23.10.2019 15:16

Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են սիրիական սահմանի վերաբերյալ

Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են սիրիական սահմանի վերաբերյալ

Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները վեց ժամանոց բանակցություններ են անցկացրել Սոչիում:

Հանդիպման ընթացքում, որն արդեն դրա մասնակիցներն անվանել են պատմական, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանագիր են ստորագրել թուրք-սիրիական սահմանի երկայնքով «անվտանգության գոտու» համատեղ հսկողության վերաբերյալ, որն Անկարան ուզում է մաքրել այնտեղ գտնվող քրդական կազմավորումներից:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կողմերին հաջողվել է Սիրիայի իրավիճակի կապակցությամբ «բախտորոշ» որոշումներ կայացնել:

«Պարոն Էրդողանը մանրամասն պարզաբանեց թուրքական ռազմական գործողության նպատակներն ու խնդիրները Սիրիայի սահմանի երկայնքով»,- հայտարարել է Պուտինը բանակցությունների ավարտից հետո: Նա նշել է, որ գլխավորն այն է, որ Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերի գործողություններից չօգտվեն «Իսլամական պետության» գրոհայինները, որոնք Սիրիայի հյուսիս-արևելքում տարածքները վերահսկող քրդերի մոտ գերության մեջ են:

Բանակցությունների արդյունքում երկու երկրների ղեկավարները 10 կետանոց համատեղ հուշագիր են ստորագրել փոխըմբռնման վերաբերյալ: Մասնավորապես՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ից, Թուրքիայի ռազմական գործողությունների գոտուց դուրս, ռուսաստանյան ռազմական ոստիկանության և սիրիական պետծառայության ստորաբաժանումներ կմտցվեն; քրդերը լրացուցիչ 150 ժամ կստանան՝ Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու և դեպի երկրի խորքը հեռանալու համար; քրդական ուժերը սահմանից 30 կմ դուրս բերելուց հետո (30 կմ-անոց «անվտանգության գոտու» ստեղծումը թուրքական գործողության հիմնական նպատակն է) Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պարեկում կիրականացնեն՝թուրքական  գործողության շրջանից դեպի արևելք և արևմուտք10 կմ խորությամբ և այլն:

Փոխանցում է BBC-ն: