22.10.2019 16:19

Գագիկ Հարությունյանն ընդդեմ Ռ. Քոչարյանի. ՉԻ

Գագիկ Հարությունյանն ընդդեմ Ռ. Քոչարյանի. ՉԻ

Հաղորդում ծանրագույն պետական հանցագործության մասին

Սահմանադրական դատարանի նախկին և երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը, լրագրողի՝ ՍԴ-ի և նրա նախագահի շուրջ այս օրերին ծավալված իրադարձությունների մասին հարցին ի պատասխան, ասել է նաև հետևյալը.

«Դուք երիտասարդ եք և հավանաբար չեք հիշի, բայց շատերը կհիշեն 2003 թվականը, երբ մենք որոշում կայացրինք վստահության հանրաքվեի համար, ինչ վիճակում հայտնվեցի ես և իմ ընտանիքն ամիսներ, նույնիսկ՝ տարիներ շարունակ և առհասարակ՝ ամեն որոշումից հետո։ Այսօր շատերը մոռացել են ՍԴ-ի շուրջ 1500-ից ավելի որոշումները և հիշում են ընդամենը մի քանիսը՝ կապված ընտրությունների հետ, և ամեն մի որոշում, որ օրենքը ճանաչում էր հակասահմանադրական, հիշեք, թե հետո ինչ պրոցեսներ էին գնում» (aravot.am. 19.10.2019)։

Առաջին հայացքից սա քաղաքական գնահատական է թվում, որով Գ. Հարությունյանը հավասարության նշան է դնում Սահմանադրական դատարանի նկատմամբ Քոչարյանի և Փաշինյանի գործելակերպերի միջև։ Բայց միայն առաջին հայացքից։ Իրականում նա ծանրագույն պետական հանցագործության մեղադրանք է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին՝ վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի՝ 2003թ. որոշումից հետո Դատարանի, իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ գործադրված ճնշումների և ահաբեկումների առիթով։

Հիշեցնենք փոքր ինչ մանրամասն։ 2003թ. նախագահական ընտրություններում Ռ. Քոչարյանի հիմնական հակառակորդը Ստեփան Դեմիրճյանն էր։ Ընտրություններն անցել էին հայտնի սցենարով. կիրառվել էր ընտրակեղծիքների նույն մեխանիզմը, բռնությունների նույն մեթոդները, թվեր նկարելը և այլն։ Ս. Դեմիրճյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարանը չէր բավարարել Ս. Դեմիրճյանի հայցը, սակայն, թերևս, նկատի ունենալով մի կողմից՝ ընտրությունները անվավեր ճանաչելու համար որպես հիմք ներկայացված փաստաթղթերի ծանրակշիռ լինելու հանգամանքը, մյուս կողմից՝ բողոքող հանրությանը հանգստացնելու համար, ընդունել էր նաև հետևյալ որոշումը.

«6. Ելնելով այն իրողությունից, որ 2003 թ. մայիսի 25-ին նշանակված են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ և Սահմանադրության նոր խմբագրության ընդունման հանրաքվե, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած վճռական դեր ունի ժողովրդավարական ճանապարհով պետական իշխանության շարունակական զարգացումն ապահովելու գործում,

նկատի ունենալով, որ սահմանադրական լուծումների մակարդակով ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտների համար էական նշանակություն ունի ոչ միայն դրանց կազմավորման օրինականությունը, այլև այդ գործընթացի ու պետական իշխանության մարմնի նկատմամբ հասարակության շարունակական լայն վստահությունը,

կարևորելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի ամրապնդման և Սահմանադրության նախաբանում ամրագրված` քաղաքացիական համերաշխության հաստատման անհրաժեշտությունը,

փաստելով, որ սահմանադրական ժողովրդավարության դեռևս անկատար համակարգի ներկա պայմաններում պետության ճակատագրի համար վճռորոշ նշանակություն ունեցող ընտրական վեճն ունի նաև անվստահության և անհանդուրժողականության վրա խարսխված խոր հասարակական-քաղաքական ենթատեքստ,

մեծ կարևորություն տալով հանրաքվեների և ժողովրդական հարցումների դերին` որպես անմիջական ժողովրդավարության ու ժողովրդաիշխանության իրականացման, պետության համար հատուկ կարևորություն ունեցող հարցերի լուծման, հասարակական վստահության և ժողովրդական համաձայնության հաստատման առանձնահատուկ նշանակություն ունեցող ձև,

առաջարկել ՀՀ նորընտիր Ազգային ժողովին և ՀՀ Նախագահին` մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքներին համահունչ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 2-րդ` փոփոխման ոչ ենթակա, հոդվածի առաջին մասի պահանջներին և որպես նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը»:

Ինչպես հայտնի է, մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի սույն որոշումը չկատարվեց, և 2004թ. ապրիլի 12-ին, ընտրությունների ժամանակ կատարված ապօրինությունների հետ ոչ մի կերպ չհաշտված ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ պահանջելով վստահության հանրաքվեի անցկացում՝ ՍԴ-ի որոշման համաձայն։
Քոչարյանական վարչախումբը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բռնի ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների դեմ։ Բաղրամյան պողոտայում անզեն ու խաղաղ ցուցարարների վրա հարձակվեցին հատուկ միջոցներով զինված ոստիկաններ։ Տեղի ունեցավ դաժան ջարդ։ Բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև կանայք և տարեց մարդիկ, լրագրողներ ստացան մարմնական վնասվածքներ, շուրջ 200 հոգի ձերբակալվեցին ու դատապարտվեցին։ Հարձակման ենթարկվեցին ու տակնուվրա արվեցին ՀԺԿ և «Հանրապետություն» կուսակցությունների գրասենյակները։ 

Վերադառնանք Սահմանադրական դատարանի 2003թ. որոշմանը։ Դրանից Ռ. Քոչարյանը ժամանակին ոչ թե դժգոհ էր մնացել, այլ պարզապես փրփրել էր։ Անգամ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունն այդ է վկայում. 

«Նման առաջարկն առնվազն զարմանք է հարուցում և, բնականաբար, չի կարող իրավական որևէ ազդեցություն կամ հետևանք ունենալ։ Ռոբերտ Քոչարյանը վստահության քվե ստացել է ընտրությունների արդյունքում՝ հաղթելով 67,5% համոզիչ առավելությամբ և չի պատրաստվում հետևել որևէ առաջարկի»։

Նկատի ունենալով դրա պաշտոնական բնույթը և թե ում հասցեին է այն ուղղված (երկրի ղեկավարը՝ Սահմանադրական դատարանին) որպես այդպիսին, ահա, այն ոչ թե կոշտ էր, այլ փաստորեն անվայելուչ ու հայհոյական, ավելին՝ սպառնալից.

Այդ, մեղմ ասած, զայրույթը, շատ երկար ժամանակ չի լքել Քոչարյանին, այնքան, որ անգամ վերջերս հրապարակած իր գրքում նա այս որոշմանը իր վերաբերմունքը ձևակերպում է այսպես. «Դա ինձ ահավոր ջղայնացրեց»։

Բանավոր ճանապարհով այն ժամանակ տարածված «ասեկոսերից» (իրական լուրերից) հայտնի է նաև, թե ինչ բառերով էր Ռ. Քոչարյանը իր զայրույթը հայտնել անձամբ Գ. Հարությունյանին, ինչ վիճակի մեջ է դրել, այնքան, որ վերջինս հրապարակավ սկսեց արդարանալ, որ Սահմանադրական դատարանն ընդամենը առաջարկ է արել, խորհուրդ է տվել, որը «կարող է ընդունվել կամ ոչ»։

Եվ այնուամենայնիվ, այս ամենը շատ չնչին է այն խոստովանության համեմատ, որ արել է Գագիկ Հարությունյանը վերևում բերված իր խոսքում։ Խոսքը Սահմանադրական դատարանի ու նրա նախագահի նկատմամբ դաժան ճնշման մասին է։ Ընդ որում, այդ ճնշման տևականությունը («տարիներ շարունակ») ու նաև ՍԴ նախագահի ընտանիքի անդամների վրա տարածելը (ինչի մասին վկայում է Գ. Հարությունյանը) տվյալ դեպքում հիմք են տալիս խոսելու ոչ թե «ճնշման», այլ բացահայտ ահաբեկչության մասին. ահաբեկչություն՝ իրականացված երկրի նախագահի կողմից՝ դատական իշխանության ամենաբարձր ատյանի՝ Սահմանադրական դատարանի և նրա նախագահի անձի նկատմամբ։

Հետևաբար, Մարտի 1-ի ոճրագործությունից բացի, ՍԴ նախկին նախագահ Գ. Հարությունյանի այս հաղորդման հիման վրա Քոչարյանին մեղադրանք պետք է ներկայացվի ևս երկու դրվագով.

1.    2003 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի ու նրա ընտանիքի անդամների վրա ճնշումներ գործադրելու, նրանց ահաբեկելու, 

2.    2004 թվականի ապրիլի 12-ին վստահության հանրաքվե անցկացնելու պահանջով կազմակերպված ցույցը բռնությամբ ցրելու, կատարված բարբարոսությունների, հարյուրավոր ցուցարարների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու և ավելի քան 200 մարդու անհիմն բանտարկության ենթարկելու համար։  
Դատախազությունը և ՀՔԾ-ն իրավունք չունեն անտեսելու Գ. Հարությունյանի այս հաղորդումը և պարտավոր են շուտափույթ կերպով վկայի կարգավիճակով հարցաքննել Գագիկ Հարությունյանին։

 

«Չորրորդ Իշխանություն»