24.10.2019 16:18

Ադրբեջանում պաշտոնից ազատվել է Ռամիզ Մեհտիևը՝ «գորշ կարդինալն» ու «Ռուսաստանի մարդը»

Ադրբեջանում պաշտոնից ազատվել է  Ռամիզ Մեհտիևը՝ «գորշ կարդինալն» ու «Ռուսաստանի մարդը»

Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ պաշտոնից հեռացել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը, որն այն զբաղեցնում էր երկու տասնամյակից ավելի.  1995 թ. նա աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակվել էր երկրի այն ժամանակվա առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից:

Ադրբեջանում Մեհտիևին համարում էին իշխանության գաղափարախոսը և «գորշ կարդինալը»:

«Նա դեռ բրժնևյան ժամանակներում զբաղվում էր գաղափարախոսությամբ, մեր տեղական Սուսլովն էր, - նշում է քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը:- Մեհտիևը տեղական գորշ կարդինալն էր. երբեք առաջին դերերում չէր հայտնվում, սակայն շատ առանցքային հարցեր նրա մոտ էին լուծում ստանում: Այդպես էր թե՛ Հեյդար Ալիևի և թե՛ Իլհամ Ալիևի օրոք»:

Վերլուծաբանը չի բացառում, որ ազդեցիկ պաշտոնյայի հեռացումը նախօրոք էր ծրագրված, իսկ ընդդիմության հանրահավաքները, որոնք անցած հանգստյան օրերին տեղի էին ունենում Բաքվում և կոպտորեն ցրվել էին ոստիկանության կողմից, դարձել են դրա կատալիզատորը:

Մեհտիևին համարում էին «Ռուսաստանի մարդը»: Մի քանի ամիս առաջ Բաքու կատարած այցի ժամանակ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը հանդիպել էր ոչ թե իր ադրբեջանցի պաշտոնակցի, այլ հենց Մեհտիևի հետ: Եվ դա չէր վրիպել դիտորդների ուշադրությունից՝ որպես հաստատում այն կարծիքի, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը կապված է Մոսկվայի հետ  և վայելում է Կրեմլի պաշտպանությունը:

Փոխանցում է BBC-ն: