14.10.2019 17:05

Լիզա Ճաղարյան. Չէ, սրանք Հյուգոյի «Թշվառները» չեն, Ռոբոյի «ճնշվածներն» են

Լիզա Ճաղարյան. Չէ, սրանք Հյուգոյի «Թշվառները» չեն, Ռոբոյի «ճնշվածներն» են

Հետո էլ ասում են՝ բան չի փոխվել։

Նախորդ իշխանությունների բեսպրեդելի տարիներին եթե լրատվամիջոցներին ճնշում էին, այս ԶԼՄ-ները կա՛մ փակվում էին՝ հենց այս նույն ավազակախմբի անթաքույց ու լպիրշ հրահանգով, կամ էլ, լավագույն դեպքում, մի կերպ գոյություն էին քարշ տալիս՝ երբեմն կամ շատ հաճախ մնալով, պատկերավոր ասած՝ Աստծո հույսին։

Հիմա հո նախկինների պես քնքշանվա՞ղ չեն ճնշում։ Ճնշում են աննախադե՛պ, առանձնակի դաժանությա՛մբ, շա՛տ բիրտ ուժով, եւ այսպիսի չլսված-չտեսնված բռնապետության պայմաններում մի քանի խիզախ կանայք (Ժաննա դ'Արկը նախանձից կինքնահրկիզվեր) ճեղքում են բռնակալական ժանտատեսիլ փշալարերն ու շաբաթական առնվազն մեկ անգամ ասուլիս անում՝ գլխներին հավաքելով նույնքան եւ ավելի ահաբեկված լրագրողների, որ աղաղակեն ինքնասպանի հուսահատությամբ, թե ինչ խայտառակ աննախադեպությամբ են ճնշում իրենց, եւ թե ինչպիսի արիությամբ են դիմանում իրենք այդ անմարդկային խոշտանգումներին՝ հանուն ազատ խոսքի։ Որովհետեւ ազատ խո՜սքը, անաչառությու՜նը, անկաշառությու՜նը անփոխարինելի արժեքներ են, եւ իրենք պատրաստ են անձնազոհվել հանուն ա՛յ էդ վերեւում ասված բաների։

Թրջված թաշկինակները դրեք մի կողմ, թարմերը վերցրեք։

Ամենահուզիչ պահին նոր-նոր եմ հասնում։

Ուրեմն, մի անգամ էլ կրկնեմ. չնայած ներկա իշխանությունները սրանց էսպես աննախադեպորեն շարել են պատի տակ ու առավոտից երեկո քաշքշում են այս տորքանգեղուհիների լեզուները, որ քոքահան անեն, սակա՜յն, ի տարբերություն ռոբասերժական ժամանակների, երբ քնքշանվաղ ճնշումներին չդիմանալով (դե՛, հո սրանց նման ժաննադարկեր չէին, թույլիկ-մույլիկ, վախկոտ-մախկոտ լրագրողներ էին) կամ փակվում էին, կամ էլ չորս-հինգ հոգով քսան հոգու գործ էին անում, որ մի կերպ իրենց գլուխներն էլ պահեին, լրատվամիջոցն էլ չփակվեր, ահա այս սաԹոմազոխիստները «թե գրբացի չար ջանքով, գիր ու կապով, բժժանքով», թե՝ ոնց (գիտենք՝ ոնց. իսկ ո՞վ չգիտի), ինչքան ճնշվում են, էնքան հղփանում են։ Սրանց ճնշում են, սրանք էլ տանում-բերում ու մոլախոտի պես բազմանում են, հարստանում են, մշակութային հավելվածներ են բացում, նորանոր «անկաշառ» լրագրողների են ներգրավում, փողոցային մակարդակի բլոգներ են ծաղկեցնում, հեռուստաալիքներ են բացում, աչքալուսանքներ են տալիս, թե ոնց են բռնապետության պայմաններում բարգավաճում։

Հիմա նստած մտածում եմ. բաց նամակ չգրե՞մ նոր իշխանություններին ու խնդրեմ, որ մեզ էլ ճնշեն։

Թե՞ միայն աննախադեպ ճնշումները բավարար չեն, որ հղփանանք, ծլենք-ծաղկենք ու բարգավաճենք։

Պատասխանը բոլորս գիտենք։

Սրանց «անաչառության» գինը պայմանագրային է։

Ավելի ճիշտ՝ ջեբկիրային։

Ով շատ վճարի, նրա՛ն էլ «անաչառորեն» կծախվեն։

Ինչն էլ անում են առանց կուչուձիգ գալու, առանց կոտրատվելու, առանց չեմուչումի։

Կարեւորն այն է, որ շաբաթական մեկ անգամ ասուլիս անեն ու բայաթի վեր քաշեն, որ իրենց ճնշում են։

Մնացածը «պրոֆեսիոնալ» գրչակների համար տեխնիկայի հարց է։