17.10.2019 13:47

Ինչպես է Քոչարյանը շահարկել եւ շահարկում Արցախը

Ինչպես է Քոչարյանը շահարկել եւ շահարկում Արցախը

Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված մի խումբ նախկին գործիչներն ու քարոզչամիջոցները այսօր ակտիվորեն զբաղված են Արցախի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները լարելուն միտված հայտարարություններ անելով, եւ այդ հայտարարությունների մեխն այն է, թե Հայաստանի իշխանությունները, ունենալով «անծայրածիր իշխանություն Հայաստանում, փորձում են ազդեցությունը սփռել Արցախի վրա» (Վիկտոր Սողոմոնյան), որ Հայաստանը փորձում է խառնվել Արցախի ներքն գործերին, որի իրավունքը չունի, որ Արցախը անկախ է, պետք է ունենանք երկու հայկական պետություն, եւ որ որեւէ մեկը իրավունք չունի հայտարարել է, թե Արցախը պիտի Հայաստանի մաս կազմի: Վերջին օրերին այս թեզերի տարածման ավանգարդի դերում հանդես է գալիս գեներալ, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որն անգամ հայտարարեց, թե «ՀՀ ԱԱԾ-ն իրավունք չունի Արցախում հաշվառված քաղաքացուն բերման ենթարկել»: 


Այս հայտարարությունների ուշագրավությունն ամենեւին էլ դրանց բովանդակությունը չէ: Եւ ոչ էլ, մեծ հաշվով, այստեղ կապ ունեն վարչապետ Փաշինյանի անձը կամ նրա մոտեցումներն ու հայտարարությունները:

Այս հայտարարություններն ուշագրավ են ամբողջականության մեջ՝ Արցախի հարցում քոչարյանական քարոզչության ամբողջականության մեջ: Ավելի կոնկրետ՝ այն, թե ինչպես են այդ անձն ու նրա շուրջ հավաքված մի խումբ մարդիկ օգտագործել եւ օգտագործում Արցախն ու Արցախի հարցը ՝ իրենք քաղաքական նպատակների համար:

Իսկ ավելի կոնկրետ՝ մարդը մշտապես ապացուցել է, որ երբ իրեն պետք է՝ Արցախը Հայաստանի մաս է, երբ իրեն պետք է՝ Արցախն անկախ է:

1998/2003. Արցախը Հայաստան է

1998 թվականի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումն, ինչպես հայտնի է, քաղաքական շրջանակներում մեծ իրարանցում էր առաջացրել, մասնավորապես՝ կապված նրա քաղաքացիության հետ: «Ա1+» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ինքը Քոչարյանը հայտարարեց, թե սկզբում չէր ցանկանում առաջադրվել, բայց առաջադրվեց, երբ իրավաբանները հինավորեցին, որ իր գրանցման հետ խնդիր չկա:

Նույն հարցը առաջացավ նաեւ 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ խնդիրը, տվյալ դեպքում, ՀՀ նախագահի թեկնածուի պարագայում 10 տարվա քաղաքացիության պահանջն էր:

Բանը հասել էր նրան, որ նախագահի 6 թեկնածուներ (Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիրմիր Դարբինյանն ու Արամ Կարապետյանը) հայց էին ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանի՝ դատարանից պահանջելով անվավեր ճանաչել Ռոբերտ Քոչարյանին տրված՝ վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքները:

Դատարան ներկայացված փաստաթղթերում Ալվինա Զաքարյանը տեղեկանք տալու հանգամանքը հիմավորել էր 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի եւ ԼՂ-ի խորհրդարանների կողմից ընդունված վերամիավորման մասին որոշմամբ եւ նշել, որ այն հռչակվել է ոչ միայն տարածքային, այլեւ քաղաքացիության միավորում:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ, բավարար համարելով Զաքարյանի գրավոր բացատրությունները` Ռոբերտ Քոչարյանին տրված՝ տասը տարի ՀՀ քաղաքացի լինելու եւ Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների օրինականությունը վիճարկող նախագահի 6 թեկնածուների հայցը մերժել էր:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին Հայաստանի նախագահ էր դարձել «Արցախը Հայաստան է» կարգախոսի ներքո: Ի դեպ, այս մասին Քոչարյանն իր վերջերս հրատարակած գրքում գրում է. «Իմ գրանցումը՝ որպես թեկնածու, տեխնիկական խնդիրներ չի առաջացրել: Սկզբում խոսակցություններ սկսեցին Հայաստանում իմ բնակության ցենզի մասին, բայց դրանք արագ մարեցին ,երբ հրապարակեցին իրավաբանների կողմից կազմված հիմնավորումները»:

Եւ ուրեմն, երբ Քոչարյանին պետք էր Հայաստանում դառնալ նախագահ՝ Արցախը Հայաստան էր: Փաստացի՝ նույն տրամաբանության շրջանակներում էլ նա փոխեց բանակցային ֆորմատն ու Լեռնային Ղարաբաղին՝ որպես հակամարտության լիարժեք կողմ, դուրս թողեց կարգավորման ձեւաչափից: Հետայդու բոլոր պաշտոնական առաջարկները ուղարկվում էին ոչ թե երեք մայրաքաղաքներ (Երեւան, Ստեփանակերտ, Բաքու), այլ` երկու (Երեւան եւ Բաքու):

Հիշեցնենք, որ վերջին անգամ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները պաշտոնապես երեք կողմերին փաստաթուղթ են ներկայացրել 1998 թվականին, Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալուց հետո:

Այս փաստաթուղթը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը (ՀՀ անունից՝ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂ անունից՝ Արկադի Ղուկասյանը) ընդունել են որպես բանակցությունների հիմք, իսկ Ադրբեջանը մերժել է:

2000 թվականի մայիսի 28-ին «Առավոտին» տված հարցազրույցում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարում է. «Մենք քննարկում էինք ընդհանուր պետության գաղափարը, եւ, իմ կարծիքով, դա ամենաօպտիմալ տարբերակն է։ Չնայած, բնական է՝ ընդհանուր պետությունը մեզ համար ընդունելի է որպես բանակցությունների հիմք, այլ ոչ թե որպես վերջնական լուծում։ Ինչ վերաբերում է տարածքների փոխանակմանը, էսպիսի գաղափար ընդհանրապես քննարկվել է, եւ մեր բանակցությունների ժամանակ կոնկրետ չի նշվել որեւէ տարածք։ Իսկ ինչ վերաբերում է Մեղրուն, դա Հայաստանի հարցն է, Ղարաբաղը չի կարող էդպիսի հարց քննարկել»։

Իսկ արդեն 2003 թվականի նոյեմբերի 29-ին նշում է. «Ղարաբաղի անկախությունը կարելի է պատկերացնել եւ անկախ պետության, եւ Հայաստանին միացած ձեւով: Անկախությունը տվյալ դեպքում նշանակում է անկախություն Ադրբեջանից, իսկ ապագայում թե ինչպես մենք կկառուցենք մեր երկիրը, մեր հարաբերությունները Հայաստանի հետ, դա հայ ժողովրդի խնդիրն է: Ադրբեջանի հետ ընդհանուր պետության գաղափարը շատ վերացական հասկացողություն է, եւ շատ դժվար է այսօր ինչ-որ կոնկրետ խնդիրներ առաջ քաշել: Ամեն դեպքում եթե ընդհանուր պետության գաղափարը ենթադրում է անկախություն, այո, ընդունելի է, իսկ եթե ընդհանուր պետությունը ենթադրում է ինչ-որ կախվածություն Ադրբեջանից, մենք դա բացառում ենք: Լեռնային Ղարաբաղը չպիտի ենթարկվի Ադրբեջանին»:

Այսինքն, քանի դեռ Քոչարյանն իշխանության էր՝ Լեռնային Ղարաբաղի դերակատարությունը բանակցություններում հասցվեց զրոյի, իսկ իր օրոք ԱԳ նախարար աշխատած Վարդան Օսկանյանը դա փորձեց բացատրել այսպես. «Կար ժամանակ, երբ Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն էր. Հայաստանի համար ընդունելի կլիներ այն, ինչ կպայմավորվեին Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Սակայն այդ օրերին մենք ստանում էինք այնպիսի առաջարկներ, որոնք բացարձակապես անընդունելի էին հայկական կողմի համար: Ակնհայտ է նաեւ, որ այլ պետություններ այլ կերպ են մոտենում ճանաչված պետությանը, քան չճանաչվածին: Այն օրվանից, երբ Հայաստանն առավել ակտիվ է ներգրավված բանակցություններում, սեղանի վրա հայտնվում են այնպիսի առաջարկներ, որոնց սկզբունքները կարելի է քննարկել»:

Փաշինյանը մենակ է թողնում Արցախը

Երբ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ եւ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, քանի որ,ինչպես նախկինում հազարավոր անգամներ նշել էին Արցախի իշխանությունները՝ Արցախն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, քոչարյանական քարոզչությունն սկսեց ակտիվորեն տարածել այն միտքը, թե Փաշինյանը մենակ է թողնում Արցախին:

Այս հոդվածի նպատակն, ի դեպ, նոր իշխանությունների՝ Ղարաբաղի հարցով վարած քաղաքականնությունը վերլուծելը չէ, հետեւաբար՝ մենք այդ հարցին չենք անդրադառնա: Բայց ուշագրավ են այն դիրքորոշումները, որոնք ներկայացնում են Ռոբերտ Քոչարյանն ու նրան սատարող մամուլը:

Մի քանի մեջբերումներ ներկայացնենք.

***

«Հայտարարել, որ Երևանը չի կարող ներկայացնել Ստեփանակերտին, քանզի չունի արցախցիների քվեն, նշանակում է Արցախին մենակ թողնել Ադրբեջանի ու միջազգային հանրության դեմ»։ (7or)

***

«Ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: Թեզը հետևյալն էր՝ պատրաստ ենք լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այդ մոտեցումը, հիշեցնեմ, ավարտվեց ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի՝ Հայաստանի համար չափազանց անբարենպաստ բանաձևով:
Այդ թեզը արտաքուստ հեշտ տարբերակ է՝ պատասխանատվությունից խուսափելու համար, բայց այդ մոտեցումն Արցախին մեն-մենակ է թողնում բանակցային գործընթացում»:

Ռոբերտ Քոչարյան

***

«Նրա (Փաշինյանի) որոշ հայտարարություններում տեսանելի է խնդրից ինչ-որ աստիճանով հեռանալու փորձը, այն ղարաբաղյան կողմի վրա գցելը»:

Ռոբերտ Քոչարյան

Այսպիսի «կոդավոր» վերլուծություններով, հարցազրույցներով, մեկնաբանություններով լցված էր քոչարյանասատար մամուլը:

Արցախն էլ Հայաստան չէ -2018  

Ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է, եւ վերջ», իսկ որոշ ժամանակ անց հավելեց, որ Հայաստանը պետք է դառնա Արցախում կայանալիք ընտրությունների ազատության եւ արդարության երաշխավորը: Այդ պահից սկսած մինչ օրս քոչարյանական մամուլը ուղղակի հեղեղված է «Արցախն անկախ պետություն է», «Հայաստանն իրավունք չունի խառնվել Արցախի ներքին գործերին»,« Արցախը Հայաստանի մաս չէ» եւ նմանատիպ այլ տեղեկատվական տարափով, ինչի մասին հիշատակել էինք նյութի ամենասկզբում:

Ինչպես նշեցինք, անգամ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, թե «Հայաստանի իշխանությունները, ունենալով «անծայրածիր իշխանություն Հայաստանում, փորձում են ազդեցությունը սփռել Արցախի վրա»: Որ պետք է լինի մեկ ժողովուրդ՝ երկու պետություն: Որ Հայաստանի վարչապետը մտել է «Ծռական» գծի մեջ,  եւ այլն, եւ այլն:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք՝ բոլորին  «Արցախը ծախելու» մեջ մեղադրող եւ իրեն Արցախի միակ փրկիչ հայտարարած Քոչարյանն իրականում մշտապես օգտագործել է Արցախն ու Արցախյան հիմնախնդիրը՝ սեփական քաղաքական ամբիցիաների, իշխանության հասնելու, իշխանություն պահելու համար:

Գործած հանցանքները կոծկելու եւ արդարադատությունց խուսափելու համար եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ նրա շուրջը հավաքված փոքրիկ խումբը պատրաստ են դիմել ամեն ինչի` Արցախի անունից շանտաժի ենթարկել Հայաստանին (ինչպես դա արել են 1998 թվականին), փորձել ապակայունացնել ինչպես Հայաաստանի,այնպես էլ Արցախի ներքաղաքական իրավիճակը եւ իրականացնել ցանկացած այլ` Հայաստանի եւ Արցախի պետական շահերին հակասող գործունեություն: Հոգ չէ, որ դրանով կարող են անդառնալի վնաս հասցնել ե՛ւ Արցախին, ե՛ւ Հայաստանին: Նրանք թքած ունեն ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի վրա:

Այլապես՝ Արցախի ճակատագրով իրականում ապրող ու մտահոգ մարդը երբեք իրեն նման բաներ թույլ չէր տա եւ հանուն Արցախի՝ ինքն առաջինն իր «աջակիցներին» կհորդորեր ներքաղաքական թեմաներում չշահարկել Արցախյան հարցն ու զսպվածություն ցուցաբերել:

 

iLur.am