23.10.2019 14:14

Արսեն Գրիգորյան. Պատանդները

Արսեն Գրիգորյան. Պատանդները

Արդեն նույնիսկ ծիծաղելի է ասել, թե ինչեր են բացահայտվելու դեռ: Ծիծաղելի է նույնիսկ ենթադրել, թե ինչպես են այդ բացահայտումներին արձագանքնելու նախկինները:

Որեւէ մեկը կասկածո՞ւմ էր, որ Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ դարձնելու գործընթացն ապօրինություններով է ուղեկցվել: Իրենք հո գիտեի՞ն, Հրայրը հո գիտե՞ր: Նրանք ուղղակի չգիտեին, որ հեղափոխություն է լինելու: Առանց ապօրինության ինչ-որ բան  անելն էլ իմաստ չուներ: Ի՞նչ էր եղել, ո՞վ էր խանգարում նրանց: Ուղղակի անցյալ տարվա ապրիլի 23-ից այս հակասահմանադրական ամբողջ իդիլիան ավարտվեց:

Ո՞րն է նախկինների աղմուկի պատճառը, ի՞նչ են ուզում կանխել նրանք՝ սեփական շղթաների հետ «հարազատությունից» բացի: Պետք է հաշտվել եղածի հետ: Ո՞վ է քաղբանտարկյալ, ո՞վ քաղբանտարկյալ չէ՝ դեռ կերեւա, ո՞վ է խելքը հացի հետ կերել չեղած տեղից «քաղբանտարկյալ» ծնելու: Մեղադրանքը կոնկրետ չէ՞: Ավելի կոնկրետ չի լինում: Հասկանալի է, որ ձեր ընդհանուր մեղքի դաշնակիցն են Արսեն Բաբայանն ու Արա Բաբլոյանը, հասկանալի է, որ նրանց հետեւից էլի մարդիկ են ընկնելու հետաքննությունների տակ, հասկանալի է, որ նրանց պաշտպանելով՝ «քաղաքականությամբ» եք զբաղված, որպեսզի երբ վաղը ձեր հետեւից կգան, ինչ-որ «լուսապսակ» գոնե ձեր ճակատին կլինի:

Բայց, տղերք, արել եք ախր: Արել եք ու պատասխանատվության մասին չեք մտածել: Դա էլ եք լավ արել, էդքան ինքնավստահ եք եղել: Բայց ի՞նչ գործ ունեք նրանց հետ, ովքեր ձեզնից ուրիշ են ու չեն ուզում, որ նոր Հայաստանում անպատասխան հարցեր լինեն: Այս Հայաստանը պատմություն է կերտում եւ ուզում է, որ էդ պատմության մեջ մութ էջեր չմնան:

Մարդու իրավունքների մի պաշտպան էլ ասպարեզ եկավ հայտարարելու, որ Արսեն Բաբայանի հանդեպ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է: Ամենալավը, սակայն, այն է, որ նրանք գործող իրավապահ համակարգի տրամաբանությունը չեն հասկանում: Վատն, այնուամենայնիվ, այն է, որ սա ուժեղացնելու է աղմուկը հեղափոխության դեմ: Որովհետեւ չկա էն անցքը, որով կարող են մտնել հեղափոխության մեջ ու հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:

Ի՞նչ առաջարկես այդ մարդկանց՝ հանգիստ նստել տեղնե՞րը: Բա փողն ո՞վ աշխատի: Ու հենց դա է սարսափելի: Նրանք պետք է շարունակեն փող աշխատել, այսինքն՝ պետք է պատանդ մնան այն ապօրինություններին, որոնք Հայաստանը վերջին 20 տարում դարձրել էին օրինականության առումով «գաճաճ պետություն»: Նրանք գուցե ցանկանային հանգիստ նստել տեղները: Բայց դա չի ներվելու: Թեպետ, մյուս կողմից էլ, ախր, հերթն իրենց է հասնելու: Բոլոր առումներով են պատանդ այս մարդիկ՝ ե՛ւ որպես ապօրինություններն անձամբ գործած, ե՛ւ որպես ապօրինությունների հետ հաշտ համերաշխ աշխատած ու դրա համար վճարված: Եվ այս իրավիճակը նրանց ավելի ու ավելի է երկատելու: Ու սա իրենց ոչ մի լավ բան չի խոստանում: Մի օր կասեն, որ իրենք իրենց պահանջած պսեւդոարդարադատությանն այլեւս չեն դիմանում: