14.10.2019 19:58

Արսեն Գրիգորյան․ Խաղ ՍԴ-ի հե՞տ, կամ՝ ումն է վերջին խոսքը

Արսեն Գրիգորյան․ Խաղ ՍԴ-ի հե՞տ, կամ՝ ումն է վերջին խոսքը

ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել Թովմասյանի լիազորությունների կասեցման մասին ԱԺ նախագիծը։ Խրախճանքը պատկերացնելի է։

Ըստ իս, սարսափելի ոչինչ չկա։ Բաստիոնը դիմադրում է։ Հիվանդի համար ընդհանուր առմամբ լավ օր էր՝ նրա մոտ քաղցկեղ չի հայտնաբերվել, ու դրանից բացի՝ ՍԴ-ն իրեն պահեց «տղամարդավարի»։ Իսկ մե՞նք։ Իսկ հեղափոխությու՞նը։ Սրա մասին ո՞վ պետք է մտածի։ Ինչու՞ իշխանությունն ընտրեց այդ ճանապարհը։ Եվ ի՞նչ է պատրաստվում անել։ Եվ ո՞վ է հաշվելու, թե քանի «ատամ» կա Ռոբերտ Քոչարյանի թիմի զինանոցում, որը դեռ կարող են օգտագործել ընդդեմ հեղափոխության։ Ես, իհարկե, չգիտեմ, թե որն է այս ամենի վերջը։ Բայց «կլիենտի» ինքնազգացողության համար կատարվում են բաներ, որոնք հակամետ են Հայաստանի ինքնազգացողությանը։

Հետաքրքիր է, ՍԴ-ում հասկանու՞մ են, թե իրենց առողջության համար որքան վտանգավոր է Հրայր Թովմասյանին տիրություն անելը։ Ինչու՞ են այդ առողջությունը չափում նրա ինքնապահպանման «խռխռոցներով»։ Եվ ինչու՞ են միայն վատացնում դրությունն արդեն բոլոր անդամների համար։ Կարծես թե շանս էր տրված իրենց։ Կարծես թե սա շանս էր տարանջատվելու նաեւ Ռոբերտ Քոչարյանից։ Նրանք ի՞նչ են մտադիր անել՝ այդքան էլ հասկանալի չէ։ Բայց սա պատերազմ է ՀՀ-ին։ Եվ հաջորդ խոսքն արդեն միայն վարչապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը չէ։

Այս մարդիկ ՍԴ-ն պաշարել են իրենցով։ Այս մարդիկ ըստ էության Սահմանադրություն են յուրացնում։ Եվ այդտեղ է նրանցից եկող գլխավոր վտանգը։ Ունի՞ Հայաստանն այդքան դիմադրողականություն շարունակելու հեղափոխությունը իր փիլիսոփայությունից դուրս գտնվող ՍԴ-ի գոյության պայմաններում։ Ո՞վ պետք է պատասխանի այս հարցին։ Չեմ կարծում, թե՝ քրեական օրենսգիրքը։ Սա շատ փոքր է մեր «քաջերին» ընդգրկելու համար։ «Իմ քայլը» պետք է նոր բան մտածի։ Իսկ նոր բանն այն է, որ պետք է ի գիտություն ընդունել այս մարդկանց ՍԴ անդամ լինելը։ Հետագա գործողությունները պետք է բխեն դրանից։ Պատժիչ որեւէ գործողություն պետք չէ ՍԴ անդամների հանդեպ։ Ուղղակի ամեն ինչ պետք է արվի, որ ՍԴ-ից դուրս մղվեն անդամները եւ իրենց տեղը զիջեն ՍԴ դատավորներին։ Ամեն ինչ ավելի քան պարզ է։

Ես, իհարկե, կարող եմ ենթադրել, որ իշխանությունը ՍԴ-ի հետ խաղում է այնպես, ինչպես կատուն՝ իր որսի հետ։ Բայց կատուն սովորաբար դա որեւէ մեկի ինքնազգացողության հաշվին չի անում, կատուն կարող է նկատի չունենալ պետությունը, որտեղ ապրում էր մուկը, իսկ իշխանությունը պետք է նկատի ունենա։ Կամ պիտի հանգիստ թողնի ՍԴ անդամներին։ Այլապես այսպես այդ մարդիկ ցույց են տալիս, թե ինչպես են 5-6 հոգով կարողանում վաղուց ախտորոշված հիվանդությամբ «կենսունակ» մնալ իրավական պետության նոր գործիքներով եւ «դեղատոմսերով» ապրող Հայաստանի Հանրապետությունում։ Սա, ի վերջո, պետության առողջության հաշվին է արվում։