16.10.2019 09:30

Գեներալից մինչեւ թյուրիմացություն

Գեներալից մինչեւ թյուրիմացություն

Երեկվա իր ասուլիսում Վիտալի Բալասանյանը բազմաթիվ անհեթեթություններ է թույլ տվել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, թե իբր նա որևէ դեր չի խաղացել Արցախի ազատագրման գործում, դեմ է եղել Արցախի շրջակա տարածքների գրավմանը և իրականացրել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու ծրագիրը: Մեր կայքի պատվից ցածր համարելով այդ թյուրիմացությանը պատասխանելը, ստորև ներկայացնում ենք, թե ինչպես են ժամանակին Ղարաբաղի ղեկավարները և Հայոց բանակի հրամանատարները գնահատել Տեր-Պետրոսյանի դերը Հայոց բանակի կազմավորման, Արցախի անվտանգության ապահովման և հաղթանակի նվաճման գործում: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի լուծման տերպետրոսյանական ծրագրին, ապա այդ առթիվ էլ նպատակահարմար ենք համարում բավարարվել Հայաստանի կողմից Ղարաբաղի անվտանգության երաշխավորությունը ստանձնելու վերաբերյալ 1993 թ. նրա հայտարարության և Լիսաբոնի գագաթնաժողովում նրա ունեցած ելույթների վերահրապարակմամբ:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախարար եւ պետնախարար (1991–1999 թթ.)

Ինձ համար շատ դժվար է այսքան լավ, հրաշալի հռետորներից եւ հատկապես Վանո Սիրադեղյանի այս բարի խոսքից հետո խոսել։ Դեռեւս յուրաքանչյուր տարին ձեր զավակներին, ձեր եղբայրներին բանակ եմ տանում, սակայն ինչ-որ մեկը այդ գործը պիտի աներ։ Ես եմ դա անում, սիրով եմ անում, այդպիսին է իմ պաշտոնական աշխատանքի բնույթը, սակայն ուզում եմ ձեզ ասել, որ ավելի անշնորհակալ աշխատանք կա հանրապետությունում. դա հանրապետության նախագահի աշխատանքն է. հանրապետության նախագահն է, որ կայացնում է ամենադժվարին, ամենապատասխանատու որոշումները, եւ տեր է մեր բոլոր հաղթանակներին, տեր է մեր բոլոր պարտություններին, գնացքից երբեք չի թռչելու, տանելու է մեր գնացքը մինչեւ վերջ: Ես այսօր չեմ խոսելու մեր հաղթանակների մասին, մեր բանակի մասին. մեր բանակը եւս մեկ անգամ տեսնել ցանկացողները վաղը կարող են ներկա լինել հայ-ռուսական մեծ զինախաղերին, որոնք ամենախոշորն են Սովետական Միության փլուզումից հետո եւ որին մասնակցում է շուրջ 4 հազար զինվոր: Մեր բանակի մասին անգամ փոքր-ինչ կասկած ունեցողները կարող են ներկա լինել. բոլորիդ սիրով հրավիրում եմ սեպտեմբերի 21-ին ժամը 11-ին այս հրապարակում տեղի ունենալիք անկախության հնգամյակի շքերթին, եւ դա է հանրապետության նախագահի՝ բանակի գլխավոր հրամանատարի ամենամեծ ձեռքբերումը ըստ իս, սակայն ես ուզում եմ խոսել մեդալի հակառակ, չերեւացող երեսի մասին: Ամենաառաջին, ամենամեծ հաղթանակը, որ մենք ունեցանք, դա մեր հոգեբանության փոփոխությունն էր, որը քաղաքական երիտասարդ գործիչների այս թիմը, հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարողացավ կատարել: Մենք լոպազ-սնապարծ, մեծախոս քաղաքականությունից կարողացանք դառնալ իրատես, քայլ առ քայլ մեր խնդիրները իրականացնող ազգ: Մեր նախագահը երբեք հրապարակավ չխոսելով Հայ դատի մասին, քայլ առ քայլ լուծում է Հայ դատի բոլոր խնդիրները: Եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, այսօր եւ վաղը հայ ազգը երբեք այլեւս կոտորած չի տեսնի: Հայ դատի ամենամեծ ջատագովները կորցրեցին հայրենիքի կեսը, հետո երգեցին թե. «Մասիսին բան պատահի՝ ազգովի դառնանք ֆիդայի» (թե Մասիսին է՛լ ինչ էր պատահելու՝ չեմ հասկանում, ինչ որ պատահելու էր՝ պատահել էր): Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք այլեւս նման երգեր չեն երգվի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին մենք քայլ առ քայլ մեր ռազմական հաջողությունները կհասցնենք վերջնական հաղթանակների: Ես համոզված եմ՝ այն ներքին կայունությունը, որ ձեռք է բերված Հայաստանում, հաջորդ հինգ տարվա ընթացքում դառնալու է վերջնական, Հայաստանը Լեւոն Տեր-Պետրոսյանով մտնելու է 21-րդ դար որպես ամուր, կառուցիկ պետություն, հզոր, շատ հզոր բանակով, քաղաքական հրաշալի համակարգով, եւ այն ընտրություններով, որ տեղի են ունենում, ես համարում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ ձեռքբերումը։ Ես շատ գոհ եմ ընտրությունների այս վիճակից. քաղաքակիրթ երկրների նման մենք գնում ենք դեպի մեր նախագահի ընտրություն։ Ես համոզված եմ. այս միասնության դեպքում ժողովուրդը (իսկ մեր ժողովուրդը չափազանց սթափ ժողովուրդ է, եւ բոլոր ամենապատասխանատու պահերին կարողացել է հավաքվել ու միասնական, վճռական որոշում կայացնել) շատ լավ հասկանում է, որ հաղթանակած ղեկավարներին փոխել չի կարելի, հաղթանակած ղեկավարները պիտի շարունակեն հաղթել ու պիտի առաջնորդեն մինչեւ վերջնական հաղթանակ, վերջնական հանգրվան, 2001 թվական։ 21-րդ դար մենք ձեզ հետ մտնելու ենք հաղթանակած, կայուն եւ մտնելու ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ։

__________________________

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 19.09.1996թ.:

* * *

Եթե նայենք անցած 6–7 տարիներին, պիտի գնահատենք, որ Լեւոնն Արցախի հարցում հսկայական եւ անուրանալի գործ է արել։ Հսկայակա՛ն։ Ամենեւին պատահական չէ, որ երբ մեր զինված ուժերը գրավում էին Շուշին, հետո գրավում էին Լաչինը, հետո գրավում էին 7–8 շրջաններ, եւ մենք սարսափով մտածում էինք, թե մեզ թուրքերը կամ կուտեն, կամ ամբողջ աշխարհը մեզ ագրեսոր կճանաչի, ոչ թուրքերը մեզ կերան, ոչ ագրեսոր ճանաչեցին։ Դա լուրջ արտաքին քաղաքականության արդյունք էր, շատ լուրջ՝ եւ Ռուսաստանի հետ, եւ ԱՄՆ-ի հետ չափազանց լուրջ ու ծանրակշիռ արտաքին քաղաքականություն է տարվել։

__________________________

1998թ. հունիս, Ստեփանակերտ։ «168 ժամ» թերթ, 11.11.2004թ.; «Երկրապահ» հանդես, 05.03.2005թ.։

* * *

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
ԼՂՀ նախագահ (1994–1997 թթ.)

Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին.— Արցախի ժողովրդի եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան 50-ամյակը։ Հայաստանի անկախության, հայկական նոր ժողովրդավարական պետության ստեղծման գործում Դուք ուժ ու եռանդ չեք խնայել, առաջնորդվելով հայ ժողովրդի այն ձգտումներով, որ Հայաստանը լինի ազատ եւ տնտեսապես բարգավաճ երկիր։ Արցախի երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանա Ձեր անձնական ներդրումը մեր հերոսական գոյապայքարում: Մենք մեր թիկունքում միշտ զգացել ենք մայր Հայաստանի, Հայաստանի Հանրապետության իշխանությունների զորակցությունը։ Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ ղարաբաղյան երկարակեցություն՝ ի փառս այն նոր ու մեծ գործերի, որի իրականացմանն են ուղղված հայ ժողովրդի ջանքերը։

__________________________

ՀՀԱՆԱ, թղթ. 03/09.01.1995։ Կրճատումներով հրատարակված՝ Լ. Տեր-Պետրոսյան. Վերադարձ, էջ 79։

* * *

Այսօր ԼՂՀ-ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ եւ հարգանք միջազգային հանրության կողմից: Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանի Հանրապետությունը... Ես կուզեի շեշտել Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա Ղարաբաղում հասկանում են բոլորը, եւ ինձ թվում է, որ Հայաստանում եւ Սփյուռքում՝ նույնպես:

__________________________

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 19.09.1996թ., վերահրատարակված՝ Լ. Տեր-Պետրոսյան. Վերադարձ, էջ 79:

* * *

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ Պաշտպանության նախարար (2000–2007 թթ.)

92 թվականին Հանրապետության ղեկավարությունը, Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդունեց Հայաստանի, առաջին հերթին, նրա Զինված ուժերի համար չափազանց կարեւոր եւ հեռատես որոշում. մենք բռնեցինք ո՛չ թե Խորհրդային զորքի սպառազինության բռնի գրավման, այլ` այդ սպառազինության Հայաստանի չափաբաժնի կանոնավոր, պայմանագրային հիմունքներով ստացման ուղին: Դրա շնորհիվ էր, որ թեեւ ռազմական տեխնիկան քանակապես քիչ էր` համեմատ նրան, ինչը կարող էր ստացվել բռնագրավման պարագայում, սակայն այն սարքին վիճակում էր եւ անցավ ո՛չ թե անհատներին կամ առանձին ջոկատներին, այլ` պետությանը:

__________________________

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 29.01.2002թ.։

* * *

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ
ԼՂՀ նախագահ

Մեծարգո՛ Լեւոն Հակոբի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որի կերտման գործում մեծ է Ձեր անձնական ավանդը։

Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք։ Խորին հարգանքով՝ Բակո Սահակյան, Արցախի Հանրապետության Նախագահ։

__________________________

ՀՀԱՆԱ, թղթ. 03/30.08.2019։

* * *

ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ (1996–1997 թթ.)

Անժխտելի է այն փաստը, որ մեր հաջողությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության վարած ճկուն դիվանագիտությամբ եւ հավասարակշռված քաղաքականությամբ: Եւ ինչ խոսք, որ այդ դժվարին գործում մեծ է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դերը:

__________________________

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 19.09.1996թ., վերահրատարակված՝ Լ. Տեր-Պետրոսյան, Վերադարձ, էջ 79:

* * *

ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԼՂԻՄ մարզխորհրդի նախագահ (1991թ.), ԼՂՀ վարչապետ (1995–1998 թթ.)

Գործադիր կոմիտեի անունից եւ նրա հանձնարարությամբ շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Իրականացավ հայ ժողովրդի եւս մեկ երազանքը՝ ունենալ իր նախագահը։ Հատկապես կարեւոր է, որ ընտրություններն անցկացվել են բացառապես ժողովրդավարական սկզբունքներով։

Արցախի հայ բնակչությունը իր ապահովությունն ու բարգավաճումը չի պատկերացնում առանց ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետության գոյության։

Ցանկանում եմ Ձեզ արցախյան երկարակեցություն, արցախյան սկզբունքայնություն եւ իմաստնություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ ողջ հայ ժողովրդի իղձերի իրականացման...։

__________________________

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 24.10.1991թ.։

* * *

Եթե այսօր արցախահայությունը մասնակցեր Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին, ապա բացարձակ մեծամասնությամբ իր ձայնը կտար ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին:

__________________________

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 19.09.1996թ., վերահրատարակված՝ Լ. Տեր-Պետրոսյան, Վերադարձ, էջ 72:

* * *

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար (1993–1999 թթ.)

Մեծարգո Լեւոն Հակոբի, ընդունեցեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան 60-ամյակի առթիվ: Բարձր եմ գնահատում Ձեր տեւական ավանդը ինչպես արցախյան ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման ու նրա համակողմանի նվաճումների ապահովման ասպարեզում, այնպես էլ՝ Հայաստանի ու Արցախի տարածքներում Հայոց պետականության վերականգնման ու ամրապնդման պատմակշիռ գործում: Կրկին կարեւորելով նորանկախ Հայաստանի առաջին նախագահիդ նշանակալից հոբելյանը՝ որպես էական մի շրջափուլ ոչ միայն Ձեր, այլեւ ընդհանրապես հայրենի հասարակական-քաղաքական կյանքում, ի սրտե մաղթում եմ Ձեզ արցախյան արեւշատություն, անձնական երջանկություն եւ հարաճուն հաջողություններ. Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան. 2005թ. հունվարի 9:

__________________________

ՀՀԱՆԱ, թղթ. 03/09.01.2005, առաջին անգամ հրատարակված՝ Լ. Տեր-Պետրոսյան. Վերադարձ, էջ 124:

* * *

ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑ
ՀՀ Զինված ուժերի հրամանատար, Գլխավոր շտաբի պետ–ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (1992–1995 թթ.) Գեներալ-լեյտենանտ

Ես հրավիրվել եմ Հայաստան ՀՀ ԶՈւ ձեւավորելու համար, որը երբեք այդքան գիտականորեն չէր եղել կազմակերպված՝ որպես կանոնավոր զինված ուժեր։ Ի դեպ, նկատի ունեմ վերջին հարյուրամյակը։ Ուստի ինձ հրավիրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը, ինչպես նաեւ՝ Վահան Շիրխանյանը։...

Ոչ մի անգամ ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն ինձ որեւէ վատ խոսք չեն ասել, իսկ ես՝ առավել եւս։ Նախ՝ ես իրավունք չունեի, քանի որ նրանք ղեկավար անձինք էին, թեեւ ես երբեք ոչինչ չեմ արհամարհել։ Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը չափազանց նրբանկատ, բարձր կազմակերպվածությամբ, ջենտլմենական մոտեցում ունեին, եւ ես խոնարհվում եմ նրանց առջեւ։... Հենց Վազգեն Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի շնորհիվ մենք ունեցանք բանակ, որը կյանքում առաջին անգամ ազատագրեց մեր հողերը եւ պաշտպանեց հայ ժողովրդի արժանապատվությունը։

__________________________

«Ժամանակ» օրաթերթ, 03.09.2013թ.։

* * *

ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ–պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (1991–1992 թթ.), ՀՀ նախագահի խորհրդական–Գլխավոր ռազմական տեսուչ (1993–2007 թթ.) Գեներալ-գնդապետ

Բոլոր մարտական գործողությունները պլանավորվում եւ ղեկավարվում են գլխավոր շտաբի կողմից: Գլխավոր շտաբն է երկրի ուղեղը` ռազմական փոխհարաբերությունների առումով, եւ իհարկե նաեւ երկրի նախագահը: ՀՀ նախագահը Շուշին գրավելու պահանջ դրեց, նա սահմանեց Շուշիի գրավման օպերացիայի քաղաքական նպատակը... ՀՀ նախագահն է ղեկավարել այդ ողջ օպերացիան, քանի որ նա էր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, եւ առանց նրա հրամանի գլխավոր շտաբը չէր կարող գործողություններ ծավալել: ...«Վերեւներից» օպերացիան իրականացնող ուժերի վրա ոչ մի ճնշում չի գործադրվել: Տեր-Թադեւոսյանին հրահանգ էր տրվել գլխավոր շտաբի կողմից, եւ ես այդ ժամանակ նրա հետ էի, հսկում էի, որպեսզի ճիշտ կատարի իրեն տրված հրահանգները, եւ որպեսզի տանուլ չտրվի մարտը: Եթե նա ուզում է սեփականաշնորհել Շուշիի հաղթանակը` թող, եռակի հերոս դառնա, ինձ համար կարեւորն այն է, որ ես պլանավորել եմ այդ օպերացիան եւ ապահովել դրա իրականացումը: Ինձ հերիք է այն, որ այսօր Արցախն ազատագրված է եւ ժողովուրդն ազատ է ապրում:

__________________________

https://avetis-payqar.blogspot.am/2012/08/blog-post_3.html, 03.08.2012թ.։

 

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ
Արցախի եւ Հայաստանի ռազմական-պետական գործիչ,
Գեներալ-լեյտենանտ

1995թ. ամռանը Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների եւ ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ: Պաշտպանության կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց Սեյրան Օհանյանին՝ քարտեզի վրա ցույց տալ պաշտպանական գծից բանակային Մարտակերտ-Աղդամ-Մարտունի-Ֆիզուլի-Ջեբրայիլ մերձճակատային ճանապարհի հեռավորությունը: Նա տվեց հանձնարարականներ, խոսեց հետագա ռազմական գործողությունների ժամանակ այդ մերձճակատային ճանապարհի կարեւորության մասին: Այնուհետեւ հանձնարարական տվեց, որ այդ ճանապարհը միշտ պետք է լինի վերանորոգված: Վերջում արեց մի կարեւոր հայտարարություն, որ կլսեք հազար բան հող հանձնելու վերաբերյալ, զիջումների եւ փոխզիջումների մասին: Ես հող չեմ վերցրել եւ հող չեմ զիջելու: Ցանկացած բանակցության արդյունքի այո կամ ոչ ասողը դուք եք՝ պետք է պատրաստվել պատերազմի: Հետո ցանկություն հայտնեց լինել պաշտպանական գծի հարավ-արեւելյան հատվածում, որտեղ հրամանատարը ես էի: Ես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սամվել Բաբայանին, Լեոնարդ Պետրոսյանին, եւ եթե հիշողությունս չի դավաճանում նրանց հետ էր նաեւ Հրանտ Մաթեւոսյանը, դիմավորեցի Կարախանբեյլիի պաշտպանական հատվածում: Մանրամասն զեկուցեցի առաջնագծի իրադրության վերաբերյալ եւ ցույց տվեցի առաջնագիծը:

__________________________

aravot.am, 03.08.2018թ.։

* * *

ՆԱԻՐԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչի տեղակալ հետագայում՝ ներկայացուցիչ (1995–1997 թթ.),
ԼՂՀ արտաքին գործերի նախարար (1997–2002 թթ.)

Ինձ թվում է, (ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովում) հայկական պատվիրակության բոլոր անդամներն էլ անձնական քաջություն դրսեւորեցին, որովհետեւ շատ դժվար է բավականաչափ երկար ժամանակ ճնշման տակ գտնվել։ Հայաստանն արեց այն, ինչ պարտավոր էր անել։ Հակառակ ԵԱՀԿ անդամ-պետությունների ճնշմանը, նա կանխեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պարտավորեցնող բանաձեւի ընդունումը։ Արեւմտյան որոշ լրագրողներ, նկարագրելով ԵԱՀԿ նախագահի Լիսաբոնում հնչեցրած հայտարարության պահը, ուշադրություն են դարձրել «Հայաստանի նախագահի դեմքի քարացած արտահայտությանը»։ Կարծում եմ, հենց ճնշումների առջեւ տեղի չտալու եւ ողջ հայ ժողովրդի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու՝ նախագահ Տեր-Պետրոսյանի ընդունակությունը գնահատելով է, որ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլոր հայերի նախագահն է»։

__________________________

«Республика Армения» օրաթերթ, 11.12.1996թ.։

* * *

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ

Ձերդ Գերազանցություն մեծարգո պարոն Տեր-Պետրոսյան, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Անուրանալի է Ձեր ավանդը արցախահայության ազգային-ազատագրական պայքարի, Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման գործում։ Մաղթում եմ, որ 2018 թվականը լինի խաղաղության, Ձեր բոլոր ծրագրերի իրականացման ու իղձերի կենսագործման տարի։ Առողջություն եւ ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր ընտանիքին։ Խորին հարգանքով՝ Աղվան Հովսեփյան, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ, 29.11.2017թ.։

__________________________

ՀՀԱՆԱ, թղթ. 13/23.12.2017։

* * *

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ

Այսօր մենք գաղափարապես ենք կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մեր առաջին գերագույն գլխավոր հրամանատարի կողքին։ Նրա հետ միասին մենք կերտել ենք արցախյան ազատամարտն ու հաջողության ենք հասել։ Մենք հավատում ենք նրան, եւ այսօր մենք՝ ազատամարտիկներս, կանգնած ենք նրա կողքին։ Ես եւ իմ մյուս ազատամարտիկ ընկերները վիրավորված ենք, որ որոշ մարդիկ արցախյան ազատամարտի հերոսական տարիները որակում են մութ ու ցուրտ տարիներ։ Այո, եղել են ցուրտ եւ մութ տարիներ, եղել են բազմաթիվ այլ դժվարություններ, բայց մենք ոչ միայն դիմակայել ենք, այլեւ հաղթել ենք պատերազմում։

__________________________

«Առավոտ» օրաթերթ, 12.02.2008թ.։

Այն ժամանակ երկրի նախագահը չէր կարող բացահայտ հայտարարել, թե պետք է ազատագրենք Շուշին կամ Խոջալուն։ Այն ժամանակ ՀՀ-ն իբր չէր պատերազմում Ադրբեջանի հետ, ԼՂ-ում էր պատերազմ, ԼՂ-ն էր պատերազմում։ Բնականաբար, նա բացահայտ չպետք է հայտարարեր դա, քանի որ միջազգային օղակներում մեծ խնդիրներ կունենար։ Իսկ դա վերածել են, թե Տեր-Պետրոսյանը չէր ուզում, որ Շուշին ազատագրեն։

__________________________

aravot.am, 07.05.2015թ.։


 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ.
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 1993 Թ. ՄԱՅԻՍԻ 26-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետությունը տալով իր համաձայնությունը «3+1» նախաձեռնության մայիսի 18-ի տարբերակին եւ պարտավորվելով լիովին իրագործել իրեն վերաբերող կետերը՝ մեկնում է այն համոզումից, որ նշված նախաձեռնությունն ընձեռում Է տարածաշրջանում խաղաղության պայմաններ ստեղծելու առաջին լուրջ հնարավորությունը, որն իր հերթին հնարավոր է դարձնում բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը։

Այս դիրքորոշմամբ Հայաստանը նկատի է առնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822 բանաձեւը, որի անհապաղ ու ամբողջական կիրառումը պարտադիր է բոլոր պետությունների ու կողմերի համար, ինչպես նաեւ պատերազմի ծավալումից ու խորացումից խուսափելու անհրաժեշտությունը տարածաշրջանի երկրների անվտանգության տեսակետից։ Այս ամենով հանդերձ հարկ է զգացվում ընդգծելու, որ նախաձեռնությունը տեղիք է տալիս որոշ մտահոգությունների, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխիքներին։ Հայաստանը լիովին համոզված չէ, որ Ադրբեջանը վերջնականապես հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի հարցին ռազմական լուծում տալու իր քաղաքականությունից։

Սակայն Հայաստանը վճռել է կատարել այն քայլերը, որոնք կարողություն են պարունակում ընդլայնելու խաղաղ գործընթացի առկա հնարավորությունները, ուստի Հայաստանը ոչ միայն կրկին հավաստում է, որ իր բոլոր տրանսպորտային ուղիները բաց են հարեւան երկրների, այդ թվում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության համար, այլեւ պատրաստ է դա ամրագրելու համապատասխան ռեգիոնալ բազմակողմ համաձայնագրով։

Խաղաղության հնարավորությունների խորացման ձգտող այս որոշմամբ Հայաստանը պարտավորվում է նաեւ հավելյալ պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ փաստորեն հանդես գալով որպես պայմանավորվածությունների խստիվ կիրառման երաշխավոր։ Ըստ այդմ Հայաստանը աներկբայորեն հայտարարում է, որ չի հանդուրժի ձեռք բերված պայմանավորվածությունների որեւէ խախտում, եւ ակնկալում է, որ համապատասխան պարտավորություն կստանձնեն նաեւ նախաձեռնության հեղինակներն ու միջազգային հանրությունը։ Մինչեւ օրս՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ռազմականացումից չորս տարի անց, միջազգային հանրությունը, ներառյալ ՄԱԿ-ը, ԵԱՀԽ-ը եւ առանձին երկրներ, գործնականում ոչ մի քայլի չեն դիմել՝ պաշտպանելու համար Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը Ադրբեջանի շրջափակումներից, բռնություններից, տեղահանումներից ու օդային ռմբակոծումներից։ Միջազգային հանրությունը չի կարող ներկայանալ որպես միջազգային իրավունքի մի մասի պաշտպան՝ կատարելապես անտեսելով մյուս մասը։

Քելբաջարից Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ետ քաշվելու պարագայում Քելբաջարի վերառազմականացումը կամ ընդհանրապես այս նախաձեռնությամբ նախատեսված ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը ոչ միայն կսպառնան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, այլ նաեւ, ձախողության մատնելով միջնորդական ջանքերը, անդառնալիորեն կհեղինակազրկեն միջազգային միջնորդության գաղափարն անգամ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է իր կառուցողական մասնակցությունը բերելու նախաձեռնության իրականացմանը այն հասկացողությամբ, որ ընդունելով այս նախաձեռնությունը, Ադրբեջանն ընդմիշտ հրաժարվում է ռազմական միջոցներով Ղարաբաղի հարցի լուծումից։ Նախաձեռնության հեղինակները, միջազգային հանրությունը եւ մանավանդ ՄԱԿ-ն ու ԵԱՀԽ-ը այսուհետեւ Ադրբեջանին պատասխանատու պիտի նկատեն միջազգային օրենքի ու վարվելակերպի որեւէ խախտման համար։

__________________________

Հրապարակված «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ազգ» օրաթերթերում. 27.05.1993թ.։ «3+1» նախաձեռնության մասին մանրամասն տե՛ս В.П. Ступишин, Моя миссия в Армению (1992–1994). Воспоминания первого посла России, Москва, 2001, с. 205–215.

* * *

ՔԱՂՎԱԾՔ ԵԱՀԿ ԼԻՍԱԲՈՆՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՆԵՑԱԾ ԵԼՈՒՅԹԻՑ (02.12.1996)

Բուդապեշտյան գագաթնաժողովից հետո ընկած ժամանակամիջոցում Հայաստանն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Ի լրումն այդ գործընթացի, Հայաստանը հանդես է եկել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության նախաձեռնությամբ՝ նրա հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման նպատակով։

Սակայն այս գագաթնաժողովում, մեզ թվում է, Ադրբեջանը փորձում է խախտել բանակցային գործընթացի բոլորի կողմից ընդունված տրամաբանությունը։

Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։

Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս–հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։

Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է։

Այդուհանդերձ, Հայաստանը, վերահաստատելով հրադադարի պահպանման իր պարտավորությունը, պատրաստակամություն է հայտնում շարունակելու կառուցողական մասնակցությունը բանակցությունների գործընթացին՝ ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ ուղղակի երկխոսությամբ հակամարտությունը բանական եւ արդարացի փոխզիջման հիման վրա շուտափույթ կարգավորելու նպատակով։

__________________________

Ելույթի ամբողջական բնագիրը տե՛ս Լեւոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան, 2006, էջ 547–550։

* * *

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻՍԱԲՈՆՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ (03.12.1996)

ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության կապակցությամբ Հայաստանի պատվիրակությունն իր մտահոգությունն է արտահայտում հետեւյալ հարցերի վերաբերյալ.

1. Հայտարարությունը չի արտացոլում Մինսկի խմբի մանդատի ոգին ու տառը, հաստատված 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի կողմից, որի էությունն է՝ քաղաքական համաձայնության հասնել բանակցությունների միջոցով։

2. Այս հայտարարությունը կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչը հակասում է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 1992թ. որոշմանը, որն այդ հարցը վերապահում է քաղաքական պայմանագրի կնքումից հետո կայանալիք ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսին։

3. Հայկական կողմը համոզված է, որ խնդրի լուծումը կարող է գտնվել միջազգային իրավունքի եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ հռչակագրի սկզբունքների, առաջին հերթին, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա։

4. Փոխզիջումային լուծման հասնելու նպատակով Հայաստանը պատրաստ է շարունակել ինտենսիվ բանակցությունները ինչպես Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ այդ խմբի համանախագահների կողմից համակարգվող ուղիղ շփումների մակարդակում։

Խնդրում ենք այս հայտարարությունը կցել գագաթնաժողովի Հռչակագրին։

__________________________

osce.org/mc/39539, 03.12.1996թ.։ Քանի որ ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են միաձայնության (կոնսենսուսի) սկզբունքով, գործող նախագահի հայտարարությունը իրավական ուժ չունի եւ հենց այդ պատճառով երբեւէ չի հիշատակվել Մինսկի խմբի փաստաթղթերում եւ համանախագահ երկրների ղեկավարների պաշտոնական հայտարարություններում, որոնցում հղում է կատարվում միայն միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկյան հռչակագրով եւ Անվտանգության Խորհրդի բանաձեւերով ամրագրված սկզբունքներին։