16.10.2019 12:25

Աշոտ Սարգսյան. Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին ընտրությունները 1991թ. հոկտեմբերի 16-ին

Աշոտ Սարգսյան. Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին ընտրությունները 1991թ. հոկտեմբերի 16-ին

(Հատված «Ղարաբաղյան շարժման պատմություն», հ. 2-րդ, անտիպ աշխատությունից)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի մասին օրենքին համապատասխան՝ օգոստոսի 17-ից սկսվեց թեկնածուների առաջադրումը: Այս առիթով հրավիրվեց ՀՀՇ արտահերթ (երրորդ) համագումարը, որը օգոստոսի 27-ին կայացրած որոշմամբ (614 կողմ, 1 դեմ) հանրապետության նախագահի թեկնածու առաջադրեց ՀՀՇ անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Կազմվեց նաեւ նախընտրական աշխատանքների կազմակերպման նախընտրական շտաբ՝ Տեր-Հուսիկ քահանա Լազարյանի ղեկավարությամբ:

Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրեց նաեւ ՀՌԱԿ-ը՝ սեպտեմբերի 9-ին կայացած հանրապետական վարչության իր արտահերթ նիստում[1]: Պաշտպանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը՝ ՌԱԿ կենտրոնական վարչությունը նրան բնորոշում էր իբրեւ «խիզախ անձնավորություն», «ռահվիրա Հայաստանի ժողովրդավարական շարժման եւ մանավանդ՝ նկատի ունենալով անոր խոհեմ ու վարչագետ քաղաքականությունը»: ՀՌԱԿ-ը համարում էր, որ վերջին մեկ տարվա բարդ իրադարձությունների մեջ «Լեւոն Տեր-Պետրոսյանը ցուցաբերեց հեռատես, խոհեմ  եւ իմաստուն քաղաքականություն մը՝ ամրապնդելով Հայաստանի ժողովրդի վստահությունը անոր նկատմամբ եւ բարձրացնելով անոր վարկը միջազգային քաղաքական շրջանակներուն մեջ»[2]:

Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրվեց նաեւ քաղաքացիական նախաձեռնությամբ[3]:

Չնայած նախագահական համակարգ հիմնելու նկատմամբ իր խիստ ժխտական վերաբերմունքին, այնուամենայնիվ, ՀՅԴ-ն այդ պաշտոնի համար որպես թեկնածու առաջադրեց դերասան Սոս Սարգսյանին[4]: ԱԺՄ-ն առաջադրեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Ընդհանուր հաշվով՝ առաջադրվել էր 17 թեկնածու: Սակայն թեկնածության առաջադրման համար հավաքված ստորագրությունների անբավարար լինելու կամ սահմանված պահանջները չբավարարելու հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց վեցի գրանցումը, մի քանիսն էլ հանեցին իրենց թեկնածությունը: Գրանցված թեկնածուներն (իրենց փոխնախագահի թեկնածուներով) ութն էին.

Աշոտ Նավասարդյան (փոխնախ. Հրանտ Խաչատրյան)

Զորի Բալայան (փոխնախ. Հարություն Մարզպետյան)

Լեւոն Տեր-Պետրոսյան (փոխնախ. Գագիկ Հարությունյան)

Մյասնիկ Հակոբյան (փոխնախ. Հակոբ Առուստամյան)

Պարույր Հայրիկյան (փոխնախ. Ազատ Արշակյան)

Ռաֆայել Ղազարյան (փոխնախ. Սուրեն Զոլյան)

Սոս Սարգսյան (փոխնախ. Վահան Հովհաննիսյան)

Վազգեն Մանուկյան (փոխնախ. Դավիթ Վարդանյան):

Հասարակության տրամադրություններից ավելի քան ակնհայտ էր  (այդ բանն անվերապահորեն հաստատում էին նաեւ անցկացված վիճակագրական հարցումները), որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը կասկած չի հարուցում: Նախընտրական քարոզարշավը, համաձայն օրենքի, սկսվեց ընտրությունից մեկ ամիս առաջ: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցի նախընտրական արշավին եւ կսահմանափակվի միայն հեռուստատեսային մեկ ելույթով: Այս քայլը նա պայմանավորում էր այն հանգամանքով, որ ավելի քան երեքուկես տարի իր գործունեությունը եղել է բոլորի աչքի առաջ, իսկ քաղաքական ծրագրերը բազմիցս հասարակությանը ներկայացնելու առիթներ է ունեցել:

Վ. Մանուկյանը շուտով՝ սեպտեմբերի 25-ին, հանեց իր թեկնածությունը, միաժամանակ հրաժարվեց նաեւ վարչապետի պաշտոնից: Այս առիթով նրա տված բացատրությունը անառարկայական էր ու անհասկանալի. «Պրեզիդենտական պայքարը ապակայունացնում է մեր հանրապետության ներքին կյանքը, էապես ազդում է մեր տնտեսական համակարգի գործունեության եւ նույնիսկ քաղաքական որոշումների ընդունման վրա» ։ Նաեւ բողոքեց, թե իրեն զրպարտում են, իսկ որեւէ մեկը չի պաշտպանում[5]: Ավելի ուշ (1996թ.) նա խոստովանեց իր այդ որոշման իրական երկու հիմնական պատճառները. առաջին՝ «հասկանալի էր, որ ժողովրդի համար Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի գերադասելի էր», եւ երկրորդ՝ «իմ կողմնակիցների թիմը զգալիորեն կուժեղանար, եթե Դաշնակցությունը.... պաշտպաներ իմ թեկնածությունը։ Սակայն Դաշնակցությունն առաջադրեց Սոս Սարգսյանին...»[6]։ Այսինքն՝ Վ. Մանուկյանի հաշվարկները չէին արդարացել. բաժանվելով ՀՀՇ-ից  ու, ըստ էության, անցնելով հայդատական գաղափարախոսական հիմքի վրա, դրան հավելելով նաեւ «համաշխարհային ազգի» եւ «ազգի պատմական առաքելության» գաղափարները՝ նա հույս ուներ, մի կողմից, հասարակության ազգային զգացումների ու սնապարծության վրա խաղալով՝ շահել նրա համակրանքը, մյուս կողմից՝ որպես Նախագահի թեկնածու՝ ստանալ Դաշնակցության պաշտպանությունը[7]: Չստանալով ոչ մեկը, ոչ մյուսը՝ նրան այլ բան չէր մնում անել, քան հրաժարվել ընտրապայքարից։

Ընտրարշավն ուներ իր յուրահատկությունը: Լեւոն Տեր- Պետրոսյանը հրաժարվեց ընտրաշավին մասնակցելուց, իսկ մյուս բոլոր թեկնածուները միմյանց դեմ պայքարելու կարիք չունեին. նրանք բոլորն առաջադրվել էին պայքարելու Նախագահի հիմնական թեկնածուի դեմ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ էր համախմբվել, փաստորեն, ողջ ընդդիմադիր դաշտը. Ա. Նավասարդյանը եւ Հ. Խաչատրյանը ներկայացնում էին ՀՀԿ-ն եւ ՍԻՄ-ը, Պ. Հայրիկյանը եւ Ա. Արշակյանը՝ ԱԻՄ-ը եւ ՔԴՄ-ն, Ս. Սարգսյանը եւ Վ. Հովհաննիսյանը՝ ՀՅԴ-ն, Զ. Բալայանը ներկայացնում էր նախկին մտավորական նոմենկլատուրան եւ Հայաստանում ապրող ղարաբաղցիներին, Ռ. Ղազարյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամի իր հանգամանքով, ձայներ պիտի խլեր հիմնական թեկնածուից եւ այլն։ Եւ շուրջ մեկ ամիս նրանք բոլորը միասին Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ անպատասխան քննադատությամբ էին զբաղված։

ՀՀՇ-ի թեկնածուի դեմ նախընտրական պայքարի առաջամարտիկը  Դաշնակցությունն էր։ Այս կուսակցության՝ նախագահի թեկնածուի կատարած ընտրությունն, այնուամենայնիվ, մեկնաբանելու կարիք ունի: Եթե ճիշտ էր Սոս Սարգսյանի խոստովանությունը, որ «գրեթե երկու տարի է», ինչ ՀՅԴ անդամ է[8], ուրեմն մինչ այդ նա, փաստորեն, այս կուսակցության չբացահայտված, ծպտված անդամ էր՝ սովորական տրամաբանության համար անհասկանալի մի երեւույթ: Նախագահական ընտրություններում կուսակցությունները սովորաբար որպես թեկնածու առաջադրում են իրենց առաջին դեմքին, մինչդեռ Սոս Սարգսյանը նույնիսկ կուսակցության որեւէ ղեկավար մարմնի անդամ չէր: Դաշնակցությունը այս թեկնածության վրա կանգ էր առել, հավանաբար, ոչ միայն այն պատճառով, որ ինքը չուներ շատ թե քիչ արտահայտված քաղաքական անհատականություն, այլ, առաջին հերթին՝ նկատի ունենալով, որ նա հայտնի եւ սիրված դերասան է, ուստիեւ, որպես այդպիսին, կարող է ստանալ իր երկրպագուների ձայները: Ընտրությունը, որ կատարել էր ՀՅԴ բյուրոն[9], բխում էր, թերեւս, հայաստանաբնակ հայերի մտավոր կարողությունների եւ կողմնորոշվելու ունակությունների մասին այս կուսակցության ունեցած (եւ ընդհանրապես՝ Սփյուռքում տարածված) այն պատկերացումներից, որոնց համաձայն՝ հայաստանաբնակ հայերը (Թուրքիայի հայերի հետ միասին) իրենց մտավոր ունակություններով հայության մեջ վերջին՝ երրորդ տեղում են[10]: Այսինքն՝ հույս ունեին, որ հայաստանաբնակ ընտրողները պետք է որ «շփոթեին» դերասանին քաղաքական գործչի հետ:

Դաշնակցության քարոզչությունը, բնականաբար, պետք է հենվեր հայդատական գաղափարախոսության վրա, եւ հենց առաջին օրը նա հանդես եկավ ընտրողներին ուղղված շատ բնորոշ, մեծադղորդ մի կոչով. «Համոզված ենք, որ չեք խաբվի նրանց կոչերով, ովքեր ժխտելով պահանջատիրությունը, հայ ժողովրդին տանում են դեպի նյութապաշտ կյանք, ուր մերժված եւ արհամարհված են նվիրումն ու զոհողությունը, ուր չկա Պայքար եւ Հաղթանակ»[11]:

Սկսած նախագահական պաշտոն հիմնելու մասին առաջին քննարկումներից՝ ՀՅԴ-ն ամենաբուռն ձեւով պայքարում էր դրա դեմ, ծաղր ու ծանակի ենթարկում նախագահական կառավարման գաղափարը: Այժմ նրա ղեկավար մարմնի պաշտոնաթերթը ներբողում էր իր երեկվա ծաղրի առարկան. «Հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունը պատմական առիթ մը պիտի ըլլա Հայաստանի եւ հայ ժողովրդի համար.... Հայոց Պետական տունը կարգի դնելու պատմական առիթը.... Պատմական քննութենե պիտի անցնի 70-ամյա ամբողջատիրության բեռը թոթափելու եւ հայ քաղաքական բյուրեղ ավանդները վերականգնելու ազգային հանձնառությունը, վճռականությունը....»[12]: Դերասան Սոս Սարգսյանը շատ արագ յուրացրել էր այս կուսակցության ինքնատիպ մտածելակերպը եւ ճոռոմ դարձվածաբանությունը. «Հայ մարդը չի կարող դաշնակցական իդեալներից դուրս ապրել.... Դաշնակցությունը որդեգրել է ժողովրդի իղձերը դեռ 100 տարի առաջ: Այսօր էլ անփոփոխ են այդ կարգախոսները, նրա գաղափարները»: Ընդ որում՝ նա խոստովանում է, որ իր առաջադրման դրդապատճառը եղել է ոչ թե սեփական, այլ կուսակցության որոշումը, որ՝ ինքը դեռ նախընտրական ծրագիր չունի, որ՝ այդպիսի ծրագիր պատրաստելը իր ուժերից վեր է, եւ այն պետք է մշակի կուսակցության ղեկավարության հետ համատեղ[13]: Այսինքն՝ ՀՅԴ-ն պարզապես ուզում էր ունենալ Հայաստանի դրածո մի Նախագահ, որն անվերապահորեն կենթարկվեր արտասահմանում նստած բյուրոյին, կկատարեր նրա որոշումները։ Եւ գտնված էր հենց այն թեկնածուն, որն ամենեւին դեմ չէր նման դերակատարության:

Յուրահատուկ ձեւով էր տանում իր նախընտրական քարոզչությունը Պարույր Հայրիկյանը: Նա համարում էր, որ ի սկզբանե Շարժումը, ապա եւ Հայաստանի իշխանությունները գնում են հենց իր նախանշած ճանապարհով, պարզապես իրենից մի քանի քայլ ետ են մնում, որ՝ ի սկզբանե իրենն են ե՛ւ անկախության, ե՛ւ Սահմանադրության, ե՛ւ ազգային բանակի, ե՛ւ նմանօրինակ այլ գաղափարները: Իսկ ՀՀՇ-ն դրանք իրենից «գողանում է»՝ խախտելով իր «հեղինակային իրավունքը»: Նա համարում էր, որ ինքն արդեն իսկ ընտրված նախագահ է. «Ազատ, ժողովրդավարական ընտրություններում... կարելի է ասել, որ ես արդեն հաղթել եմ», «ես Հայաստանի Նախագահն եմ», «...Նախագահ՝ նշանակում է մարդ, որը մշակում է քաղաքականությունը եւ իրականացնում է այն: Որպես քաղաքական կազմակերպության ղեկավար, ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Հայաստանը գնում է իմ առաջադրած ճանապարհով»[14]: Մի այլ տեղում էլ մարգարեանում է. «Կանցնեն տարիներ, եւ մեր զավակներից շատերը կզարմանան, որ այսօր որեւէ մեկը համարձակվել է իր թեկնածությունն առաջադրել Հայրիկյանի հետ: Մենք ընտրում ենք անկախության առաջնորդ, իսկ անկախության առաջնորդը վերջին 20 տարում եղել է Պարույր Հայրիկյանը»[15]: Ինչպես ցույց տվեցին քվեարկության արդյունքները, Պ. Հայրիկյանն ավելի ճիշտ էր ընտրել իր մարտավարությունը, քան Դաշնակցությունը. այդ պահին, ըստ ընտրությունների արդյունքների, հայաստանյան հասարակության մեջ քաղաքական աճպարարությամբ եւ պճնամոլությամբ հնարավոր եղավ ավելի շատ ձայն ստանալ, քան կեղծ-հայրենասիրական, կեղծ-ազգայնական ՀՅԴ-ական կարգախոսներով։ Ուստի եւ Հայրիկյանը կարողացավ երկու անգամ ավելի շատ ձայն հավաքել (7%), քան պահանջատեր, «ազատ, անկախ, միացյալ Հայաստան» խոստացող ՀՅԴ-ն՝ իր թեկնածուի՝ շատ սիրված դերասան լինելու հանգամանքով ու ներդրած հսկայական ֆինանսական միջոցներով հանդերձ[16]:

Նախընտրական քարոզարշավում նախագահի թեկնածուները հատկապես շատ էին շոշափում Ղարաբաղի հարցը՝ իրենց եւ իրենց կազմակերպություններին մեծ դեր վերագրելով Ղարաբաղի ինքնապաշտպանության գործում: Դա չափազանց դյուրին էր եւ գայթակղիչ. Հայաստանի պաշտոնական քարոզչությունը, հասկանալի եւ հայտնի պատճառներով, ոչ միայն չէր թմբկահարում, այլեւ չէր ընդունում Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանությանն իր ցուցաբերած ռազմական եւ այլ օժանդակությունը։ Իշխանության այդ օժանդակությունը, որ Հայաստանում բոլորին հայտնի փաստ էր, մնում էր մի տեսակ «անտեր», ուստիեւ այն կարելի էր հանգիստ յուրացնել։ Այն յուրացնողների հայտարարությունները հափշտակվածության մեջ երբեմն կրում էին բացահայտ սադրիչ բնույթ՝ վտանգելով խնդրի՝ նոր-նոր սկսված կարգավորման հայ-ադրբեջանական ուղղակի բնակցությունները: Հանրապետության օպերատիվ շտաբը ստիպված էր հանդես գալ այս մասին հայտարարությամբ եւ զգուշացնել, որ նրանց այդօրինակ գործողությունները հղի են ծայրահեղ բացասական հետեւանքներով եւ կարող են լրացուցիչ դժվարություններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում[17]:

ՀՀՇ-ի «Հայք» թերթը միայն երբեմն անդրադառնում էր քարոզարշավին մասնակցող թեկնածուների կողմից արտահայտած «օրիգինալ» մտքերին եւ, ըստ էության, նույնպես չէր մասնակցում քարոզարշավին հօգուտ իր թեկնածու Լեւոն տեր-Պետրոսյանի: Ռամկավարների «Ազգը» իր էջերը հավասարապես տրամադրում էր բոլոր թեկնածուներին: Սակայն, ահա, Ռամկավարների սփյուռքահայ մամուլը («Պայքար») ստիպված էր արձանագրել. «....եպերելի միջոցներ այժմ կգործածվի Հայաստանի մեջ ծանոթ շրջանակի մը կողմե ընդդեմ Նախագահ Լեոն Տեր-Պետրոսյանի»: Եւ որպես այդ պարսավելի միջոցներին պատասխան՝ տալիս է հետեւյալ բնութագրումները. «Մենք պիտի գոհանանք պարզապես ըսելով, որ ո՛չ Պ. Հայրիկյան, ո՛չ Զ. Բալայան եւ ո՛չ Սոս Սարգսյան չունին ո՛չ պատրաստությունը, ո՛չ տարողությունը եւ ո՛չ ալ էական հատկանիշները երկրի մը ղեկավարության պատասխանատվությունն ստանձնելու: Պարույր Հայրիկյան, ի մասնավորի մեզի ծանոթ մտածելակերպով, դեռ իրարու հետ կշփոթե քաղաքականությունը եւ քաղաքական արկածախնդրությունը: Զորի Բալայան, Արցախի ազատագրության այդ ծանոթ ռահվիրան, օգտակար գործ կրնա կատարել իր հրապարակագրություններով, ուր հավանաբար կարելի չէ նույնացնել քաղաքական ակտիվիզմը քաղաքականության եւ դիվանագիտության հետ: Վերջապես Սոս Սարգսյան համակրելի անձ մըն է, որ նույնիսկ ի վիճակի չէ դառնալու Հ.Յ. դաշնակցության կամակատարը, թերեւս՝ ի պատիվ իրեն»[18]:

Ինչպես անկախության հանրաքվեի նախօրյակին, այնպես էլ այժմ, նույն քաղաքական ուժերը՝ ի դեմս նախագահության առաջադրված թեկնածուների, կրկին փորձեցին օգտագործել ղարաբաղյան խաղաքարտը: Նրանք հայտարարությամբ դիմեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ընտրություններին մասնակից դարձնել նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը[19]: Հանրապետության նախագահի թեկնածուներից որեւէ մեկը չնկատեց, որ այդ հայտարարությունը վիրավորական է արդեն իր անկախությունը հռչակած ԼՂՀ-ի համար, իսկ վերջինս էլ նրբանկատորեն որեւէ կերպ սրան չարձագանքեց:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական միակ հեռուստաելույթով եւս մի անգամ հասարակությանը ներկայացրեց իր քաղաքական սկզբունքները, իր դավանած արժեքային համակարգը, պետականության հիմնադրույթների եւ քաղաքական հասկացությունների մասին իր պատկերացումները.

ա) Քաղաքականության մեջ մերժելի է բարոյախոսությունը. «միայն ու միայն գործով, իրական կյանքով է, որ կարող ես ժողովրդին համոզել քո ճշմարտությունը».

բ) Ազգի գերագույն նպատակը երջանիկ, բարեկեցիկ, ազատ ազգ դառնալն է, ինչի համար պետք է ազատվել պատմականորեն ձեւավորված կաղապարներից ու բարդույթներից, մերժել ամեն տեսակ «փրկչական» ծրագրերը, գործել նույն այդ նպատակին հասնելու համար միջազգայնորեն ընդունված ու կիրառելի խաղի կանոններով.

գ) Գերագույն նպատակին հասնել հնարավոր է միայն անկախ պետականության պայմաններում, դրա համար էլ ժողովուրդը որդեգրել է անկախ պետականության կերտման քաղաքականությունը եւ պատրաստ է այդ ճանապարհին կրել նաեւ անխուսափելի ու հնարավոր զրկանքներ.

դ) Քաղաքագետի պարտքն է անել ամեն ինչ՝ նվազագույնի հասցնելու համար պետականության կերտման ճանապարհին սպասվող զրկանքները եւ խաղաղ հանգրվանին հասնել խաղաղ, հանդարտ, հավասարակշիռ միջոցներով.

