22.10.2019 15:14

Մեղքը ստատուսների վրա գցողները

Մեղքը ստատուսների վրա գցողները

Մի ուշագրավ միտում է նկատվում՝ հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործերի համատեքստում: Հարյուրավոր քրեական գործեր կան հարուցված նախկին իշխանությունների գործունեության հետ կապված, որոնցից մի քանի տասնյակն այս կամ այն կերպ առնչվում է նրանցից հանրությանն առավել հայտնիներին կամ ավելի խոշոր տրամաչափի գործիչներին:

Եւ ահա, բոլորի պարագայում էլ նախկիններն ու նրանց հարակից շրջանակները միաբերան պնդում են, թե իրենց հանդեպ քաղաքական հետապնդում է իրականցվում: Ընդ որում, եթե ուշադիր հետեւենք, նրանք գրեթե չեն խոսում առաջադրված մեղադրանքների կամ հարուցված քրեական գործերի բովանդակությունից, չեն հայտարարում, թե այն, ինչ պնդում են իրավապահները, իրենք չեն արել, այլ արել են սա ու սա, նրանք ընդհանրապես, այդ դաշտից դուրս են եկել վաղուց: Փոխարենն իրենց տեքստերը լցնում են պաթոսախեղդ ճոռոմաբանությամբ, վերամբարձ տեքստեր են ասում հայրենասիրության մասին եւ հայտարարում, թե քաղհալածյալներ են կամ քաղբանտարկյալ:

Ընդհանրապես, քաղաքական դրդապատճառներով մեղադրանքն այն է, երբ անձն իրեն մեղսագրվող հանցանքը չի կատարել, ընդհանրապես օրենք չի խախտել, բայց տվյալ պահի իշխանությանը «վիզ պետք է» այդ մարդուն լռեցնել եւ փակել ճաղերի հետեւում, եւ նրա վրա գործ են կարում՝ կեղծ մեղադրանքներով, կեղծ ցուցմունքներով, կեղծ ապացույցներով:

Ասենք՝ այնպես, ինչպես կալանավորում էին նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանին:

Իսկ ի՞նչ են անում մերօրյա «քաղբանտարկյալները»: Հայտարարում են, թե իրենց քաղաքական գործունեության համար են հետապնդում: Ո՞ր քաղաքական գործունեության: Ֆեյսբուքում ստատուս գրելո՞ւ: Նույնիսկ մեդիադաշտի գերակշիռ մասին տիրապետելը եւ այդ մեդիայով սույն ստատուսները զօրուգիշեր շրջանառելը քաղաքական ազդեցություն չի ունենում: Հետեւաբար, մնում է միայն ենթադրել, որ այդ ստատուսները կանխամտածված ալիբի են. իմանալով, որ իրենց թողած հետագծում հակաիրավական կետեր կան, նրանք սկսում են որոշակի հայտարարություններ հնչեցնել՝ այն հույսով, որ երբ/եթե իրենց մեղադրանք առաջադրեն, մեղքը գցեն ստատուսների վրա: Բայց այդպես էլ չեն պատասխանում մի պարզ հարցի՝ ստատուսն ի՞նչ մեղք ունի նախկինում ձեր արած-չարածների հարցում:

Իսկ ընդհանրապես, այսօր քաղաքական հալածանքներից խոսողները իրականում բոլորից լավ գիտեն, որ իրենց հանդեպ, մեղմ ասած, շատ մեղմ են վարվում: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե իրենց հանդեպ կիրառեն նույն մեթոդները, ինչ մեթոդներ որ իրենք էին կիրառում իրենց քաղաքական հակառակորդների դեմ: Իրենք էլ լավ գիտեն, որ եթե իրենց դեմ իրենց իսկ կիրառած մեթոդներով «պայքարեն», իրենք իսկի ստատուս գրելու հնարավորություն չեն ունենա:

Հ.Գ. Ի դեպ, բոլոր բողոքողները գրում են, թե «կա մի սահման, որ չի կարելի անցնել»: Հետաքրքիր է՝ ի՞նչ սահման նկատի ունեն նրանք: Մեր իմացած սահմանը օրենքն է: Եթե օրենքը խախտում ես, պիտի պատժվես, եթե՝ ոչ, ուրեմն՝ ոչ: Ուրիշ ի՞նչ սահման կարող է լինել:

Պարգեւ Ապրեսյան