընթացող զարգացումներին և խստորեն հակազդելու ենք բախտախնդիր գործիչների ցանկացած քայլի, որը կարող է վտանգել Արցախի անվտանգությունն ու Հայաստան-Արցախ ներդաշնակ փոխգործակցությունը: 

Եվ վերջում. Վ. Բալասանյանին ու մյուս պոռոտախոսներին խորհուրդ ենք տալիս «դուխով տղա» չխաղալ, որովհետև դրանից մենք շատ ավելին ունենք: Չափը մի փորձեք, որովհետև հետևանքները կարող են չափազանց ծանր լինել և վստահաբար՝ ոչ մեզ համար:

Ազատամարտիկների Դաշինքի վարչություն