ե) Որպես ելակետ պետք է ունենալ իրականությունը. միայն այս դեպքում է հնարավոր վարել քաղաքականություն, որովհետեւ՝ «կեղծ արժեքների վրա հենված քաղաքականությունը միշտ էլ կարող է սնանկ դուրս գալ, եթե ոչ վտանգավոր».

զ) Մենք սովորական ազգ ենք, իրական ժողովուրդ, որը գտնվում է իրական շրջապատում, եւ պետք է կարողանանք իրատեսական հարաբերություններ ունենալ արտաքին աշխարհի, առաջին հերթին՝ մեր անմիջական հարեւանների հետ[20]։

Ելույթի մեջ բացակայում էր նախընտրական արշավի ամենաբնորոշ տարրը՝ չափազանցված խոստումները։ Ներկայացվում էին միայն այն մեխանիզմներն ու սկզբունքները, որոնց կիրառմամբ պետք է կայացվեր անկախ պետությունը, եւ լուծվեին երկրի քաղաքական օրակարգում առկա բազմաթիվ խնդիրները։ Որոշակի էր մի բան. այդ ամենը պետք է ծառայի երկրի քաղաքացիների ազատ, բարեկեցիկ, երջանիկ ու խաղաղ կյանքին։ Նախագահական ընտրությունը, ըստ էության, երկրորդ մի հանրաքվե էր, որտեղ ժողովուրդը պետք է ընտրություն կատարեր, մի կողմից՝ հայ քաղաքական մտքի ավանդական՝ իռացիոնալ պատկերացումների եւ քաղաքական աճպարարության, մյուս կողմից՝ դրանց տրամագծորեն հակադրվող իրատես քաղաքականության, նոր, իրական արժեքային համակարգի միջև։ Նախագահական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներին եւ քաղաքական աճպարարությանը տրամագծորեն հակադրվող քաղաքական մտածելակերպն ու նոր գաղափարներն ամենալայն պաշտպանությունն ստացան Հայաստանի քաղաքացիների կողմից։

Հոկտեմբերի 16-ին ընտրողների 2.155.698 ընդհանուր թվից քվեարկությանը մասնակցածների թիվը կազմեց 1.519.878։ Եւ արձանագրվեցին հետեւյալ արդյունքները[21].

1. Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 1.260.433 (83,028%)

2. Պարույր Հայրիկյան՝ 109.438 (7,209 %)

3. Սոս Սարգսյան՝ 65.757 (4,332%)

4. Զորի Բալայան՝ 6899 (0,454 %)

5. Ռաֆայել Ղազարյան՝ 5941 (0,391 %)

6. Աշոտ Նավասարդյան՝ 2467 (0,163 %)

Արդյունքներն անսակարկելի էին բոլորի համար։ Պ. Հայրիկյանը իր մի քանի տասնյակ համախոհներով անհասկանալի ու տարօրինակ մի «սգո ցույց» կազմակերպեց սեւ դրոշներով: Դաշնակցությունը հակասական բացատրություններ տվեց: Նրա գաղափարախոսներից մեկն իրենց թեկնածուի պարտությունը բացատրեց ժողովրդի հոգնածությամբ. «Մեր հոգնած ժողովուրդը կանգնած էր ճակատագրական ընտրության առջեւ. տառապանքների գնով ծառայել ազգին, թե՞ հանգստության՝ ազգային արժեքներից հրաժարվելու գնով: Մեր հոգնած ժողովուրդը ընտրեց երկրորդը»[22]: Իսկ նույն կուսակցության բյուրոյի ղեկավար Հ. Մարուխյանը, ոչ ավել, ոչ պակաս, Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը վերագրեց «հայկական մաֆիային» եւ սպառնաց. «Մենք շուտով ի վիճակի կլինենք բացահայտելու, թե ինչ կա ընտրություններու այս տոկոսին մեջ. փաստաթղթեր երեւան պիտի գան»[23]: Մեկ ուրիշն էլ (Հ. Տասնապետյան) հայտարարեց, թե «ընտրությունն ի վերուստ կանխորոշված ու կազմակերպված էր», որ՝ «Կենտրոնը չէր հանդուրժի ՀՅԴ-ի հաղթանակը նախագահական ընտրություններում»[24]: Իրականում Կենտրոնը (Մոսկվան) կերազեր Դաշնակցության հաղթանակը, այն կուսակցության, որը կոմունիստներից ավելի համառ եւ արդյունավետ պայքարել եւ շարունակելու էր պայքարել, որ Հայաստանը չգնա անկախության ճանապարհով, մնա ԽՍՀՄ կամ Ռուսաստանի կազմում: 

Իրականությունը, սակայն, այն էր, որ ընտրությունն անցել էր բացարձակ անբասիր։ Չնայած արդեն իսկ անցած մեկ տարվա ընթացքում ի հայտ եկած օբյեկտիվ, բայց էական դժվարություններին ու դրա հետեւանքով մարդկանց կենսամակարդակի անկմանը, չնայած տարբեր դիրքերից ընդդիմության զանգվածային ու հախուռն քննադատությանը եւ մեղադրանքներին, չնայած ընդդիմադիր թեկնածուների մեկամսյա անպատասխան քարոզարշավին, ժողովուրդն ինչպես Անկախության հանրաքվեի, այնպես էլ նախագահական ընտրության միջոցով իր անվերապահ վստահությունն էր հայտնում ՀՀՇ-ի եւ նրա ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղեգծին:

Սա եզակի արդյունք էր ետխորհրդային ողջ տարածքում։ Այստեղ օրինաչափությունն այն էր, որ ետկոմունիստական ժողովրդավարական իշխանությունները մեկ-երկու տարվա ընթացքում սպառում էին իրենց վարկանիշը, ընդհուպ՝ կորցնում իշխանությունը։ 1990թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀՇ-ն միայն հարաբերական մեծամասնություն ստացավ խորհրդարանում (այսինքն՝ ձայների 50%-ից պակաս)։ Մեկուկես տարվա ընթացքում, չնայած գոյություն ունեցող ահռելի դժվարություններին եւ ընդդիմության ամենակատաղի պայքարին, ՀՀՇ-ի իշխանության ու նրա ղեկավարի վարկանիշը ոչ թե տուժել, այլ առնվազն կրկնապատկվել էր։ Սա եթե, մի կողմից՝ նոր իշխանության գործունեության բարձրագույն գնահատական էր՝ տրված հասարակության կողմից, մյուս կողմից՝ Հայկական ժողովրդավարական շարժման դպրոցն անցած նույն այդ հասարակության քաղաքական գրագիտության եւ ընկալունակության բացառիկ մի դրսեւորում էր։

Պետականության ստեղծման ու կայացման այս երկու կարեւորագույն ակտերով՝ Անկախության հանրաքվեի եւ նախագահական ընտրությունների արդյունքներով, Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը ստացավ համաժողովրդական վստահության այն անհրաժեշտ չափաբաժինը, ինչը շրջափակման, էներգետիկ ճգնաժամի, պատերազմի, սոցիալ-տնտեսական իրավիճակի անխուսափելի վատթարացման հաջորդ տարիները պատվով հաղթահարելու եւ հաղթանակով դուրս գալու կարեւորագույն ռեսուրսն էր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու պաշտոնական արարողությունը՝ Գերագույն խորհրդի հատուկ նիստը, նշանակված էր նոյեմբերի 11-ին: Հանրապետության առաջին Նախագահն իր պաշտոնն ստանձնեց՝ երդվելով Մատենադարանում պահվող 7-րդ դարի ձեռագիր ավետարանի («Վեհամոր Ավետարան») վրա: Հատուկ այդ նիստին ներկա էին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, բազմաթիվ հյուրեր:

 



[1] «Ազգ», 14.09.1991:

[2] «Ազգ», 18.09.1991: Ռամկավար ազատական կուսակցության այսօրինակ դիրքորոշումը հատկանշական է, քանզի, լինելով սփյուքյան կուսակցություն եւ հենված, առաջին հերթին, հայդատական պատկերացումների վրա, նա կարողացել էր ռացիոնալ քաղաքական մտածողություն դրսեւորել, վստահ կանգնել Հայաստանի նոր իշխանության կողքին ու գնահատել նրա ղեկավարի քաղաքական գործունեությունն ու ունակությունները։

[3] Գործող օրենքով կար նման հնարավորություն՝ նախագահի թեկնածություն կարելիէր առաջադրել 200.000 քաղաքացիների ստորագրությամբ։

[4] Ընդամենը մեկ տարի առաջ՝ 1990-ի խորհրդարանական ընտրություններին իր չմասնակցելու փաստը ՀՅԴ-ն բացատրում էր նրանով, որ «հրապարակի վրա շատ աղտոտ փոշի կար» (տե՛ս «Դրոշակ», 16.01.1991, էջ 8): Պետք էր ենթադրել, որ մեկ տարվա ընթացքում իրենց կողմից այդքան շատ քննադատված նոր իշխանության շրջանում այդ «աղտոտ փոշին» մաքրվել էր:

 

[5] Տե՛ս Վ. Մանուկյան, Հայկական երազանքը, էջ 164։

[6] Նույն տեղում, էջ 301։

[7] Դաշնակցության անմիջական հիացական արձագանքը «համաշխարհային ազգի» եւ նրա «պատմական առաքելության» իր գաղափարներին Վ. Մանուկյանը կարող էր համարել այդպիսի 100%-անոց երաշխիք (տե՛ս «Դրոշակ», 13.02.91, էջ 2): Գուցե այդ երաշխիքը հետագայում Դաշնակցությունը տվել էր նաեւ ավելի առարկայորեն, հակառակ դեպքում անհասկանալի են Վ. Մանուկյանի հաշվարկներն իր թեկնածությունն առաջադրելիս։

[8] Տե՛ս «Ազգ», 21.09.1991:

[9] Տե՛ս «Երկիր», 27.08.1991:

[10] Այս երեւույթի մասին տե՛ս Ժ. Լիպարիտյան, Անկախության մարտահրավերը, էջ 153։

[11] «Երկիր», 17.09.1991: Եւ այս կոչն ուղղված էր այն բազմահազար մարդկանց, ովքեր ավելի քան երեքուկես տարի, իրոք, մոռացած ամեն տեսակ նյութական կյանք, անմնացորդ նվիրումով եւ անբավ զոհողություններով պայքարել էին հանուն Լեռնային Ղարաբաղի, հանուն ազատության եւ անկախության, պայքարել էին առանց Դաշնակցության եւ ի հեճուկս նրա հարուցած բազում խոչընդոտների:

[12] Տե՛ս «Դրոշակ», 25.09.1991:

[13] Տե՛ս «Ազգ», 21.09.1991:

[14] «Ազգ», 18.09.1991:

[15] «Հայք», 02.10.1991:

[16] Սփյուռքում դաշնակցության ներսում առաջացած ընդիմադիր շարժման մի հայտարարության մեջ նշվում է, որ չնայած այդ նպատակով Բյուրոն միլիոնավոր դոլարներ ներդրեց եւ Ս. Սարգսյանի ընտրապայքարին օգնելու համար Հայաստան գործուղեց 250-ից ավել «սփյուռքյան վճարովի գործիչներ», սակայն «արժանացավ անփառունակ պարտության» (տե՛ս «Պաշտոնական հայտարարություն ՀՅԴ վերականգնումի շարժման», «Հնչակ Հայաստանի», 24.12.1994։

[17] Տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 28.09.1991:

[18] Տե՛ս «Ազգ», 09.10.1991:

[19] Տե՛ս «Երկիր» 12.10.1991:

[20] Լեւոն Տեր-Պետրոսյան, նախընտրական հեռուստաելույթի սղագրական տեքստը տե՛ս «Դրոշակ», 23.10.1991, էջ 9-12։

[21] Ըստ «Հայաստանի Հանրապետության» (22.10.1991) հրապարակման։

[22] «Դրոշակ», 06.11.1991: Ձեւակերպումը չափազանց բնորոշ է դաշնակցության մտածելակերպի համար, ըստ որի՝ առարկայական, իրական «ժողովուրդը» պետք է ծառայի վերացական «ազգին»: Հենց այդպես նրանց ղեկավարությամբ հայ «ժողովուրդը» դարասկզբին, նրանց առաջնորդությամբ, ծառայել ու զոհվել էր հանուն նույն վերացական «ազգի»՝ մի քանի հազարամյա պատմական հայրենիքը իր ողջ բնակչությամբ կորցնելու աղետալի հետեւանքներով:

[23] Տե՛ս «Ազգ», 02.11.1991:

[24] «Երկիր», 24.12.1991: