15.10.2019 13:48

Կալանավայրում սպանել են 22 ցմահ ազատազրկման դատապարտված մանկապիղծին

Կալանավայրում սպանել են 22  ցմահ ազատազրկման դատապարտված մանկապիղծին

Բրիտանական բանտում սպանվել է Ռիչարդ Հակլը, որը դատապարտվել էր 22 ցմահ ազատազրկման: Նա կարող էր պատժի մեղմացման համար դիմել 25 տարվա կալանքից ոչ շուտ:

Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝  Հակլի վրա հարձակվել են հենց նրա բանտախցում: Սպանության գործիքը եղել է, հավանաբար, ինքնաշեն դանակը:

Հակլը 2016 թ. դատապարտվել էր 22 ցմահ ազատազրկման մանկապղծության մեղադրանքով: Բրիտանացի մանկապիղծը խոստովանել էր, որ սեռական բռնություն է գործել կես տարեկանից մինչև 12 տարեկան 22 երեխաների՝ աղջիկների ու տղաների նկատմամբ, սակայն հետաքննության վարկածի համաձայն՝ նրա զոհերի թիվը հասնում է 200-ի:

Հակլը հանցագործությունները կատարել է 2006-2014 թթ. Մալայզիայում և Կամբոջայում, որտեղ աշխատել է որպես լուսանկարիչ և ուսուցիչ ու շփվել է աղքատ շրջանների երեխաների հետ: Հակլը լուսանկարել է իր զոհերին և լուսանկարները վաճառել համացանցում: Քննիչները նրա համակարգչում հայտնաբերել են զոհերի 20 հազար լուսանկար և տեսագրություն: Սոցցանցում Հակլը գրել է. «Աղքատ երեխաներին հրապուրելը շատ ավելի հեշտ է, քան միջին դասի արևմտյան երեխաներին»: Բրիտանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ հանցագործը նույնիսկ  պատրաստել է յուրօրինակ «դասագիրք մանկապիղծների համար», որն արդեն պատրաստ է եղել հրապարակելու «darknet»-ում («փակ ցանց»):

Փոխանցում է euronews-ը: