15.10.2019 14:21

WSJ. Նյու Յորքի իշխանությունները ստուգում են Ջուլիանիի բանկային հաշիվները

WSJ. Նյու Յորքի իշխանությունները ստուգում են  Ջուլիանիի բանկային հաշիվները

Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դատախազությանը թույլատրվել է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի բանկային հաշիվները՝ Ուկրաինայում նրա աշխատանքի ստուգման շրջանակներում: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը:

Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ քննիչները պարզում են, թե ինչ գործարքների է մասնակցել Ջուլիանին Ուկրաինայում, ում հետ է հանդիպել: Իշխանությունների ներկայացուցիչները ուսումնասիրում են նրա բանկային հաշվեհամարների տվյալները, նաև այս տարվա օգոստոսից հարցաքննում են գործի հետ առնչություն ունեցող վկաներին: Աղբյուրները նշել են, որ քննիչները հետաքրքվում են, թե Ջուլիանիի ֆիրման ինչ աշխատանք է կատարել ներկայում Կիևի քաղաքապետը հանդիսացող Վիտալի Կլիչկոյի համար:

Ջուլիանին լրագրողներին հայտնել է, որ իրեն չեն տեղեկացրել հետաքննության մասին: «Նրանք կարող են, ինչքան ուզում են՝ տեղեկություններ հավաքել իմ ուկրաինական բիզնեսի մասին»,- ասել է նա:

Հրապարակման մեջ չի նշվում, թե հատկապես ինչում են կասկածում Ջուլիանիին: Երկուշաբթի The New York Times թերթը տեղեկացրել է, որ մեգապոլիսի իշխանությունները Ջուլիանիին կասկածում են լոբբիզմի մասին օրենքները խախտելու մեջ: Թերթի տվյալներով՝ հետաքննիչները փորձում են պարզել՝ արդյո՞ք Ջուլիանին խախտել է ԱՄՆ քաղաքական գործընթացների վրա արտասահմանյան ազդեցությունը կանխելու վերաբերյալ օրենքները:

Փոխանցում է tass.ru-ն: