23.10.2019 17:48

Գերմանիա. Ծեծկռտուք քրդերի և թուրքերի միջև

Գերմանիա. Ծեծկռտուք քրդերի և թուրքերի միջև

Մոտավորապես 60 մարդ է մասնակցել ծեծկռտուքին, որը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի Հերն քաղաքում:

Մշակույթի տան մոտ միմյանց հետ բախվել են էթնիկ քրդերն ու թուրքերը: Ոստիկանությունը բաժանել է կռվողներին՝ գործի դնելով արցունքաբեր գազ:

Դա արդեն Հերնում երկրորդ միջադեպն էր՝ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության մեկնարկից հետո:

Գերմանիայի շատ քաղաքներում, այդ թվում՝ Դյուսելդորֆում, քրդերի հակաթուրքական ցույցեր են տեղի ունենում, և, որպես կանոն՝ դրանք անկարգություններով չեն ուղեկցվում:

«Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում քրդերը շատ հարազատներ ու բարեկամներ ունեն, դրա համար էլ այս շրջանը հիմնականն է Գերմանիա գաղթող քրդերի համար»,- պարզաբանել է Գերմանիայի քրդական համայնքի գլխավոր քարտուղար Ջահատ Բաշարը:

Թուրքական քրդերը սկսել են Գերմանիայում հաստատվել 1960 թ.՝ որպես աշխատանքային միգրանտներ: 21-րդ դարում նրանց սկսել են միանալ նաև իրաքցի և սիրիացի քրդերը, որոնք ստիպված են եղել լքել հայրենիքը զինված հակամարտությունների պատճառով:

Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները կարող են քրդերի նոր միգրացիայի ալիք բարձրացնել:

Փոխանցում է euronews-ը: