24.10.2019 16:46

Լիզա Ճաղարյան. Սարսափե՛ք. լիովին արդարացված սարսափ է

Լիզա Ճաղարյան. Սարսափե՛ք. լիովին արդարացված սարսափ է

Ոչ մի իշխանություն իր գլխից ձեռ չի քաշել, որ Հոկտեմբերի 27-ի գլխավոր վարձկանին ներում շնորհի։

Եվ եթե այս հարցը լրջորեն քննարկողներ կան, հիմիկվանից թող դիմեն հոգեբույժի։

Ուրեմն, ինչու՞ են այսպես իրար խառնվել գլխավոր ամբաստանյալի, այսպես կոչված՝ համակիրները։ Այն աստիճանի են խառնվել իրար, որ նույնիսկ չեն էլ փորձում սովորական դարձած լկտի հոխորտանքներով թաքցնել իրենց պատած սարսափը։

Եվ սարսափում են ահա թե ինչից։ Իսկ եթե գլխավոր վարձկանը որոշի խոսե՞լ։

Դե, իրենք էլ գիտեն, որ եթե խոսի՝ Քոչարյան Ռոբերտի հեղինակած «ուչաստկովիի» մակարդակի գործը փլվելու է ավազաբլրի նման։

Բայց մոռացկո՞տ են այս սարսափահարվածները, թե՞ այս պահին մոռացկոտ ձեւանալը միակ փրփուրն է, որից կարող են կախվել։

Եթե մոռացել են, չեմ զլանա՝ կհիշեցնեմ։

Գլխավոր վարձկանը վաղու՛ց է խոսել։ Քսան տարի առաջ։ Մանրամասն ցուցմունքներ է տվել, թե ովքեր են քաջալերել իրեն, որ «նարկոման ռոմանտիկների» իր ոհմակով ներխուժի Հայաստանի Ազգային ժողով։ Ովքեր են հավատացրել գլխավոր «ռոմանտիկին», որ իր դիվային ծրագրի ի կատար ածումից հետո հնարավորություն կտրվի նրան ուղիղ եթերով ազգին «ավետել» իր «քաջագործության» մասին։ Ովքեր են «Միասնություն» դաշինքի գլխատման դիմաց դրախտային կյանք խոստացել իր ազգափրկիչ «վարչապետական» ծրագրում «գետում լվացք անող կանանց» գնդակահարել պատրաստվող խելապակասին։

Բոլորիս աչքի առաջ է գլխավոր վարձկանը զանգահարել հատկապես նրանց, ովքեր կա՛մ սրան խոստումներ տվողներն ու քաջալերողներն են եղել, կամ առնվազն՝ վարձկանը վստահ է եղել, որ իր իրականացրած նախճիրը կերջանկացնի սրանց։

Բոլորիս աչքի առաջ է երկրի գլխավոր ղեկավարն առանձնացել գլխավոր վարձկանի հետ, եւ մինչ օրս Հայաստանի քաղաքացիները չգիտեն, թե ինչ են տվել-առել Հայաստանի նախագահի աթոռին բազմած, այդ շրջանում «անգլիական թագուհու» կարգավիճակում հայտնված Ռոբերտ Քոչարյանն ու նաիրիկը։ 

Բոլորիս աչքի առաջ են, Քոչարյանի ակնհայտ ճնշմամբ, արխիվում հայտնվել բոլոր  արժեքավոր ցուցմունքները, ազատ արձակվել բոլոր կասկածյալները, եւ «ուչաստկովիի» մակարդակի գործը վերջակետվել քոչարյանական «արդարադատության» մատի շարժումով։

Եվ դրանից հետո բոլորիս աչքի առաջ է «անգլիական թագուհին» վերածվել սանձարձակ միապետի։

Խանգարողները գնդակահարված էին, էլ խոչընդոտող չկար, եւ Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանի քաղաքացիները մի օր արթնացան մղձավանջային քնից ու տեսան՝ Բաղրամյան 26-ում մի հատ «միակ տղամարդ» կա։

Առայժմ այսքանը, պարոնայք եւ տիկնայք սարսափից կապտածներ։

Իրավունք ունեք սարսափելու ձեր ստնտուի համար։

Բայց կրկնեմ՝ գլխավոր վարձկանն այսօր կխոսի, թե չի խոսի, դրանից շատ բան չի փոխվելու, խոսել է վաղու՛ց։

Ընդամենը պետք է «ազատագրել» փոշոտված թղթապանակները, փոշին թափ տալ ու թերթել...

Որովհետեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարվել է աշխարհում նախադեպը չունեցող, երկրի առաջին դեմքերի մի զարհուրելի կոտորած, եւ ողջ դատավարության ընթացքում այդ ժամանակահատվածի իշխանությունն ամեն ինչ արել է, որ գործը «ուչաստկովիի» մակարդակի սահմաններից դուրս չգա։

Իշխանության գլխին էլ նստած էր մինչ Հոկտեմբերի 27-ը «անգլիական թագուհի» դարձած, իսկ Հոկտեմբերի 27-ից հետո «միակ տղամարդու» կերպարանք առած Քոչարյան Ռոբերտը։

Շարունակեք սարսափել։

Լիովին արդարացված է ձեր սարսափը։