14.10.2019 09:35

Գեղամ Բաղդասարյան. Դուք չե՞ք տեսնում պատերազմի այլ հերոսների

Գեղամ Բաղդասարյան. Դուք չե՞ք տեսնում պատերազմի այլ հերոսների

Գեղամ Բաղդասարյանը Ֆեյսբուքում գրում է. 

«Հերոսներին չեն դատում՝ ասում են ոմանք (դատել, ավելի շատ՝ պարսավելու իմաստով)։ Նույնն ասում են իրենք՝ հերոսներից ոմանք։ Այս պնդման ողջ երեսպաշտությունն ու հանրային զարգացման արգելակ լինելը հասկանալու համար ընդամենը պետք է պարզություն մտցնել մի հարցում՝ իսկ ինչի՞ համար են դատում հերոսներին։ Հերոսության համար չեն դատում, չէ՞ (որովհետև երբ ասում ենք հերոս, ապա նկատի ենք ունենում պատերազմի ժամանակ սխրանքները, ինչի համար նրանք արժանացել են պետական ամենաբարձր պարգևների, այսինքն՝ նրանց վաստակն ըստ ամենայնի գնահատվել է)։ Դատում են խաղաղ ու ինքնիշխան ժամանակներում գողության, մարդասպանության, ահաբեկման, ճորտացման ու ֆեոդալական կարգերի հաստատման, պետական գանձարանը թալանելու, իրենց ու մերձավորների օրակարգը հանրային օրակարգի տեղ մատուցելու, հայրենասիրության մասին ճոռոմ խոսքերի քողով իրենց նեղ անձնական-կլանային շահերը սպասարկելու և որ ամենասարսափելին է՝ զինվորի բաժինը յուրացնելու համար։ Պատերազմի սխրանքները նորատեսակ ինդուլգենցիա ու ամենաթողություն դարձնելու համար։ Չդատե՞նք, չպարսավե՞նք։ Այսինքն՝ ընդունե՞նք, որ մեր ժողովուրդը պատանդ է իր հերոսների ձեռքին։

Հերոսը Մոնթեն էր, որ իր բաժինը տալիս էր զինվորին, զինվորական, այլ ոչ թե սպայական համազգեստ էր կրում ու նույնիսկ փոխնորդ համազգեստ չուներ։ Ասում եք՝ շարունակում ենք Մոնթեի կիսատ թողած գործը։ Բայց նյութին մեռած, ֆեոդալին վայել դղյակ ունեցող, բազմաթիվ օբյեկտներ-կալվածքներ սեփականաշնորհած ու բազմամիլիոն անտոկոս ու չմարվող վարկեր և այլ արտոնություններ ունեցող հերոսը, պաշտոնյան ինչպե՞ս կարող են Մոնթեի ոգեղեն գործը շարունակել։ Սա ծա՞ղր չէ։

Մարդի՛կ, հայե՛ր, ձեզ չե՞ն տանջում այս հարցերը։ Դուք չե՞ք տեսնում պատերազմի այլ հերոսների, որոնք նույնպես ողջ են, մեր կողքին են, ապրում են իրենց ազնիվ, հոգսաշատ, երբեմն էլ՝ չարքաշ կյանքով, ովքեր նյութի մարդիկ չեն՝ ոգու մարտիկ են։ Նրանք՝ մեր ազնիվ, համեստ ու խոնարհ հերոսները, քիչ չեն, պարզապես չեք տեսնում, քանի որ նրանք հայրենասիրության մասին չեն ճառում, ընդհանրապես՝ չեն ճառում, իրենք իրենց գովքը չեն անում, այլ մուտացիաների ու մետամորֆոզների մեր ահավոր ժամանակներում անում են միգուցե նվազագույնը, բայց ամենակարևորը՝ պահպանում են իրենց ազնվությունը և չեն գայթակղվում փողով ու պաշտոնով, ուրիշի բաժինը չեն ուտում և ուրիշի հնարավորությունը չեն յուրացնում։

Դուք էլ կարող եք անել նվազագույնը՝ բացել ձեր հոգու աչքերը և տեսնել նրանց՝ իսկական հերոսներին։ Պատերազմի և խաղաղության հերոսներին»։