22.10.2019 14:50

Ճապոնիայի կայսրը պաշտոնապես գահ է բարձրացել

Ճապոնիայի կայսրը պաշտոնապես գահ է բարձրացել

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն երեքշաբթի պաշտոնապես հայտարարել է գահ բարձրանալու մասին՝ երկրի սահմանադրությանը և կայսերական տան օրենքներին համապատասխան: Նրա ուղերձը հնչել է գահակալության արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Տոկիոյում:

«Ես գահ եմ բարձրացել՝ սահմանադրության և կայսերական տան օրենքներին համապատասխան: Գահակալության արարողություն անցկացնելով՝ մենք հայտարարում ենք այդ մասին Ճապոնիային և ամբողջ աշխարհին: Երջանկություն մաղթելով ժողովրդին և ամբողջ աշխարհին՝ ես երդվում եմ ժողովրդի հետ միասին և սահմանադրության համաձայն՝ կատարել իմ պարտականությունները՝ որպես ճապոնական պետության և ժողովրդի միասնության խորհրդանիշ»,- ասել է միապետը:

Կայսրն ընդգծել է, որ իր հայրը՝ Ակիհիտոն, գահակալել է ավելի քան 30 տարի և ժողովրդի հետ կիսել է ուրախությունն ու վիշտը: «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Ճապոնիան, իր ժողովրդի իմաստնության և անդադար ջանքերի շնորհիվ, հետագայում ևս հաջողությունների կհասնի և իր ավանդը կունենա միջազգային հանրության մեջ բարեկամություն ու խաղաղություն հաստատելու գործում»:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շնորհավորել է Նարուհիտոյին գահակալության առթիվ:

Փոխանցում է tass.ru-ն: