15.10.2019 13:14

Թագուհու գահական ճառը

Թագուհու գահական ճառը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին  Վեսթմինսթերյան պալատի լորդերի պալատում գահական ճառով բացել է խորհրդարանի նոր նստաշրջանը:

Միապետն իր գլխի վրա կրել է ոչ թե թագ, ինչպես պահանջում է էթիկետը, այլ ադամանդակուռ խույր: Իսկ թագը դրված է եղել կողքը՝ թավշե բարձիկի վրա: 2868 ադամանդներով, 273 մարգարիտներով, 17 շափյուղայով և 17 զմրոխտներով զարդարված թագը, հավանաբար, շատ ծանր է 93-ամյա թագուհու համար:

Թագուհու գահաճառը պատրաստում է գործող կառավարությունը՝ այնտեղ ներկայացնելով իր հիմնական խնդիրները: Այս անգամ դա վերաբերում էր պահպանողականների կառավարությանը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ, որն այդ պաշտոնը զբաղեցրել է այս տարվա հուլիսի վերջին:

Գլխավոր խնդիրն այս անգամ «brexit»-ն էր:

«Իմ կառավարության առաջնահերթությունն է՝ ապահովել Միացյալ Թագավորության ելքը Եվրամիությունից հոկտեմբերի 31-ին: Իմ կառավարությունը մտադիր է ԵՄ-ի հետ կառուցել նոր գործընկերական հարաբերություններ՝ հիմնված ազատ առևտրի և բարիդրացիական համագործակցության սկզբունքների վրա»:

Իր ճառում թագուհին ներկայացրել է, ընդհանուր առմամբ՝ 22 օրինագիծ, այդ թվում՝ առողջապահության, հասարակական անվտանգության ապահովման, իրավակարգի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում:

Փոխանցում է euronews-ը: