12.10.2019 09:00

Արմեն Գյուլբուդաղյանցի և Ալեքսանդր Կարապետյանի նախախաղային ասուլիսը

Արմեն Գյուլբուդաղյանցի և Ալեքսանդր Կարապետյանի նախախաղային ասուլիսը

Երեկ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում, նախախաղային ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։

«Միշտ պատրաստ եմ գոլ խփել: Նշանակություն չունի մրցակիցը: Կարծում եմ, որ դա հարձակվողի հիմնական գործն է: Փոքր թիմերի դեմ ավելի դժվար է խաղալը: Այդպիսի թիմերը խաղում են ավելի մեծ մոտիվացիայով: Լիխտենշտեյնն էլ վերջերս կարողացավ միավոր խլել Հունաստանից:

Ճիշտ է` մի փոքր դժվար է «Սոչիում» խաղալը: Վերջերս հաղթական գոլ խփեցի «Դինամոյի» դարպասը: Միշտ պատրաստ եմ օգնել նաև ակումբիս»,- նշեց Ալեքսանդր Կարապետյանը: 

«Հենրիխ Մխիթարյանից և Կամո Հովհաննիսյանից զատ բացակայում է նաև Կառլեն Մկրտչյանը: Հարցականի տակ է Արտակ Գրիգորյանի մասնակցությունը:

Հենրիխը մեր առաջատարն է, մեր ֆուտբոլային ուղեղը: Վստահ եմ, որ շատ կազմակերպված ֆուտբոլ կցուցադրենք և կհասնենք դրական արդյունքի: Բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի Կամո Հովհաննիսյանը կարողանա վերականգնվել մինչև Ֆինլանդիայի դեմ խաղը:

Սարգիս Ադամյանը փայլուն խաղ անցկացրեց «Բավարիայի» դեմ: Նա ունի առաջնորդի լավ որակներ և կարող է ուրախացնել մեր ազգին: Խաղը ցույց կտա, թե որքան ուժ կծախսենք վաղվա խաղում և ինչ վիճակում կմոտենանք Ֆինլանդիայի դեմ խաղին: Տեսնենք, թե որքան խաղաժամանակ կստանան նրանք վաղվա խաղում:

Գոռ Մալաքյանը լավ մարզավիճակում է: Հավատում եմ, որ Գոռը մեծ օգուտ կտա Հայաստանի հավաքականին»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։