18.10.2019 14:55

Լիզա Ճաղարյան. Իսկ տաք-տաք պիցա չե՞ք ուզում

Լիզա Ճաղարյան. Իսկ տաք-տաք պիցա չե՞ք ուզում

«Եթե նախկինները վատն էին, նրանց վատը լինելը բարձրաձայնելով՝ նորերը լավը չեն դառնում»։

Շատ ճիշտ է։

Հետո՞։

«Կարիք չկա ներկա իշխանության սխալներն արդարացնելու համար նախկինների սխալները հիշեցնել, բավակա՛ն է»։

Իրո՞ք։

Նախ՝ մի «աննշան» ուղղում. նախկիններինը սխալներ չեն, մեկը մյուսից զարհուրելի հանցագործություններ են։

Երկրորդ՝ նախկինների հանցագործությունները հիշեցնողների մեծագույն մասը նորերի սխալներն արդարացնելու նպատակ չի հետապնդում։

Երրորդ՝ կասե՞ք, թե ինչու չհիշենք ու չհիշեցնենք։

Չհիշեցնենք, որովհետեւ նախկին հանցագործները հրապարակավ ներողությո՞ւն են հայցել Հայաստանի քաղաքացիներից՝ սեփական կյանքը դրախտային դարձնելու համար այդ նույն ՀՀ քաղաքացիների կյանքը դժոխք դարձնելու համար։

Չհիշեցնենք, որովհետեւ հոգիները կրծող ամոթից ու մեղքի զգացումից գլուխները կախել, փակվել են իրենց դղյակներում ու լուռ սպասում են իրենց արդար դատաստանի՞ն։

Չհիշեցնենք, որովհետեւ աչքներիս առաջ ինքնախարազանումից կեսմարդ են դարձել եւ ուր որ է՝ կչքվե՞ն բոլորիս տեսադաշտից։

Չէ, պարոնայք եւ տիկնայք թունդ մարդասերներ։

Իշխանությունից  զրկվելուն պես՝ այս հանցագործները ոչ միայն կատաղի պայքար սկսեցին նոր իշխանության դեմ, ոչ միայն քոչվոր ցեղերին բնորոշ իրենց ոճով ասպատակեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, ոչ միայն սկսեցին սպառնալ «մեծ արյամբ», Հոկտեմբերի 27-ի կրկնությամբ, քաղաքացիական պատերազմով, ոչ միայն սկսեցին «տղա» կանչել այլ երկրներից, ոչ միայն հատեցին անթույլատրելիի սահմանը եւ Արցախում բնակվող՝ իրենց նման հանցագործներին խամաճիկ դարձրին ու օգտագործեցին Հայաստանի դեմ, այլեւ լկտիության ու ամբարտավանության այնպիսի «բարձունքներ» նվաճեցին այս հանցագործները, որ նույնիսկ համարձակվում են իրենց բեսպրեդելի տարիները համեմատել նորերի առաջին քայլերի հետ՝ իրենց իշխանավարության տարիները ներկայացնելով որպես օրինապահության ու արդարադատության տարիներ։

Ես, իհարկե, երկու ձեռքով դեմ եմ նախկինների հանցագործությունները չհիշեցնելու այդ «մարդասիրական» նախաձեռնությանը, եթե նույնիսկ սրանք սսկվեին ու մեկուսանային իրենց որջերում։ Դա նույնն է, որ ասեք՝ մի հիշեք Ցեղասպանության մասին, ստալինյան ռեպրեսիաների մասին, ֆաշիզմի մասին։

Բայց եթե նույնիսկ սրանց «ամոթից գետինը մտնելու» պարագայում մի պահ ես եւ ինձ նման «դաժան մարդիկ» որոշեին «մարդասերներիդ» շարքերը համալրել, ապա հիմա՝ երբ այդ նույն նախկին սրիկաները, թալանչիները, մարդասպանները եւ սրանց ծախու գրչակներն օրուգիշեր օրենքի գերակայությունից են ճամարտակում, «արդարադատություն» են պահանջում իրենց նման «հրեշտակների» նկատմամբ, ամենավերջին խուլիգանի պես վիրավորում են իրենցից գլուխներն ազատած եւ մարդավայել ապրելու փորձ անող քաղաքացիներին եւ ներբողներ հյուսում իրենց «եդեմական» իշխանավարության տարիների մասին, թող առաջ գա մի «մարդասեր» ու գեթ մեկ պատճառով հիմնավորի , թե ինչու պետք է ամեն օր սրանց աչքը չմտցնենք քսան տարի շարունակ իրենց սանձազերծած չարագործությունները։

Է՞լ ինչ կուզեիք։

Պիցա՞։

Դիմեք գլխավոր մեղադրյալի գրասենյակին։