11.10.2019 17:47

Բալկանները վրդովված են Նոբելյան հանձնաժողովի ընտրությունից

Բալկանները վրդովված են Նոբելյան հանձնաժողովի ընտրությունից

Նոբելյան կոմիտեի որոշումը՝ Գրականության Նոբելյան մրցանակը ավստրիացի գրող Պետեր Հանդկեին շնորհելու վերաբերյալ, զայրույթի ալիք է բարձրացրել Բոսնիայում և Կոսովոյում, քանի որ Հանդկեն Սերբիայի նախկին ղեկավար Սլոբոդան Միլոշևիչի մոլի պաշտպաններից է եղել, տեղեկացնում է «Ալ-Ջազիրան»:

1990-ական թթ. Հանդկեն հրապարակավ պաշտպանել է Բելգրադի քաղաքականությունը, որը պատերազմ էր վարում Բոսնիայում և Խորվաթիայում, և նույնիսկ սերբերին համեմատել է  նացիստների իշխանության ժամանակների հրեաների հետ: Չնայած բոլոր միջազգային հետաքննություններին՝ նա ժխտել է, թե Սրեբրենիցայում սերբական ուժերը սպանել են ավելի քանի 8 հազար բոսնիացիների: Նա նաև պնդել է, թե Սարաևոյի պաշարման ժամանակ բոսնիացիներն իրենք են ռմբակոծել իրենց սեփական բնակավայրերը, և սերբերը դրա հետ կապ չունեն:

Բոսնիացի քաղաքական գործիչներն ու գրողները իրենց զզվանքն են արտահայտել Նոբելյան կոմիտեի որոշման կապակցությամբ: Նրանց են միացել գործընկերները Կոսովոյից՝ այն երկրամասից, որը Միլոշևիչն ուզում էր «մաքրել» էթնիկ ալբանացիներից:

Իր բողոքն է հայտնել նաև ԱՄՆ PEN-ակումբը, որի հայտարարության մեջ ասվում է, թե անհնար է հասկանալ՝ ինչպես կարելի է մրցանակ տալ մի մարդու, որը ժխտում է պատմական փաստերը, և որը հրապարակավ պաշտպանում է գենոցիդի կազմակերպիչներին:

Փոխանցում է BBC-ն: