20.10.2019 13:50

Անտվերպենում Վավրինկան ու Մարեյը կորոշեն չեմպիոնին

Անտվերպենում Վավրինկան ու Մարեյը կորոշեն չեմպիոնին

Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող ATP 250 շարքի մրցաշարի եզրափակչի մասնակիցները հայտնի են։ 

Մրցաշարի չեմպիոնի համար պայքարում միմյանց դեմ մրցելու են Մեծ Սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոններ շոտլանդացի Էնդի Մարեյը և շվեյցարացի Ստեն Վավրինկան։ Հանդիպումը կայանալու է կիրակի՝ Երևանի ժամանակով 18։00-ին։ 

Կիսաեզրափակչում Մարեյը երեք սեթում հաղթել է Ուգո Ումբերին 3-6, 7-5, 6-2 հաշվով։ Վավրինկան էլ երկու սեթում առավելության է հասել իտալացի Յանիկ Սինների նկատմամբ 6-3, 6-2 հաշվով։ 

Էնդի Մարեյը կարիերայի ընթացքում երկու անգամ չեմպիոն է հռչակվել Ուիմբլդոնում, մեկ անգամ էլ US Open-ում։ Վավրինկան մեկական հաղթանակներ ունի Ավտրալիայի բաց առաջնությունում, Ռոլան Գարոսում և US Open-ում։