17.10.2019 12:18

Բարսելոնայում ցուցարարները մեքենաներ են այրում ու բարիկադներ են կառուցում

Բարսելոնայում ցուցարարները մեքենաներ են այրում ու բարիկադներ են կառուցում

Հինգշաբթի գիշերը Բարսելոնայում սրվել են բախումները ոստիկանության և Կատալոնիայի անկախության կողմնակիցների միջև:

Քաղաքի փողոցներում ցուցարարները ավտոմեքենաներ և աղբարկղեր են հրկիզել:
Ողջ Կատալոնիայում բողոքի ցույցերն արդեն երրորդ օրն է՝ չեն դադարում: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ Իսպանիայի գերագույն դատարանը, 2017 թ. անկախության հանրաքվեի կապակցությամբ, դատավճիռներ արձակեց կատալոնացի 12 քաղաքական գործիչների վերաբերյալ՝ նրանց դատապարտելով իննից տասներեք տարվա ազատազրկման:

Ոստիկանության և ցուցարարների միջև դիմակայությունը սրվել է այն բանից հետո, երբ անցյալ գիշեր ձերբակալվել է 51 ցուցարար: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետում: Նրանք կրկին բարիկադներով արգելափակել են քաղաքի կենտրոնական փողոցները և մի քանի ավտոմեքենա են այրել: Կան տուժածներ, սակայն ստույգ թիվ չի նշվում:

Անկարգություններ են տեղի ունեցել նաև ինքնավարության մյուս խոշոր քաղաքներում:

Փոխանցում է BBC-ն: