16.10.2019 12:00

Թուրքական հարձակումը Սիրիայում

Թուրքական հարձակումը Սիրիայում

Երեքշաբթի հայտնի դարձավ, որ սիրիական բանակը գրավել է Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Մանբիջ քաղաքը, որը դեռ նախօրեին գտնվում էր ԱՄՆ դաշնակիցների վերահսկողության տակ, և որտեղ տեղակայված էին երկու ամերիկյան ռազմաբազաներ: Հենց այստեղով է անցնում այժմ թուրքական և սիրիական զորքերի շփմնա գիծը, որտեղ, ինչպես հաղորդվել է, արդեն պարեկում  է ռուսաստանյան ռազմական ոստիկանությունը՝ բախումներ թույլ չտալու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան դեմ չէ, որ սիրիական բանակը վերահսկի Մանբիջը, կարևորն այն է, որ, նրա ասելով՝ քաղաքը լքեն քրդական զորամիավորումները:

«Հարգելի Պուտինին ես նույնն ասացի: Եթե դուք Մանբիջը մաքրեք ահաբեկիչներից, ապա՝ խնդրեմ, դուք կամ վարչակազմը թող դա ապահովեն»,- օդանավում լրագրողներին հայտարարել է Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս, որտեղ նա պաշտոնական այց էր կատարել:

Նախորդ օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Էրդողանի և Պուտինի միջև: Դրանից հետո հայտարարվել է, թե Ռուսաստանի նախագահը Էրդողանին հրավիրել է առաջիկա օրերին այցելել Մոսկվա, և հրավերն ընդունվել է: Ըստ ամենայնի՝ այցը Մոսկվա կկայանա ամերիկացիների հետ բանակցություններից հետո. չորեքշաբթի Անկարա են մեկնում փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Փոմփեոն, որոնք կփորձեն Թուրքիային համոզել դադարեցնել հարձակումը Սիրիայի սահմանին:

Փոխանցում է BBC-ն: