21.10.2019 13:13

Ամենաերկարատև անվայրէջք թռիչքը քաղավիացիայի պատմության ընթացքում

Ամենաերկարատև անվայրէջք թռիչքը քաղավիացիայի պատմության ընթացքում

Ավստրալական Qantas ավիաընկերությունը իրականացրել է պատմության ընթացքում ամենաերկարատև թռիչքը Նյու Յորքից Սիդնեյ:

«Բոինգ-787-9» Dreamliner օդանավում եղել է 49 մարդ, այդ թվում՝ վեց օդաչու, վեց ուղեկցորդ, մի խումբ լրագրողներ և ավիաընկերության գլխավոր տնօրեն Ալան Ջոյսը: Թռիչքը տևել է 19 ժամ 16 րոպե, օդանավը կտրել-անցել է 16 200 կիլոմետր:

Չվերթն իրականացվել է հետազոտության շրջանակներում՝ ավելի շատ տվյալներ հավաքելու մարդու վրա երկարատև թռիչքների ազդեցության և jetlag-ի («դեսինխրոնիա»՝ ժամային գոտին փոխելու հետևանքով առաջացող համախտանիշ, երբ  մարդու կենսակերպը չի համապատասխանում իր կյանքի նախորդ ռիթմին) վերաբերյալ:

Ամբողջ թռիչքի ընթացքում հետազոտողների թիմը հետևել է օդաչուների ուղեղի ակտիվությանը, օդանավում լուսավորությանը, ուղևորների ֆիզիկական վարժություններին, քնին ու սնվելուն:

Ինքնաթիռը Սիդնեյում վայրէջք է կատարել կիրակի առավոտյան: Հրամանատար Շոն Գոլդինգը տեղեկացրել է, որ ուղիղ չվերթը երեք ժամ պակաս է տևել, քան նույն ուղղությամբ, սակայն Լոս-Անջելեսում վայրէջք անող չվերթը:

Փոխանցում է BBC-ն: