16.10.2019 16:09

Արսեն Գրիգորյան. Միքայել Մինասյանի խռխռոցը

Արսեն Գրիգորյան. Միքայել Մինասյանի խռխռոցը

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը նոր հոդված է գրել՝ Երկիր-Հայկական ժամանակ վերնագրով: Հոդվածի ընդհանուր գաղափարն այն է, որ Փաշինյանը երկիրը ղեկավարում է այնպես, ինչպես «Հայկական ժամանակ» օրաթերթը: Երկիրը ՀԺ-ի միկրոմիջավայրն է: Նա Փաշինյանին մեղադրում է ամեն ինչում, նրանում, որ ապրում է տվյալ օրով, չունի տեսլական, ապագայի կամ անցյալի մասին ոչ մի պատկերացում, լուծում է միայն ներկայի հարց, արտահայտում է հակասական մտքեր ու ոչնչի համար պատասխան չի տալիս:

Արդեն փաստ է, որ Մինասյանը քաղաքական հայտ է ներկայացրել ընդդիմություն լինելու: Բայց այս հրապարակման մեջ նա մատնում է իր ամբողջ ատելությունը Փաշինյանի հանդեպ: Փաշինյանը նրա բոլոր հույսերի տապալման կենդանի մարմնացումն է: Մինասյանի մոտ ապրելու գիտակցումն արդեն շնչահեղձության պատճառ է դարձել, եւ այս հոդվածն ասես հենց շնչահեղձության մեջ գրված լինի, մի տեսակ՝ խռխռոցի նման: Այնքան հարցեր է առաջացնում նրա հրապարակումը: Բայց դրանք հնչեցնելն էլ, մի տեսակ, տեղին չէ, որովհետեւ բարեբախտաբար այդ մարդը երկնքից չի իջել: Մինասյանը վատ ինքնապաշտպանվող է: Նույնիսկ կարգին չի էլ հասկանում՝ ինչ է գրում: Մարդը մեղադրում է վարչապետին դիկտատուրայի մեջ ու հանգիստ հրապարակում իր մտքերը: Նա մարդուն «մարգարեի» բարձունքից մեղադրում է գրեթե բոլոր մեղքերում, որոնք նոր Հայաստանում ուղղակի մեղք չեն:

Կարիք էլ չկա հիշեցնելու, թե ով է Մինասյանը եւ ինչեր էին կատարվում այն Հայաստանում, որի ղեկավարն իր աներն էր։ Բայց հիմա ի՞նչ է նրա ուզածը։ Իրականում մեծ բան չէ։ Ուզում է, որ նոր Հայաստանը ոչնչով չտարբերվի նախկինից։ Հարազատություն է ուզում։ Ուզում է, որ ժողովուրդը շնչահեղձ լինի անբարոյականությունից, կոռուպցիայից, գաղջից, ուզում է, որ լրագրողները պատվերով հոդվածներ գրեն, եւ ուզում է, որ այդ ամենի գլխին էլի ինքը կանգնած լինի։ Մինասյանին Սատանա է պետք, որի հետ ինքը կհամագործակցի։ Ինքը ողբում է Սատանայի կորուստը։ Թե չէ՝ իր գրած մեղադրանքների մեջ կա՞ մի բան, որ անձամբ իր վրա է տարածվում։ Իհարկե չկա։ Ինքն ուղղակի Սատանա չի գտնում։ Ու դրանից է գրգռվել։ Իսկ մենք ի՞նչ անենք։ Մենք մեղավո՞ր ենք դրա համար։ Ինքը որտե՞ղ է տեսել այսպիսի դիկտատուրա, որի մասին գրում է։ Ո՞վ վախենալու բան ունի այսպիսի Հայաստանից։ Իշխանության մնացած ներկայացուցիչնե՞րը։ Դա մեր խնդիրը չէ, թող վախենան։ Թող վախենան, որովհետեւ հակառակ դեպքում իրենց ստանալիքը Միքայել Մինասյանի Հայաստանն է, որտեղ ոչ թե վախ կար, այլ խուճապ։ Իսկ խուճապը կազմաքանդում է ամեն ինչ։

Հոդվածը զրպարտություն է Հայաստանի հանդեպ՝ մի փոքրիկ ոճական տարբերությամբ: Այն, ըստ էության, պատմում է այն մասին, թե ինչքան թեթեւ ու աշխույժ է կյանքը Հայաստանում: Պատմում է,-կրկնում եմ՝ զուտ ոճի մեջ է դա նկատելի,-թե շնչելու համար ինչ տարածքներ են բացվել Հայաստանում: Եվ նույնիսկ Մինասյանը դա չի կարողանում թաքցնել: Իսկ ընդհանուր առմամբ հոդվածը վատն է թեկուզ այն պատճառով, որ հեղինակը տուն-տունիկ է խաղում իրականության հետ: Ընդամենը: