15.10.2019 11:39

Զանգվածային ցույցեր Կատալոնիայում

Զանգվածային ցույցեր Կատալոնիայում

Բարսելոնայում մի քանի հազար մարդ երթով շարժվել են դեպի օդանավակայան և շրջափակել այն՝ ի նշան բողոքի կատալոնացի անջատականների առաջնորդների նկատմամբ գերագույն դատարանի արձակած դատավճռի դեմ, որով նրանք դատապարտվել են 9-ից 13 տարվա ազատազրկման:

Բարսելոնայի օդանավակայանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև: Ոստիկանները փորձել են ցրել ցուցարարներին մահակների և արցունքաբեր գազի օգնությամբ: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ օդանավակայանում հավաքվել է առնվազն ութ հազար ցուցարար:

Մի քանի հազար ցուցարարներ արգելափակել են նաև Բարսելոնայի կենտրոնական փողոցներն ու մետրոյի կայարանները: Ցուցարարները վանկարկել են՝ «Ազատ արձակել քաղբանտարկյալներին»: Սոցցանցերում տարածաշրջանի անկախության կողմնակիցները գրել են. «Ժամանակն է ոտքի կանգնելու ընդդեմ իսպանական ավտորիտար ֆաշիստական վարչակարգի և նրա հանցակիցների: Ժողովրդական հեղափոխության ժամն է հասել»:

Անջատական շարժման ամենաբարձրաստիճան առաջնորդը՝ Օրիոլ Ժունկերասը, դատապարտվել է 13 տարվա ազատազրկման. մեղադրական կողմը պահանջում էր 25 տարվա ազատազրկում:

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որն Իսպանիայից փախել է 2017 թ. Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո, դատավճիռները «հրեշավոր» է անվանել: Իսկ Իսպանիայի գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան Կառլես Պուչդեմոնի նկատմամբ կալանքի նոր եվրոպական օրդեր է տվել:

Փոխանցում է BBC-ն: