14.10.2019 13:30

Ամերիկացիները չեն հասցրել տեղափոխել ԻՊ-ի գերի ընկած գրոհայիններին

Ամերիկացիները չեն հասցրել տեղափոխել ԻՊ-ի գերի ընկած գրոհայիններին

Ամերիկացի զինվորականները «Իսլամական պետություն» խմբավորման  առնվազն 50 «առավել արժեքավոր» գրոհայինների չեն կարողացել տեղափոխել  սիրիացի քրդերի վերահսկողության տակ գտնվող բանտերից, հաղորդել է New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների:

Նրանց խոսքով՝ թուրքական ուժերն այնքան արագ են առաջ շարժվել, որ հիմնական ճանապարհներից մեկը, որով նախատեսվել էր տեղափոխել ահաբեկիչներին, հայտնվել է Թուրքիայի վերահսկողության տակ:

Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ամերիկացիները տեղափոխել են գերի ընկած ամենավտանգավոր ահաբեկիչներին, որպեսզի նրանք չփախչեն: Սակայն իրականում, թերթի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ը հասցրել է դուրս բերել ընդամենը երկու ահաբեկչի՝ Բրիտանիայի նախկին քաղաքացիների, որոնք հայտնի են «ԻՊ-ի Բիթլզ» անունով:

«Այժմ, երբ Պենտագոնը դուրս է բերում ամերիկյան զորքերը, մյուս կալանավորներին տեղափոխելու հավանականությունը, եթե անգամ քրդերը վերականգնեն համագործակցությունը, ըստ էության՝ վերացել է»,- թերթին հաղորդել են պաշտոնյաները:

Փոխանցում է BBC-ն: