17.10.2019 11:00

Թրամփը՝ Էրդողանին. «Հիմար չլինես»

Թրամփը՝ Էրդողանին. «Հիմար չլինես»

CNN հեռուստատեսությունը հրապարակել է մի նամակ, որը, ինչպես պնդում են լրագրողները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայի սահմանին քրդերի դեմ գործողություն սկսելու օրը:

Նամակում ԱՄՆ նախագահն առաջարկում է «լավ գործարք» կնքել:

«Դուք չեք ուզում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց անխնա սպանության համար, ես էլ չեմ ուզում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսությունը քայքայելու համար, բայց ես դա կանեմ: Ես արդեն ձեզ թույլ եմ տվել դա զգալ պաստոր Բրենսոնի կապակցությամբ (ամերիկացի պաստոր, քարոզում էր Թուրքիայում, ձերբակալվել էր լրտեսության մեղադրանքով, ապա ամերիկյան կողմի միջամտության շնորհիվ ազատ էր արձակվել),- գրում է Թրամփը:- Քեզ համառ տղայի պես մի պահիր: Հիմար չլինես»:

Թրամփը նաև գրում է, որ ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում քրդերի առաջնորդների հետ, և նրանք պատրաստ են աննախադեպ զիջումներ անել Թուրքիային:

«Հուսախաբ չանեք ամբողջ աշխարհին: Գեներալ Մազլումը (քրդական աշխարհազորի առաջնորդ Մազլում Աբդին) պատրաստ է այնպիսի զիջումների գնալ, որոնք նախկինում երբեք չէր անի: Ուղարկում եմ նրա նամակի պատճենը»:

Սպիտակ տունն առայժմ չի մեկնաբանել նամակը, որը գրվել է հոկտեմբերի 9-ին: Հաջորդ օրը Թուրքիան սկսել է գրոհը սիրիացի քրդերի դեմ:

Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ:

Փոխանցում է BBC-ն: