24.10.2019 17:32

Եթե այսօրվա «ընդդիմադիրներն» իրենց օրոք ընդդիմադիր լինեին

Եթե այսօրվա «ընդդիմադիրներն» իրենց օրոք ընդդիմադիր լինեին

Նախկին իշխանության ներկայացուցիչներն այսօր այնպիսի հարցերի համատեքստում են հայտարարում, թե իշխանություններն «աննախադեպ» ճնշումներ են իրականացնում, ապօրինի քրեական գործեր են հարուցում, թալանում ու զավթում են ամեն ինչ, ատելության խոսք են տարածում եւ այլն, եւ այսպես շարունակ, որ նրանց օրոք Հայաստանում ապրած ցանկացած մեկը կարող է զարմանալ ու մեկ-մեկ էլ՝ կսմթել իրեն՝ պարզելու համար՝ հո երազ չի՞ տեսնում:

Որովհետեւ այն, ինչից իրենք «բողոքում» են, եթե տեղի ունենար իրենց օրոք, լիովին այլ՝ սարսափելի ընթացք կունենար:

Եթե Հրայր Թովմասյանը Քոչարյանի օրոք լիներ որոշում կայացնելիս նախկին որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի գործով, ապա նա կամ կմերժեր այդ բողոքը, կամ, առավելագույնը, կհայտարարեր, թե իրենց որոշումն ընդամենը խորհրդատվական բնույթի առաջարկ է, ենթակա չէ պարտադիր կատարման, եւ իշխանությունները այն կարող են ե՛ւ կատարել, ե՛ւ չկատարել: Ինչպես կկամենան: Ինչպես որ դա եղավ 2003-2004 թվականներին, երբ ՍԴ այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, թե վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՍԴ որոշումը ենթակա չէ պարտադիր կատարման եւ խորհրդատվական բնույթ ունի: (Ի դեպ, մի ուշագրավ նրբերանգ. Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նշյալ դիմումը կազմած իրավաբաններից մեկը հենց Հրայր Թովմասյանն էր):

Իսկ եթե նախկին իշխանությունները որոշեին, որ Թովմասյանը պետք է հրաժարական տա, ապա նա այդ հրաժարականը կներկայացներ ինքնակամ՝ առանց ԱԺ-ի կամ իշխանության այլ ներկայացուցիչների կողմից գործընթացներ ձեռնարկելու: Ուղղակի մի օր լուրերով կհաղորդեին, որ ՍԴ նախագահը որոշել է հրաժարականի դիմում ներկայացնել, եւ վերջ: Ինչպես որ դա եղավ 2018 թվականին, երբ Գագիկ Հարությունյանը հանկարծակի հրաժարական տվեց ՍԴ նախագահի պաշտոնից, թեեւ մի քանի օր անց իր պաշտոնավարման ժամանակն այսպես թե այնպես լրանալու էր:

Եթե ներկա իշխանություններն իրոք որոշեին, որ պետք է իրենցով անեն իշխանության բոլոր ճյուղերն ու սեփականացնեն քաղաքական դաշտը, ապա իշխող ուժի մամլո խոսնակը կհայտարարեր, որ «անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է ուզում զբաղեցնել, առանց Սայաթ Նովա 40/1  անցնելու ու առանց ՔՊ կարծիքը հաշվի առնելու, չի կարող հաջողություն ունենալ»: Ինչպես որ տարիներ առաջ հայտարարեց Էդուարդ Շարմազանովը, որ «անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է ուզում զբաղեցնել, առանց Մելիք-Ադամյան 2 անցնելու ու առանց ՀՀԿ կարծիքը հաշվի առնելու, չի կարող հաջողություն ունենալ»:

Եթե այսօրվա «ընդդիմությունը» գործեր, օրինակ, 2008 թվականին, ապա նրանք արդեն վաղուց «բիրիքով» կալանավորված կլինեին՝ մեկ ոստիկանի կամ երկու ոստիկանների հակասական ցուցմունքներով, իրավապահներն էլ չէին բարեհաճի նորմալ հիմնավորումներ ներկայացնել, փոխարենը իրենց արարքների վերաբերյալ ամեն օր մի նոր վարկածով հայտարարություն կանեին, հիվանդ կալանավորներին ոչ միայն հիվանդանոց չէին տեղափոխի, այլեւ կհրահանգեին անկետաներում գրել, որ բոլորն առողջ են, կասեին՝ «մեկ է՝ չի մեռնի»:

Այդ ընթացքում մի քանի հոգեբաններ էլ վաղուց եթերից եթեր գնացած կլինեին՝ հիմնավորելու համար, որ ցուցարաների մի մասը «նարկոման է», մյուս մասը՝ «բոմժ», մի քանիսն էլ «հոգեկան շեղումներ ունեն»:

ԶԼՄ-ների վրա ճնշումներից բողոքողների ժամանակ «ընդդիմությունը» տասնյակ հեռուստա-ռադիոալիքներ, կայքեր ու թերթեր չէր ունենա, «Ա1+»-ի նման կփակվեին եւ ապա եթերի համար մրցույթներում նրանք պարզապես էլ չէին հաղթի, դատարան էլ եթե դիմեին, կմերժեր իրենց հայցը, գովազդներ էլ չէին ունենա, որովհետեւ գովազդատուները արդեն կիմանային, որ «ընդդիմադիր» մամուլին չի կարելի գովազդ տալ, հարկային մարմիններն էլ կլինեին այդ խմբագրությունների մշտական այցելուները:

Եթե նախկինների ժամանակ ցուցարաներից ոմանք իրենց թույլ տային օգտագործել այն բառապաշարը, որը ամեն օր հրապարակ են նետում ներկայիս «ընդդիմադիրները», ապա նրանցից ոմանք մեկ էլ ու կլռեին, որովհետեւ իրենց դեմ կոմպրոմատներ կօգտագործեին, մյուսները կլռեին, որպեսզի իրենք կամ իրենց հարազատներն աշխատանքից կամ բիզնեսից չզրկվեին, կամ որ իրենց ու իրենց հարազատներին բան չպատահի: Եւ նրանց կեսը կամ կեսից ավելին պատահաբար կդառնային իշխանամետ, իսկ իշխանության գլխին եղած անձն էր կհայտարարեր, թե «մենք մեր հաճախորդներին լավ ենք ճանաչում»:  

Իսկ նրանց էլ, ովքեր եթերում պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում այս կամ այն պաշտոնյանին «ոչնչացնելու» մասին, հեռուստատեսային տաղավարի փոխարեն ԱԱԾ մեկուսարան կտանեին, որտեղ նրանց միջի էլեկտրիկները պատահաբար կհոսանքահարվեին:

Այս ամենը տեղի կունենար զուգահեռաբար, վախի իրական տոտալ մթնոլորտում, իսկ պետության ղեկավարն էլ կհայտարարեր, որ իրականում նման բան չկա, ու ծիծաղելով կասեր, «յա, իրո՞ք», ու կհավելեր՝ «վատ պարողին գիտեք՝ ինչն է խանգարում»:

Ու սա եթեր կհեռարձակվեր հանրային հեռուստաընկերությամբ՝ համեմված ընդդիմադիրների եւ նրանց հարազատների հասցեին գռեհիկ արտահայտություններով:

Այնպես որ, իրականում քոչարյանականների եւ հանրապետականների բախտը բերել է, որ իրենք «ընդդիմադիր» չեն իրենց նման իշխանության օրոք:

Քրիստինե Խանումյան