15.10.2019 14:49

Լրջանալու ժամանակը

Լրջանալու ժամանակը

Ինչպես եւ ակնկալում էին շատերը, երեկ ՍԴ-ն մերժեց անգամ վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ կողմից ներկայացված միջնորդությունը: Ոչ թե քննեց ու հետո մերժեց, այլ՝ միանգամից, կարճ՝ վարույթ էլ չընդունեց:

Եթե քոչարյանական կամ սերժսարգսյանական ժամանակներում իշխանությունները որոշեին ինչ-որ հարցով դիմել ՍԴ, ապա որեւէ կասկած չէր կարող լինել, որ ՍԴ-ն կկայացներ այն որոշումը, որն ակնկալում է իշխանությունը: Եւ ոչ ամենեւին այն պատճառով, որ ճշմարտությունը իշխանության կողմն էր, եւ կամ՝ որ ՍԴ-ն էր ճշմարտության վերջին բաստիոնը, եւ կամ՝ որ ՍԴ-ն ինքն իրենով, ներքին չգրված կանոնակարգով իշխանություններին երբեք չմերժելու կոնսենսուս ուներ: Հարցն անգամ իշխանության լեգիտիմությունը եւ չլեգիտիմությունն էլ չէր: Եւ ՍԴ-ն էլ չէր հարցը. այդպես էին աշխատում նախկինները ցանկացած կառույցի հետ, ցանկացած ոլորտում, ցանկացած հարցում:

Եւ ո՞րն էր նախկինների այդ «հաջողության գաղտնիքը»: Նախկինները լեգիտիմ չէին, այօրսվա իշխանությունը լեգիտիմ է: Բայց նախկինների մոտ ամեն ինչ ավելի հարթ էր ընթանում, այսօրվա իշխանությանը տարբեր տեղերից «դիմադրում են»: Այո, հասկանալի է, որ որոշ ոլորտներում նախկիններից մնացած անձինք պիտի իրենց ձեւերով կռիվ տան: Բայց, որքան էլ որ տարօրինակ թվա, դա չէ հիմնական պատճառը:

Պատճառն ավելի տրիվիալ է՝ կազմակերպվածությունը:

Նախկինները գործում էին եւ այսօր էլ շարունակում են գործել որպես մեկ միասնական բանակ՝ կանոնակարգված ու համակարգված: Եթե նրանք հայտարարում էին, որ պատրաստվում են այս կամ այն բանն անել, ուրեմն մինչ այդ արդեն, նախապես, ներքին կարգով ամեն ինչ կազմակերպել են: Ուրեմն, արդեն 100 տոկոսով վստահություն ունեին, որ կարող են դիմել այդ քայլին, եւ անակնկալներ չեն լինելու: Ավելին, նրանք հաճախ անգամ ներքին կարգով չեզոքացնելով  իրենց համար գոյություն ունեցող շատ «վտանգներ»՝ հրապարակավ երբեմն ձեւացնում էին, թե անգամ տեղյակ էլ չեն, թե ինչի մասին է խոսքը:

Այսօր պատկերը լիովին հակառակն է: Իշխանության պատգամավորներն ամեն մեկը մի երգ է երգում, հայտարարություններ են հնչում սպասվող քայլերի մասին, եւ թվում է, թե եթե բանն արդեն հասել հայտարարություններ հնչեցնելուն, ուրեմն ամեն բան նախապես նախապատրաստվել է: Բայց, մեկ էլ՝ սկսվում է գործընթացը, ու պարզվում է, որ ոչ մի նախապատրաստական աշխատանք էլ չի արվել: Թվում է՝ իշխանության հույսը բացառապես հանրության աջակցության վրա է: Որ նախկինների հետ կապված ցանկացած հարցում նախկինները կդադարեն «կռիվ տալ»՝ իմանալով, որ իշխանությունը լեգիտիմ է եւ ունի հանրության աջակցությունը: Բայց դա, մեղմ ասած, ինքնախաբեություն է, որովհետեւ հանրությունը չի կարող ամեն անգամ այս կամ այն կառույցի գործառույթները կատարել, հանրությունը դրա համար չէ, հանրությունն արդեն իր քվեով իշխանությանը տվել է իշխանական լծակներ՝ օրենսդիր, գործադիր, իրավապահ, եւ հնարավորություն, որ իշխանություններն այդ մարմինների միջոցով որոշումներ կայացնեն: Բայց եթե ամեն ինչ պետք է դրանից հետո էլ հանրությունն անի, ապա էլ ինչի՞ համար են ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Բանակը, ԱԺ-ն, կառավարությունը: Ավելին, այս ինֆանտիլ մոտեցումը վտանգավոր է հենց իշխանության համար, որովհետեւ հանրությունը միատարր չէ, եւ սովորաբար միայն հանրության փոքր խմբերն են ունենում կայուն վստահություն այս կամ ուժի կամ գործի հանդեպ: Համատարած աջակցությունը գալիս է այն ժամանակ, երբ սովորաբար պասիվ եւ իներտ զանգվածը այս կամ այն գործչի կամ միավորման մեջ ուժ է տեսնում: Ինքը միանում է ուժեղին՝ ավելի ուժեղացնելով այն, եւ հույսով, որ այդ ուժը իրեն որպես հանրություն պիտի պաշտպանի: Բայց եթե հանրությանը պարբերաբար մեսիջ է հղվում, կամ  նա տեսնում է, որ անձը կամ քաղաքական միավորն առանց իր (հանրության) աջակցության` ուժ, ազդեցություն չունի, աջակցությունը մաշվում է:

Այս մասին է, որ առաջին հերթին պետք է մտածեն իշխանությունները եւ վերջապես հասկանան, որ իշխանությունը թիմային դիսցիպլինա է ենթադրում, եւ որ պիտի որոշ իրավիճակներում գործեն բանակային տրամաբանությամբ՝ հստակ կանոնակարգված, առանց ինքնագործունեությունների, առանց իրար «ոտի տակը փորելու», այն էլ՝ այսպիսի անցումային իրավիճակում, ինչպիսին գտնվում է Հայաստանն այսօր: Որովհետեւ հեղափոխությունը սկսվել, բայց դեռ չի ավարտվել, որովհետեւ նախկինները շարունակում են դիմադրել որպես մեկ կուռ բանակ, ոչ թե իրար ոտքի տակ փորելով, այլ իրար ուս ուսի տված,  գիտեն, թե որ ժամին ինչպես միանգամից բոլորը նույն քարոզչական գիծը հրապարակ բերեն, ինչ անել, երբ, որը որից հետո: Եւ ամենակարեւորը, նրանք այնքան կազմակերպված են դիմադրում, որ հաճախ նրանց «գեներալներն են դառնում շարքային զինվորական», եւ չեն նեղվում այդ մտքից, որովհետեւ քարոզչական կռվում՝ ինչպես կռվում: Իսկ իշխանության պարագայում հակառակ իրավիճակն է, այնտեղ զինվորների ամբողջականություն գրեթե չկա, կան առանձին «գեներալներ»՝ ամեն մեկն իր ճշմարտությամբ:

Իսկ այն, ինչ արեց ՍԴ-ն, շատ լավ էր: Հուսանք՝ սա դաս կլինի իշխանությունների համար եւ յուրահատուկ ահազանգ-ազդականչ, որ թիմում կարգապահություն է պետք, որ թիմում «համար մեկ» հայտարարելու ժամանակն է: Կամ էլ նրանք պիտի ինքնազմայլանքով զբաղվելու եւ այս պահին անկարեւոր երկտողների համար բյուջեից գումար հատկացնելով ու քաղաքի գովազդային վահանակները դրանցով «զարդարելու» փոխարեն՝ պիտի գործեն որպես մեկ ամբողջականություն:  

Քրիստինե Խանումյան